ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ցանկություններն իրականացման ճանապարհին վերածվում են ծրագրերի, որոնք անհրաժեշտ են մտավոր ոլորտում արարումը նյութական իրագործում դարձնելու համար: Ծրագիրը պարունակում է գործունեության ճանապարհը և մտադրված ձեռնարկման ամփոփումը: Եթե Ձեր ցանկությունները մնան միայն որպես երազանքներ և չվերածվեն նպատակների ու չծրագրվեն, դրանք դուրս չեն գա երազային վիճակից և իրական կյանքի արարչագործություններ չեն դառնա:

«Հավատքը առանց գործերի մեռած է» (Հակ. 2.17, 26) սուրբգրական ճշմարտությունն անխափան գործում է ցանկությունների հետ կապված բոլոր դեպքերում: Երբ ցանկությունը, լինի երազանքի կամ նպատակի ձևով, միավորվում է մտադրությանը, գործելու վճռականությանը, միայն այդ դեպքում է շարժվում դեպի իրականություն, կյանք ստանում: Ձեր ցանկությունները, ինչպես և բոլոր մարդկանցը, բաժանվում են նյութական և աննյութական իրողություններին ձգտումների: Աննյութական ձգտումները վերաբերում են երջանկություն, երանություն զգալուն, հավատքի տեսակետով՝ փրկության արժանանալուն, հանդերձյալ կյանքին, հոգևոր դրսևորումներին: Նյութական մղումներն առնչվում են մարդկանց հետ Ձեր հարաբերություններին, տարբեր առարկաների, իրերի, գույքի ձեռքբերմանը:

Սխալ է այն տեսակետը, թե նյութական և աննյութական ցանկությունները հակադիր են ու բացառում են միմյանց և քրիստոնեական ապրելակերպի դեպքում դրանք միասին լինել չեն կարող: Բնական է, որ նյութական և հոգևոր ձգտումները միասնաբար լինեն մարդու ներաշխարհում: Մարդն ապրելով ֆիզիկական աշխարհում չպետք է միայն վերնյութական բաների մասին մտածի կամ միայն աննյութական իրողություններին միտված ցանկություններ ունենա: Դա է մեզ ցույց տալիս տերունական «Հայր մեր» աղոթքը, որտեղ «մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր» խնդրանքը նյութական ձգտմանն է վերաբերում: Այս հանգամանքում, սակայն, սխալը գերադասելն է նյութական ձգտումները հավատքի բարձրագույն, աստվածահաճո մղումներից:

Ուրեմն, միանգամայն ընդունելի է, որ նյութականի հետ կապված ցանկություններ, ձգտումներ ունենանք: Եվ աղոթքի մեջ նույնպես կարող ենք արտահայտվել այդպիսի նպատակների մասին, եթե դրանք, իհարկե, աստվածահաճո են և հեռու են մեղքից: Մարդու հաջողության կամ հաջողակ մարդու վերաբերյալ հոգեբանության ուսուցման մեջ, որ հատկապես արևմտյան մոտեցումներից է, նպատակին հասնելու կարևորագույն միջոց է համարվում մտքում այդ նպատակը կամ ցանկությունն արդեն իրագործված տեսնելը, այն արդեն իսկ իրականացված պատկերելը մտավոր հայացքի առջև: Մարդկային կյանքում առանց մտքից սկզբնավորվելու չկա որևէ իրագործում:

Մեղքերի ներում հայցող աղոթքներում «մեղանչեցի մտքով, խոսքով և գործով» հայտարարումը ցույց է տալիս ոչ միայն մտքի, խոսքի կամ գործի մեջ առանձին մեղանչումները, այլև յուրաքանչյուր մեղքի կատարվելը մտքից, ներքին խոսքով դրան համաձայնելուց. այդ ամենից հետո է մեղքը գործ դառնում: Նմանապես բոլոր բարի իրագործումներն սկսվում են մտքից: Հաջողության վերաբերյալ ուսուցումները մեծ զորություն են վերագրում մտքին, որի ուժով նյութականանում են ցանկությունները: Այսպիսով, ցանկության արդեն իսկ կատարված պատկերումը, զգացմունքայնորեն դրա վերապրումը մտքի արարչագործող ուժով մտային ոլորտից իրականության են բերում ցանկության կատարումը:

Սակայն կարևորը նախ կենտրոնանալն է ոչ թե միջոցի, դրամի վրա, այլ՝ այն նպատակի, որի իրագործման համար հարկավոր է այդ միջոցը: Միջոցներն ընթացքում ի հայտ կգան: Եվ ամբողջական նպատակին կամ դրա կատարման համար տարբեր քայլերին է վերաբերում ծրագիրը: Ծրագիրը կարելի է բաժանել ենթածրագրերի և մտային պատկերում ամբողջական ծրագրից բացի տեսնել նաև դրա ենթակետերը, նպատակին հասնելու հաջորդական քայլերը՝ որպես արդեն իրականացված, որպեսզի իրողություններն ու հանգամանքները շարժվեն ու դասավորվեն այդ ենթածրագրերի, որով և` վերջնականապես ամբողջական նպատակի իրականություն դառնալու համար: Այս ամենով պետք է շարունակել իրականություն դարձած պատկերավորել վերջնական նպատակը:

Նույնն ենք անում նաև աղոթքի մեջ: Երբ մի բան ենք խնդրում, հոգևոր հայացքի առջև տեսնում ենք խնդրանքն արդեն իրականացված և աղոթում, որ այն կյանքում իրականություն դառնա: Այսպիսով, միտքը մեծ զորություն ունի ցանկություններն իրականության բերելու և կատարման հասցնելու: Նախքան ցանկության, նպատակի ծրագիր կազմելը պետք է հստակեցնել նպատակի ճիշտ կամ սխալ լինելը: Սխալ ընտրված նպատակը մեծ ջանքեր, հոգնություն, երբեմն նաև հուսահատություն է բերում դրա իրականացման ճանապարհին: Բայց հատուկ Ձեզ համար ճիշտ նպատակը և դեպի դրա կատարում ընթացքը միայն հաճույք, ուրախություն, հուսառատություն է պարգևում, և անգամ հանդիպող արգելքներն ու դժվարությունները հեշտ հաղթահարվում են ու չեն ոչնչացնում ուրախության, հաղթանակի զգացումը: Դա նման է այն իրողությանը, երբ դեպի Ձեր նպատակակետը գնում եք հիանալի ու գեղեցիկ պարտեզի միջով և ողջ ճանապարհն անցնելիս էլ հաճույք և ուրախություն եք զգում: Ուրեմն, խիզախեք, երազեք, նպատակադրվեք և Ձեր զորությամբ իրականություն դարձրեք Ձեր բոլոր բարի, լավ, նվիրական ցանկությունները: