ԿՅԱՆՔԸ ՏԱԼ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ինչպե՞ս հասկանալ եղբայրների համար կյանքը տալու առաքելական խոսքը:

«Պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» (Ա Հովհ. 3.16), ասում է Հովհաննես առաքյալը: Սակայն այս խոսքը կարծես թե հակասության մեջ է Քրիստոսի ուսուցման հետ: Քրիստոս ասում է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ: Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22.37-39, Մարկ. 12.30-31, Ղուկ. 10.27):

Հետևաբար, սահման դրվեց կամ չափը ցույց տրվեց Աստծուն սիրելու և ընկերոջը սիրելու: Ընկերոջը չենք կարող սիրել ամբողջ մտքով, զորությամբ, որովհետև այդպիսի սերը վերապահված է Աստծուն, իսկ ընկերոջ հանդեպ սիրո սահմանն անձի` իր հանդեպ սիրո չափն է:

Եթե հակառակ կերպ ենք վարվում, մեկ ուրիշին սիրում ենք անձից ավելի` այն սիրով, որ վերապահված է Աստծուն, ուրեմն այդ մարդը մեզ համար վերածվում է Աստծո, և քրիստոնյաներից վերածվում ենք կռապաշտների, որովհետև աստվածացնում, կուռքի պաշտամունքի ենք հասցնում ինչ-որ մեկի հանդեպ սերը:

Կյանքը եղբոր համար տալու պատվիրանն առաքյալը բացատրում է քրիստոսանմանությամբ, ինչպես որ Քրիստոս իր կյանքը տվեց մեզ համար, այնպես և մենք, անհրաժեշտության դեպքում, պետք է մեր կյանքը տանք մեր սիրելիների համար: Այս սկզբունքն է գործում նաև պատերազմների ժամանակ, երբ քրիստոնյաները ելնում են պատերազմելու:

Այստեղ ևս վարվում են սիրո սկզբունքով, որովհետև քրիստոնյան ելնում է պատերազմի ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ հանուն ինչ-որ բանի, այսինքն` ինչ-որ վեհագույն բանի կամ մեկի հանդեպ սիրուց ելնում է պաշտպանելու այն, ինչ սիրում է: Այսպես է նաև Եկեղեցու կողմից բացատրվում քրիստոնյաների պատերազմելը, որն իրագործումն է Քրիստոս խոսքի, թե` «ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13):

Պողոս առաքյալը ևս Եփեսացիների թղթում` «Ընտանեկան նոր հարաբերություններ» ենթավերնագրի ներքո, քրիստոսանմանության օրինակով է բացատրում կյանքը մեկի համար տալու քրիստոնեական պատրաստակամությունը` խոսելով կնոջ և ամուսնու հարաբերությունների մասին:

Առաքյալն ասում է. «Ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում: Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց Եկեղեցին և Իր անձը մատնեց նրա համար» (5.24-25): Ուրեմն, այլ է սիրո չափը ընկերոջ հանդեպ և այլ է Աստծո հանդեպ, և ընկերների կամ սիրելիների համար կյանքը տալը ոչ թե սիրո չափի գերազանցումն է, ինչ-որ մեկի աստվածացումը, այլ քրիստոսանմանության դրսևորում: