ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Ընդունված է ասել, որ կյանքի իմաստի մասին անհատի պատկերացումը պայմանավորված է սոցիալական դիրքով, կենսակերպով, աշխարհայացքով, ինչպես նաև կոնկրետ պատմական ժամանակաշրջանով: Այս տեսանկյունից արդյո՞ք կարող է կյանքի իմաստը նույնը լինել բոլորի համար:

Նախ պետք է տեսնել, թե ընդհանրապես ինչ է նշանակում կյանքի իմաստ: Այս կապակցությունը կարող ենք նույնական համարել կյանքի նպատակ արտահայտության հետ, որով և կյանքի իմաստ նշանակում է կյանքում նպատակներ ունենալ, քանզի կյանքի անիմաստությունը նպատակների և դրանք ունենալու կամքի բացակայությունն է: Կյանքի իմաստի մասին հարցը նաև փիլիսոփայական հարց է: Ըստ Պլատոնի` կյանքի իմաստն իմացության բարձրագույն ձևին հասնելն է, որը իդեան է բարու մասին, որից բխում են բոլոր բարի և արդար բաները:

Մեկ մտքով կարող ենք ասել, որ ամեն մարդու համար իր կյանքի նպատակը երջանկությունն է, որն ամեն մարդ յուրովի է հասկանում: Ըստ Աստվածաշնչի արտահայտած գաղափարների` կյանքի նպատակն Աստծուն հաճոյանալու, Նրան փառավորելու և գոհացնելու մեջ է (Ա Մնաց. 16.9-10, Սաղմ. 85.12, Հռ. 11.36, Փիլիպ. 1.11, Բ Թեսաղ. 1.12, Ա Պետ. 4.11): Առաքյալն ասում է. «Արդ, ուտեք թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10.31): Սա կարող է անցանկալի թվալ մարդուն, քանզի մարդը կարծես նկատվում է խաղալիք` Աստծուն զվարճացնելու համար:

Սակայն Աստված մարդուն ստեղծեց իբրև սիրո արտահայտություն, այդ մեծագույն սիրով նաև եղավ մարդկության փրկությունը: Հետևաբար, խոսքն Աստծո և մարդու միջև փոխադարձ սիրո մասին է: Սա հասկանալի է հատկապես ծնողներ-երեխաներ փոխհարաբերության մեջ. ծնողներն ստեղծել են երեխային իբրև սիրո արտահայտություն և ցանկանում են զգալ նաև երեխաների սերը, ուրախանալ նրանցով: Կյանքի նպատակը կամ իմաստն այս կերպ կարելի է բացատրել` ըստ քրիստոնեության, սակայն այն չի կարող ընդհանուր լինել բոլորի համար այն պարզ պատճառով, որ ամեն մարդ չէ, որ ընտրում և ճշմարտացի է համարում քրիստոնեական տեսակետը:

Ճշմարիտ աստվածապաշտի համար կյանքը նաև Քրիստոսն է, որովհետև Նրանով արժանի դարձանք մարմնավորի և հոգևորի ներդաշնակությունը հաստատող ու զարդարող շնորհների և հավիտենական կյանքի: «Նա նույն ինքը կյանք էր, որ հայտնվեց» (Ա Հովհ. 1.2), «կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. 1.10): «Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը» (Ա Հովհ. 5.12), «և մենք Ճշմարտի` Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի մեջ ենք. որովհետև Նա՛ է ճշմարիտ Աստված և հավիտենական կյանք» (Ա Հովհ. 5.20):

Վերոնշյալ հարցին տրված պատասխանին ի հավելումն` կյանքի նպատակը Աստծուց երկյուղելն է և Նրա պատվիրանները պահելը, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը (Ժողովող 12.13)։ Այս ամենը պետք է հասկանանք մարդու և Աստծո միջև հարաբերություններում փոխադարձ սիրո արտահայտման իմաստով: