ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ են ծուլությունն ու բարկությունը մեղք համարվում: Ինչի՞ հիման վրա են դրանք մահացու համարել:

Թվում է, թե ծուլությունն այնքան էլ ծանր մեղք չէ: Բայց այն աղոտացնում է մարդու մեջ աստվածային պատկերը: Աշխատանքը մարդու համար սահմանված պատիժ չէ, որ հաստատվեց դրախտից զրկվելիս: Դեռևս մինչ այդ մարդուն տրված է եղել աշխատանքը: Ծննդոց գրքի հենց սկզբում կարդում ենք, որ երբ Աստված ստեղծեց երկիրը, մարդ չկար, որ մշակեր այն (2.5): Սա ցույց է տալիս, որ աշխատանքը պետք է մարդու կյանքի մասը կազմեր:

Մեղսագործությունից և դրախտից զրկվելուց հետո ոչ թե աշխատանքը տրվեց որպես պատիժ, այլ այդ աշխատանքի պտուղները, արդյունքները ստանալը դժվարացավ, հողագործության պարագայում հողը կորցրեց իր առատ արգասավորությունը, և մարդը տքնաջան աշխատանքով պետք է հաց վաստակեր (Ծննդ. 3.17-19): Ուրեմն, աշխատանքը պատիժ չէ` տրված մարդուն, այլ հաստատված է եղել ի սկզբանե:

Մարդն ստեղծվեց Աստծո պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1.26-27): Աստված Արարիչ է, ստեղծագործող, գործող: Չնայած արարչագործությունը դադարեց աշխարհի արարման խորհրդանշական վեցերորդ օրը, և յոթներորդ օրն Աստված հանգստացավ (Ծննդ. 2.2), սակայն Քրիստոս ասում է. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է» (Հովհ. 5.17): Այս մշտատև գործելը ոչ թե նշանակում է արարչագործությունը շարունակելը բուն իմաստով, այլ աստվածային նախախնամությունը, որով Աստված խնամում է իր կողմից ստեղծված արարածներին, աշխարհը, տիեզերքը:

Քրիստոս պատվիրան տվեց. «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): Աստվածանմանության պատվերը նաև մշտապես գործելու, արարելու, ստեղծագործելու պատվեր է, որը խախտվում է ծուլությամբ: Առակաց գիրքը նկարագրում է ծույլին, որը մի քիչ քնով է ընկնում, մի քիչ նստում, մի քիչ ննջում, մի քիչ էլ ձեռքերը հանգչեցնում կրծքին:

Սուրբ Գիրքը ծույլին հանդիմանում է. «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո՛վ ծույլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից» (Առակ. 6.9-10): «Մրջյունի մո՛տ գնա, ով ծույլ, ասում է Սուրբ Գիրքը, և նախանձի՛ր նրա գործերին և իմաստո՛ւն եղիր նրանից ավելի: Կամ մեղվի մո՛տ գնա, տե՛ս, թե ինչպե՜ս գործունյա է նա և թե ինչպիսի ջանասիրությամբ է գործում» (Առակ. 6.6,8): Այսպիսով, ծուլությունը վնասակար մեղք է, աղավաղում է մարդու աստվածային պատկերը և դատապարտվում ըստ Սուրբ Գրքի:

Եկեղեցու պատմության, վարքագրությունների մեջ հաճախ ենք հանդիպում «Սուրբ», «Սուրբ Հայր» անվանումներին: Արդյո՞ք այս մարդիկ բացարձակապես անմեղ են, անմասն են եղել մահացու մեղքերից, թե՞ պարզապես ավելի քիչ են մեղք գործել, քան մյուսները:

«Սուրբ» կոչումը չի նշանակում, որ անձն ընդհանրապես մեղք չի գործել, այլ իր կյանքի ընթացքով հասել է սրբության, աստվածանմանության` այդ ճանապարհին նաև սայթաքումներ ունենալով: Եկեղեցու կողմից սուրբ հռչակված անձինք զերծ չեն եղել մեղքերից: Հինկտակարանյան հայտնի դեմքերից սրբերի շարքին են դասված Ադամը, Աբրահամը, Հակոբը, ովքեր հայտնի են նաև իրենց մեղքերով:

Ադամն Աստծո պատվիրանը խախտեց, իր սերունդներին` մարդկությանը զրկելով դրախտից (Ծննդ. 3.9-13, 23-24): Աբրահամը, վախենալով օտար երկրում իր կնոջ պատճառով հալածվելուց, խաբեց և իր կնոջը որպես իր քույր ներկայացրեց, ստիպեց նաև իր կողակցին այդ սուտը հաստատել (Ծննդ. 12.11-13): Հակոբը հոր օրհնությունն ստանալու համար խաբեց իր եղբորը և իր հորը` իրեն ներկայացնելով ավագ եղբոր տեղ (Ծննդ. 25.29-34, 27.15-29, 33, 36):

