ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հնուց ի վեր հայոց մեջ կարևորվել է կրթությունը: Մինչև 5-րդ դարում հայոց գրերերի գյուտը մեր նախնիներն օգտագործել են հունարեն, ասորերեն գրերը, ազնվականներն իրենց կրթությունն ստացել են նաև օտար երկրների նշանավոր ուսումնական հաստատություններում: Ինչպիսի՞ն է եղել կրթության դերն ու նշանակությունն անցյալում:

Կրթության և դրա նպատակի մասին պատկերացումները փոփոխվել են տարբեր ժամանակներում: Հնում` հատկապես նախքան քրիստոնեությունը, հասարակ ժողովուրդը կրթության մատչելի հնարավորություն չի ունեցել: Հիմնականում բարձր խավ համարվողներն են տառաճանաչ եղել, հաղորդվել տարբեր գիտություններին, սովորել մասնավոր ուսուցիչների մոտ կամ օտարերկրյա հայտնի ուսումնական հաստատություններում:

Կրթությունը համարվել է սովորելու ձև, որով մինչ այդ ժամանակն ամբարված գիտելիքները, հմտությունները, հավատալիքները, սովորույթները փոխանցվել են մի սերնդից մյուսը: Կրթվածությունը, սակայն, սոցիալական դիրքի, պաշտոնի ձեռքբերման համար երկրորդական է եղել, քանզի առաջնային էր համարվում ժառանգականության գործոնը, անձնական հմտությունը:

Թագավորների և նրանց տարբեր պաշտոնյաների տոհմերը հաճախ դարերով շարունակել են իրենց գործառույթները: Հասարակ ժողովրդի մոտ կրթությունը գրաճանաչության կամ գիտությունների հետ չի կապված եղել, այլ արհեստների, հմտությունների, բանավոր իմաստության փոխանցման:

Հին Կտակարանը բազմիցս գովերգում է իմաստությունը, խոսում դրա անհրաժեշտության մասին, ինչն ավելի շուտ հինկտակարանյան ժամանակաշրջանում հասկացվում էր Աստծո կամքի իմացություն և դրան համապատասխան վարմունք, իմաստուն, խելացի, աստվածահաճո վարքի դրսևորում կենցաղում, մարդկանց հետ հարաբերություններում:

image159Դարերի ընթացքում մարդկանց ընկալումները, հավատալիքները փոխվել են: Այդ իրողությանը զուգահեռ փոխվե՞լ է արդյոք կրթության մասին պատկերացումը:

Քրիստոնեության ընդունումից հետո կրթության վիճակը Հայաստանում զգալիորեն բարելավվեց: Եկեղեցիներին կից դպրոցներում, մեծ ուսուցչապետների կողմից հաստատված համալսարաններում հնարավորություն ստացան սովորելու նաև հասարակ ժողովրդի զավակները, ովքեր լրացնում էին հոգևորականության շարքերը, ըստ իրենց ընդունակությունների և հոգևոր փորձառության, զբաղեցնում տարբեր պատասխանատու պաշտոններ եկեղեցական անդաստանում:

Կրթությունը համարվեց միջոց կարող մարդկանց կրթելու, նրանց ունակություններ ու գիտելիքներ հաղորդելու` Եկեղեցուն ու ժողովրդին ծառայության մատուցման համար: Բացի դրանից, անուսումնությունը, տգիտությունը, հատկապես հայոց պատմիչ Եղիշեի ազդարարմամբ, համարվեց չարիքի կամ դրա տարածմանը նպաստող պատճառ.

«Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից։ Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգիտությունը զրկվում է կատարյալ կյանքից։ Լավ է աչքով կույր լինել, քան մտքով: Ինչպես որ հոգին մեծ է մարմնից, այնպես էլ մտքի տեսողությունը մեծ է մարմնի տեսողությունից։ Եթե մեկը շատ ճոխացած լինի աշխարհական մեծությամբ, իսկ մտքով ավելի աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից. ինչպես որ տեսնում էլ ենք ոչ միայն հասարակ մարդկանց մեջ, այլև նրա, որ ամենից մեծն է։

Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չանի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել։ Իսկ եթե մարմնավոր բաների վերաբերմամբ այսպես է, որքա՜ն ավելի ևս հոգևոր բաների վերաբերմամբ է։ Ամբողջ մարմնի կենդանությունը հոգին է, իսկ մարմինն ու հոգին կառավարողը միտքն է, և ինչպես որ մի մարդու, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաբերմամբ։ Թագավորը միայն իր համար չէ պատասխանատու, այլ նաև նրանց համար, որոնց կորստյան պատճառ է եղել»։

Տգիտությունն այստեղ նկատի է առնվում առաջին հերթին աստվածային կամքի իմացությունից զուրկ լինելու, ինչպես և իմաստության համաձայն` ճիշտ, հոգածու, արդար ձևով չապրելու, խելացիություն չդրսևորելու առումով: Տառաճանաչությունից, գրականության ընթերցումից, ճշգրիտ գիտությունների տիրապետումից առավել է համարվում նախ Աստծո կամքն իմանալը, քանզի մարմնավոր իրողությունների պարագայում, եթե կարևոր է գիտելիքը, ապա որքան առավել ևս համապատասխան իմացություն է անհրաժեշտ հոգևոր կյանքի համար:

Հայոց պատմիչը, տգիտության վնասակարությանը, մտքի զարգացման անհրաժեշտությանն անդրադառնալով, աշխարհական և հոգևոր իրողությունների շրջագծում շեշտում է հոգևորի առաջնայնությունը:

Մուսուլմանական երկրներում ևս համատարած կրթություն չի եղել: Կանանց համար հատկապես կրթությունը դժվար հասանելի իրողություններից էր: Ներկայումս մուսուլմանական առավել հետադիմական երկրներում հասարակական ու պետական կյանքում տղամարդկանց իշխանության և կանանց ստորադասության պայմանների ներքո կանանց ոչ միայն բարձրագույն, այլև տարրական կրթության հարցը բավականին լուրջ է: Կրթությանը խոչընդոտում է նաև որոշ մուսուլմանական պետություններում դեռ մանուկ հասակից աղջիկների` տարիքով մեծ տղամարդկանց հետ ամուսնացնելու սովորույթը:

Նոր ժամանակներում անձի կրթության իրավունքի գիտակցումով բավականին առաջխաղացում եղավ այս ասպարեզում: Կրթությունը հասանելի եղավ շատերին, մինչդեռ հնում կրթության հնարավորությունն ունեին «բարձր խավի» մարդիկ: 20-րդ դարում Խորհրդային Միությունը, չնայած իր աթեիստական և եկեղեցամարտ բնույթին, համատարած կրթությունը հասանելի և պարտադիր դարձրեց Միության կազմի մեջ մտած բոլոր երկրների բնակչության համար: Սակայն ոչ միայն հավատալիքների, այլև հասարակարգերի փոփոխություններով կրթության նպատակի այլ ընկալում ի հայտ եկավ:

Կրթությունն սկսեց համարվել ոչ միայն գրագիտության, գիտելիքների ստացման, միջանձնային հաղորդակցության ընդունակության զարգացման միջոց, այլև միտվեց դեպի գիտելիքի և հմտությունների ձեռքբերմանը` արժեք ստեղծելու, ապրուստի միջոց հայթայթելու, նյութական հարստություն ունենալու, անհատական ներուժը զարգացնելու համար:

Կարդալ նաև`