ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Որո՞նք են կրթության վերաբերյալ աշխարհիկ և քրիստոնեական տեսակետների հիմնական տարբերությունները:

Քրիստոնեական կրթության նպատակը տարբերվում է աշխարհիկ կրթության նպատակից: Քրիստոնեական աշխարհընկալման մեջ մարդն ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ: Եվ մարդու աստվածանմանության գիտակցման ու հաստատման ջանքը մարդու ձևավորման գործընթաց է, որով կրթությունն ու քրիստոնեական դաստիարակությունն իրականացվում են համատեղ:

Վերածննդի ժամանակաշրջանից, երբ մարդն սկսեց համարվել արժեք` մարդակենտրոնության ընդգծումով, կրթությունը նկատվեց սոսկ որպես ինքնազարգացման, մշակույթին հաղորդվելու, աշխարհայացք, արժեքներ ձևավորելու միջոց: Կարծիք կա, որ այդ մոտեցմամբ կրթությունն Աստծո պատկերով մարդու ձևավորման ու զարգացման միջոցից դարձավ գործիք՝ անձնավորության ներաշխարհում սեփական պատկերի ստեղծման, Աստծուց անկախ, աշխարհում ինքնուրույն մարդու կազմավորման:

Կրթությունը միայն գիտելիքներ փոխանցելու միջոց չէ, այլև հոգևորապես կայացման կարևոր պայմաններից մեկը: Այս իմաստով Եկեղեցու առաքելության մեջ կրթությունը քրիստոսակենտրոն է: Մինչդեռ աշխարհիկ կրթությունը հումանիստական կամ մարդակենտրոն է, ըստ որի` կրթությունը նպատակաուղղված է անձնական ներուժի զարգացմանը, տարբեր գիտելիքների տիրապետմանը, դրանք իրականության մեջ կիրառելու ունակության և հմտության հնարավորության հաստատմանը:

Թվարկվածից զատ Եկեղեցին կարևորում և առաջնային է համարում գիտելիքների մատուցումը երեխայի հոգևոր աշխարհի ձևավորմամբ, որը մաս չի կազմում կրթության վերաբերյալ աշխարհիկ տեսակետի:

image163Կրթության վերաբերյալ հոգևոր և աշխարհիկ տեսակետներում տարբերություններ են առաջ գալիս մի կողմից մարդու ձևավորման` որպես Աստծո պատկերով ստեղծվածի, արարչագործության պսակի ու մտավորի միջոցով նաև նրա հոգևոր ունակությունների զարգացման, մյուս կողմից` սոսկ տառաճանաչություն սովորեցնելու, գիտելիքներ տալով` քաղաքացի, մասնագետ պատրաստելու, կրթությամբ ստացված գիտելիքները պետության շահերին ծառայեցնելու նպատակով: Այս տարբերությունները, սակայն, համագործակցության եզրեր թողնո՞ւմ են կրթության ասպարեզում Եկեղեցու և պետության միջև:

Կրթության մասին աշխարհիկ ընկալումն ուղղված է դեպի ժամանակավորը, իսկ քրիստոնեականը ներառում է նաև հոգևոր ոլորտը և միտված է ժամանակավորից անդին` դեպի հավիտենությունը: Եկեղեցու համար կրթությունը զորացնում է մարդկանց ու աշխարհին բերվող ծառայության և դրանով իսկ աստվածանմանության մեջ` բարի կյանքով ու գործերով հավիտենական կյանքին արժանանալու համար:

Այսինքն` մինչ պետության համար կրթության նպատակը երկրային է և իրականացվում է վերջավոր ժամանակի մեջ, հոգևոր տեսակետով` կրթությունը պիտի նպաստի նաև մարդու հոգևոր զարգացմանը և նպատակաուղղված լինի դեպի հավիտենություն:

Պետությունը գիտակցում է, որ Եկեղեցու հոգևոր-բարոյական ուսուցումն ու հոգևոր նպատակները մեծապես նպաստավոր են պետության մեջ օրինահարգության, կարգավորության, հայրենասիրության, ազգասիրության համար: Հայաստանի Հանրապետությունը կրթության մասին օրենքով հայտարարել է, որ կրթության բովանդակությունը հասարակության հոգևոր, տնտեսական ու սոցիալական առաջընթացի հիմնական գործոններից մեկն է, և Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, ինչին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:

Ակնհայտ է, որ պետության կողմից կրթության թիրախներից թվարկվում է հոգևորը: Այս դեպքում էլ, սակայն, նպատակն աշխարհային է: Մինչդեռ քրիստոնեական տեսակետով կրթվելու, պետության օգտին հավատացյալի կողմից ծառայություններ մատուցելու վերջնական նպատակ է համարվում հոգևորը, Աստծո կամքի իրագործումը, հոգևոր և հավիտենական իրողությունների նկատառումը:

Թերևս Հայաստանի համար կարելի է ասել, որ այս տարբերությունները փոխլրացնող են, և Հայ Առաքելական Եկեղեցին սերտ համագործակցության մեջ է Կրթության և գիտության նախարարության հետ` նոր սերնդին կրթելու, գիտելիքներ մատուցելու, պատրաստելու պետության քաղաքացիներ և Եկեղեցու արժանավոր անդամներ, Քրիստոսի հավատարիմ հետևորդներ, Երկնքի արքայության ժառանգորդներ:

image164