Նորկտակարանյան սրբերից Պետրոս առաքյալն ուրացավ Քրիստոսին (Մատթ. 26.69-75, Մարկ. 14.66-72, Ղուկ. 22.56-62, Հովհ. 18.17, 25-27): Պողոս առաքյալը հակառակություն ունեցավ Պետրոսի հետ` մեղադրելով նրան հեթանոսանման վարքի, մարդահաճության մեջ: Պետրոս առաքյալը, իրոք, այդպիսի վարմունք դրսևորեց, հրեա քրիստոնյաների կարծիքից վախենալով` իրեն հեռու պահեց հեթանոսությունից դարձած քրիստոնյաներից, որոնց հետ, մինչ հրեա քրիստոնյաների գալը, մոտ էր և նրանց հետ էր ճաշում (Գաղ. 2.11-14): Պողոսն ընդհարվեց Բառնաբաս առաքյալի հետ Մարկոսի պատճառով (Գործք 15.37-40):

Քրիստոնեական սկզբնական շրջանի սրբերը նույնպես զերծ չեն եղել սխալներից: Օրինակ` Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերաժողովի հայրերը, որոնց ընդունած որոշումները Սուրբ Եկեղեցու Հավատամքի հիմքն են կազմում, խիստ բացասական են ներկայացվում այդ ժողովը սկզբնապես գլխավորած, Կոստանդնուպոլսի փաստացի պատրիարք Սուրբ Գրիգոր Աստվածաբանի կողմից: Սուրբ Գրիգորը, ով հայտնի է նաև Սուրբ Գրիգոր Նազիանզացի անունով (ծնվել է Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտակայքում) թողել է գրական հարուստ ժառանգություն, որոնց մեջ կարևոր տեղ են գրավում նրա բանաստեղծությունները:

Բանաստեղծություններից մեկն այս ժողովի և նրա մասնակիցների մասին է: Իր ստեղծագործության մեջ Սուրբ Գրիգորը ժողովի մասնակիցներին անվանում է վայրի խոզեր, ովքեր հարձակվում են միմյանց վրա: Ժողովն իրոք բուռն ընթացք է ունեցել, եղել են վիճաբանություններ, անհամաձայնություններ տարբեր ներեկեղեցական հարցերի շուրջ: Սա ցույց է տալիս, որ սրբերը նույնպես ունեցել են թերություններ, սակայն նրանց սխալը կամ մեղքը չէ, որ բացահայտում է նրանց էությունը և որակում նրանց:

Մարդուն պետք է դիտել և որակել ոչ թե նրա մի սխալ արարքով, այլ նրա ողջ գործունեությամբ ու կյանքով: Սրբերի կյանքն ամբողջության մեջ ներկայացնում է նրանց մեծ սերն Աստծո հանդեպ ու նախանձախնդրությունը Եկեղեցու պայծառության նկատմամբ, և նրաց բնութագիրը հաստատվում է նրանց ամբողջական առաքելության ու ողջ կյանքի դիտարկումով:

Այսօր կուսակրոն հոգևորականները կրում են «Հայր Սուրբ» պատվանունը: Այդ անունը նրանց սրբության վավերականությունը կամ հաստատումը չէ: Պետք չէ այնպես կարծել, թե երբ երիտասարդը եկեղեցում ստանձնում է կուսակրոն քահանա լինելու ծառայությունը, անմիջապես լուսապսակ է հայտնվում նրա գլխավերևում: Եկեղեցին հավատացյալների ընտանիքն է, և այդ ընտանիքում հավատացյալների կարիքներին սպասավորելու, նրանց ծառայելու համար կարգված են հոգևորականները, այսինքն` նրանք հայրական խնամք և հոգատարություն մատուցելու պարտավորությունն ունեն:

«Սուրբ» պատվանունը ցույց է տալիս նաև կուսակրոն հոգևորականների կոչումը, թե ինչպիսին պետք է լինեն և օրինակ ծառայեն, այսինքն` միշտ պետք է ձգտեն սրբության, ապրեն սուրբ կենցաղավարությամբ: Երբ կուսակրոն հոգևորականներին` աբեղաներին, վարդապետներին, դիմում ենք «Հայր Սուրբ» պատվանունով, այդ դիմելաձևով նրանց ստանձած պարտավորության և կենսակերպի հաստատումն ենք բարձրաձայնում: