ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այսօր եկեղեցական ասպարեզում կուսակրոնությունը բարձրացնում է եկեղեցական նվիրապետության աստիճաններով, ճանապարհ է բացում դեպի Եկեղեցու վարչական լծակները կամ Եկեղեցու կառավարումը, այսինքն` Եկեղեցում վարչական լծակներ ունենալու համար պայման է դրվում առաջին հերթին կուսակրոնությունը: Անցումը Եկեղեցու կառավարման այսպիսի համակարգի նախապես հիմնված չէր ո՛չ Աստվածաշնչի, ո՛չ էլ եկեղեցական վաղ ավանդության վրա, եթե նկատի ունենք վաղ շրջանի Եկեղեցին մինչև 4-րդ դարը:

Անցումն այսպիսի համակարգի սահուն եղավ մեր Եկեղեցում 4-րդ դարում: Կարծիք կա, որ դա արվեց Եկեղեցու կալվածքները պահպանելու համար, որպեսզի ամուսնացյալների պարագայում նյութական կարողությունները, կալվածքները նրանց զավակներին իբրև ժառագություն տալիս չմասնատվեր Եկեղեցու ունեցվածքը: Սակայն մեր Հայրերը, իհարկե, առաջին հերթին կարևորել են ամբողջական նվիրումի, համապարփակ նվիրվածությամբ Աստծուն և Եկեղեցուն ծառայելու գաղափարը:

Եկեղեցական կառավարման այդ համակարգին անցումը շատ ցավոտ եղավ Կաթոլիկ Եկեղեցում 11-րդ դարում: Գրիգոր 7-րդ պապը, իր կրոնական և տնտեսական հայացքներից ելնելով, ճիշտ համարեց, որ բոլոր եկեղեցականները ոչ ամուսնացյալ հանգամանքով ծառայեն, նույնիսկ նրանք, ովքեր արդեն իսկ ամուսնացած էին: Եվ նա բռնի կերպով քահանաներին բաժանեց իրենց ընտանիքներից: Այդ քաղաքականությունը շարունակեց նաև Ուրբանոս 2-րդ պապը: Կարճ ժամանակ անց քահանաների կանայք և երեխաները մեռան սովի, աղքատության, համաճարակների մեջ դաժան պայմաններում` զրկվելով ընտանիքի խնամակալից: Ուրբանոս պապն անգամ քահանաների կանանց վաճառեց ստրկության, գումարը գնաց եկեղեցու գանձանակ, երեխաները փողոց նետվեցին կամ կրկին ստրկության վաճառվեցին:

Կուսակրոնության օգտին բերվող փաստարկներից է Պողոս առաքյալի այն խոսքը, թե ամուսնացածներն առաջին հերթին ձգտում են հաճելի լինել իրենց կանանց, ամուսիններին, իսկ կույսը հոգում է Տիրոջ գործերի մասին (Ա Կորնթ. 7.33-34): Բայց Պողոս առաքյալն այստեղ չի խոսում նախանձախնդիր կերպով հոգևոր ծառայություն մատուցող անձանց մասին, քանի որ նա նույնիսկ չէր էլ համարձակվի դա ասել Քրիստոսի առաքյալների վերաբերյալ, որոնց մեծ մասն ամուսնացած էր (Մատթ. 8.14-15, Մարկ. 1.29-31, Ղուկ. 4.38-40, Ա Կորնթ. 9.5):

Հովհաննու հայտնության մեջ ասվում է, որ կուսակրոն կյանքով ապրածները միշտ Քրիստոսի հետ են լինելու (Հայտն. 14.4): Բայց այդ խոսքերից դեռ շատ առաջ Քրիստոս իր առաքյալներին, որոնց մեծ մասն ամուսնացած էր, ավելի մեծ խոստում տվեց՝ ասելով, որ կնստեն Իր հետ Իր արքայության մեջ Իր սեղանից ուտելու, և նրանց նույնիսկ իշխանություն տվեց դատելու մյուսներին (Մատթ. 26.29, Ղուկ. 22.30): Պողոս առաքյալը վկայում է, որ Քրիստոսի առաքյալները նույնիսկ իրենց կանանց հետ էին շրջում (Ա Կորնթ. 9.5): Հետևաբար, աշխարհում քրիստոնեության տարածման գործն իրականացվել է ընտանեկան նվիրումով ու քարոզչությամբ, երբ առաքյալների ընտանիքների անդամները նրանց լծակից և օգնական են եղել: Ինչևէ, այժմ ունենք այն իրականությունը, որ կա, և գոհություն ենք հայտնում Աստծուն, որ մեր Եկեղեցում Աստված վեր է հանում արժանավոր կուսակրոններ հատկապես նաև երիտասարդ, նոր սերնդի մեջ, ովքեր ամբողջանվիրումի այդ գաղափարով պիտի ծառայեն Աստծուն և ժողովրդին:

Կաթոլիկ Եկեղեցու առնչությամբ պետք է նշել, որ Եկեղեցին ինքնին սրբարար է և կարող է սրբել, մաքրել անգամ սայթաքած, մեղք գործած հոգևորականներին, և այստեղ չպետք է նույնացնել Եկեղեցին և եկեղեցականներին: Մենք տեսնում ենք, որ Կաթոլիկ Եկեղեցին` իբրև Եկեղեցի իր բուն նշանակությամբ, տարածում է Քրիստոսի խոսքը, Ավետարանի լույսը, պայքարում է աշխարհում նաև արդիական խնդիրների դեմ, որոնց առչությամբ առաքելահաստատ Եկեղեցիների դիրքորոշումները համընկնում են: Այսինքն` Եկեղեցին առաքելություն է իրականացնում, որպեսզի մարդկությունն ապրի աստվածահաճո կյանքով, Քրիստոսի պատգամների համաձայն: