ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՆԵՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Երբեմն ավելի հեշտ է կողմնորոշվել ներել-չներելու հարցում, երբ սխալ գործողն անկեղծորեն զղջում է: Ինչպե՞ս վարվել հակառակ պատկերի դեպքում:

Քրիստոսի օրինակը մեզ ցուցում է տալիս: Քրիստոս ներեց ոչ միայն մեղավոր կնոջը, ով զղջալով իր մեղքերի համար նաև Տիրոջ ներումն էր խնդրում Նրա ոտքերի մոտ (Ղուկ. 7.44-48), ոչ միայն խաչված աջակողմյան ավազակին, ով իր մեղավոր լինելը գիտակցելով նաև Քրիստոսից ներում խնդրեց (Ղուկ. 23.40-43), այլև Փրկիչը ներեց Գեթսեմանիի պարտեզ Իրեն ձերբակալելու եկածներին, անգամ բուժեց իր դեմ ելնողի ականջը, որ կտրեց Պետրոս առաքյալը (Ղուկ. 22.50-51, Հովհ. 18.10):

Նա ներեց իրեն խաչողներին և այդ խաչելությունը սադրողներին (Ղուկ. 23.34), ովքեր ամենևին էլ չզղջացին իրենց դատապարտելի արարքի համար: Ուրեմն, ամեն պարագայում ներումը պետք է, որովհետև այսպիսի ներումն է հիմքը կյանքում խաղաղության, սիրո վերականգնման:

Այսպիսի ներումով են հաճախ նաև հաշտվում միմյանց դեմ մեղք գործած ծնողներն ու որդիները, կանայք և իրենց ամուսինները, ընկերներն ու հարևանները: Այսպիսի ներումը փակում է անվերջանալի թշնամության դուռը և հնարավորություն տալիս մեղսավոր մարդուն, ով տեսնում է անգամ առանց իր զղջալու ներման առկայությունը, անդրադառնալու իր սխալին և սրբագրելու մեղքերը:

Անկեղծ զղջացող մեծ հանցագործին հաճախ չի ներում հասարակությունը: Արդյո՞ք պատասխանատվության բեռն է ստիպում հասարակությանը մերժել ներելու հնարավորությունը:

Դաժան հանցագործություն կատարած անձին հասարակությունը դժվար է ներում, նույնիսկ երբ այդ հանցագործը զղջում է: Պատճառն այն է, որ նրա զղջումով չեն վերականգնվում այն վնասները, որ պատճառել է հանցագործ մարդը, կյանքի ետ չեն գալիս այն անձինք, որոնց մարդասպանն անգթորեն սպանել է: Եվ քանի որ հասարակությանը պատճառած վնասը մեծ է և չի վերականգնվում հանցագործի զղջման արարքով, ապա այդ հասարակությունը դժվարանում է ներել, քանզի գործված մեծ չարիքը զղջումով չի վերանում:

Այստեղ պետք է նշել Եկեղեցու և դատական համակարգի մոտեցումների տարբերությունները: Փարիսեցու և մաքսավորի մասին առակում (Ղուկ. 18.9-14) տեսնում ենք, որ իր մեղքերն ու հանցանքները խոստովանող մաքսավորը, ինչպես ասում է Քրիստոս, տաճարից արդարացած է դուրս գնում, իսկ մաքսավորը, ով հասարակության մեջ բարի գործերով, օրինապահությամբ ապրող մարդ էր, բացասական գնահատականի է արժանանում (Ղուկ. 18.14), քանի որ հպարտացավ իր ապրելակերպով և իրեն բարձր դասեց մեղավոր մաքսավորից:

Քրիստոնեության մեջ դատապարտելի է համարվում հպարտությունը` գոռոզության, բարձրամտության իմաստով, ինչպես նաև անձն ուրիշներից բարձր դասելը, ուրիշներին ստորակարգ համարելը: Այսպիսի վարմունքը եսակենտրոն և էգոիստական է, քանզի բացակայում են ճշմարիտ սերն ու գթասրտությունը:

Հանցագործին բացահայտելով` դատական համակարգը նրան դատապարտում է տարիների ազատազրկման: Եկեղեցում հանցագործը ներում է գտնում` նրա առջև բացվում է Աստծո անսահման սիրո, մեղավորների համար իր կյանքը տված Քրիստոսի պատկերը: Սակայն պետք է նշել, որ հանցագործների վրա (եկեղեցական լեզվով նրանք պարզապես կոչվում են մեղավորներ, մեղսագործներ) ապաշխարություն է դրվում երբեմն երկու տասնյակ տարիներից ավելի: Այդ ընթացքում նրանց արգելվում է առաջ գալ եկեղեցու գավթից` դռան մոտի տարածքից, քանի որ դա է ապաշխարողների տեղը, արգելվում է նաև մոտենալ Սուրբ Հաղորդությանը ապաշխարության բոլոր տարիների ընթացքում:

Հաղորդության մասին պետք է նշել, որ երբեմն ընդունելի չէ հաճախակի կամ ամեն կիրակի պատարագին Հաղորդություն ստանալը, որովհետև առաքյալն ասում է, որ Հաղորդությանն անարժանորեն մոտենալն օգուտի փոխարեն մեծամեծ վնասներ է պատճառում (Ա Կորնթ. 11.28-30): Հոգևորականը, ում մեղավորը մեղքերի խոստովանության ժամանակ հայտնել է իր հանցագործության մասին, ոստիկանություն չի հայտնում, այլ համապատասխան ապաշխարություն է նշանակում:

Հոգևորականը, ըստ հանգամանքների, կարող է նաև խորհուրդ տալ հանցագործին ինքնակամ հանձնվելու, ազատազրկմամբ մեղքը քավելու համար, սակայն երբեք չի հայտնում իրեն արված խոստովանությունը, ինչը խստիվ արգելվում է եկեղեցական կանոնով:

Ըստ Կանոնագրքի` մեղքերի խոստովանության գաղտնիքը հայտնած հոգևորականն անգամ հեռացվում է հոգևոր ծառայությունից, և նրա վրա է դրվում չապաշխարած բոլոր մարդկանց մեղքերը: Քրիստոնյա երկրների օրենքները հաշվի են նստում այս հանգամանքի հետ ու նաև համապատասխան օրենքով հոգևորականներն ազատվում են ցուցմունքներ տալու պարտականությունից: