ԿԻՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ

Ըստ կրոնական, քրիստոնեական տեսակետի` որո՞նք են կնոջ և տղամարդու դերակատարության տարբերությունները:

Աստվածաշնչում ասվում է, որ սկզբում ստեղծվեց տղամարդը, հետո` նրա կողից կինը` որպես տղամարդու օգնական (Ծննդ. 2.18): Սակայն Աստծո կողմից երկուսին էլ հավասարապես իշխանություն տրվեց իշխելու բնության, կենդանական աշխարհի վրա: «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»,- ասվում է առաջին մարդկանց (Ծննդ. 1.28):

Այս տիրելը, իշխելն առաջին հերթին չի նշանակում սպառելու, օգտագործելու վարմունք, այլ նախ և առաջ խնամքի, հոգածության ցուցաբերում: Աստվածաբանության մեջ աստվածաշնչյան այս համարն է նաև գործածվում` ցույց տալու համար Աստծո կողմից մարդու կարգվելը որպես արարչագործության տնտես: Աստվածաշնչում հենց այս իմաստով է գործածված իշխանություն հասկացությունը, և տղամարդու` կնոջ նկատմամբ գլխավոր լինելը հոգատարության, խնամքի իմաստով պետք է հասկանալ:

Երբ առաջին մարդիկ վտարվեցին դրախտից, Աստված դժվարություններ դրեց այն գործունեությունների մեջ, որոնք հատուկ էին տղամարդուն և կնոջը: Տղամարդուն ասվեց, որ քո երեսի քրտինքով պիտի ուտես քո հացը, իսկ կնոջը ցավ ու դժվարություններ տրվեցին որդեծնության մեջ (Ծննդ. 3.16, 19): Այս իրողությունը ցույց է տալիս, որ հատկապես տղամարդը պիտի զբաղվի ընտանիքի համար հաց հայթայթելով, այսինքն` ընտանիքի խնամքով ու հոգածությամբ, իսկ կնոջը հատուկ է որդեծնությունը, մայրական բնազդը, և դրանցով պայմանավորված` կանացի առանձնահատուկ գործը դաստիարակության ու կրթության կամ կանանց բնորոշ այլ գործունեության:

Սակայն եթե կինը, իր կոչումն արժևորելով, զբաղվում է նաև հասարակության մեջ օգտակար գործունեությամբ, ապա դա գովելի է համարվում Եկեղեցու կողմից: Խրիմյան Հայրիկը ընտանիքի մասին իր ստեղծագործության մեջ ընտանիքը նմանեցնում է մի թագավորության, որտեղ թագավորը ամուսինն է, թագուհին` կինը:

Ուրեմն, խտրականություն չենք դնում տղամարդու և կնոջ միջև ստորակայության կամ գերակայության իմաստով, այլ նշում ենք մարդկային կյանքում կնոջ ու տղամարդու դերակատարության տարբերությունը:

 

image129 Աստվածաշնչում կարծես թե կնոջ ստորակայությունը նշող խոսքեր կան. «Աղոթքի ժամանակ կինը պետք է գլխաշորով լինի, իսկ տղամարդը` գլխաբաց» (Ա Կորնթ. 11.47, 10, 13), «կինը հնազանդ պետք է լինի ամուսնուն» (Ծննդ. 3.16, Եփ. 5.22, 24): Արդյո՞ք Եկեղեցին ընդունում է, որ կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են բոլոր ոլորտներում:

Աստվածաշնչում ասվում է, որ կինն ստեղծվեց տղամարդու համար, և ոչ թե տղամարդն է ստեղծվել կնոջ համար (Ծննդ. 2.18, Ա Կորնթ. 11.8-9): Պողոս առաքյալը նշում է, որ մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը` մարդը, և երբ կինն աղոթքի կանգնի, պետք է գլխին քող դնի:

Տղամարդը գլխաբաց կարող է կանգնել, որովհետև, որպես խորհրդանիշ, մարդու իշխանությունը կնոջ հանդեպ արտացոլում է Աստծո իշխանությունն արարածների հանդեպ, իսկ կինը ներկայացնում է նաև իր գլուխը, որը տղամարդն է` մեղավոր արարած: Դրա համար էլ ծածկում է իր գլուխը Աստծո առջև գտնվելու, աղոթքի պահին: Այսինքն` խոսքն այստեղ խորհրդանշանների, համապատասխան իրողությունը խորհրդաբար ներկայացնելու մասին է:

Այդ իշխանությունը, ինչպես նշեցինք, հիմնականում ենթադրում է սեր ու հոգածություն ու ոչ թե տիրապետության, տիրոջ և ստրուկի հարաբերություն: Եվ քողը խորհրդանշում ու հիշեցնում է նաև Աստծո հոգածությունը արարածների հանդեպ և տղամարդու պարտավորությունը կնոջ հանդեպ` սիրո, հոգատարության, հավատարմության ցուցաբերումով: Ուրեմն, քողը, իբրև խորհրդանիշ, այս հիշեցումն է, և ոչ թե կնոջ ստորադասումը, քանզի քողի գործածության մասին պատվիրած առաքյալը նաև ասում է, որ Քրիստոսով այլևս խտրություն չկա կնոջ և տղամարդու միջև (Գաղ. 3.28):

Կնոջ և տղամարդու իրավունքներին անդրադառնալիս պետք է նշել, որ շփոթում կա այս առումով: Քրիստոնեությունը խոսում է կնոջ և տղամարդու դերակատարության տարբերության մասին, ինչը, սակայն, հաճախ ընկալվում է իրավունքների սահմանափակման առումով: Ե՛վ կինը, և՛ տղամարդն ունեն հավասար իրավունքներ բոլոր առաքինի գործերում, սակայն նրանց դերակատարությունը տարբեր է, քանզի կնոջը հատուկ գործառույթները տղամարդը չի կարող անել:

Հին Կտակարանի ժամանակներում կանանց իրավունքների սահմանափակում կար բազմակնության, հասարակության մեջ ընդունված կնոջ ստորակայության սովորությամբ: Սակայն քրիստոնեությունը բարձրացրեց կնոջ վարկն ու հեղինակությունը: Քրիստոս իր ծննդյամբ և Հարությամբ առաջինը պատվեց կանանց: Աստծո մարդեղացումը եղավ կնոջ միջոցով և Հարության ժամանակ Քրիստոս առաջինը երևաց կին էակին` Մարիամ Մագդաղենացուն (Մարկ. 16.9, Հովհ. 20.11-18): Աստվածածինը համարվեց քրիստոնեության ամենահեղինակավոր սուրբը:

Այսօր, սակայն, մեր իրականության մեջ ընտանիքներում իշխանությունը հաճախ հասկացվում է հեթանոսական և ոչ քրիստոնեական ընկալմամբ: Շատ ընտանիքներում տղամարդիկ բազմոցին բազմած իրենց զգում են պարսից շահի պես, և կինը նրա առջև պետք է մատուցողի, աղախնի, խոհարարի, ափսեներ լվացողի և հետո էլ իր հաճույքը բավարարողի դեր ստանձնի: Սա ճիշտ մոտեցում չէ, մանավանդ երբ կինը նույնպես աշխատում և կամ էլ տնային գործերով, երեխաների դաստիարակությամբ ծանրաբեռնված է:

Տղամարդկությունը կնոջը ծառայեցնելու մեջ չէ, այլ ընտանեկան իրավիճակում իրական տղամարդկությունը կնոջը հարգելն ու օգնելն է, խնամք ու սերը արտահայտելը, անգամ կենցաղային, տնային գործերում միասին լինելը: Պետք է հիշենք առաքյալի խոսքը, ով իմաստուն կերպով ասում է. «Բայց կինն առանց մարդու և մարդն առանց կնոջ չկան ի Տեր. որովհետև, ինչպես որ կինը մարդուց է, այնպես և մարդը` կնոջ միջոցով, և ամեն ինչ` Աստծուց» (Ա Կորնթ. 11.11-12):

Կարդալ նաև`