ԾԵՐԱՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

ԱՆԴՐԵՅ ՊԼԵՇՈՒ (ռումինացի գրող, արվեստի պատմաբան և փիլիսոփա)

Sexagenarios de ponte! (Վաթսունամյաներին կամրջի վրայից),- սա Հռոմում սովորական խոսք էր: Ծերության խնդրի համար ժամանակի հիմնական վերաբերմունքից թելադրված արմատական մեկ «լուծում» կար, որը քրիստոնեության տարածումից հետո ենթադրվում էր, որ պետք է այլևս գոյություն չունենար: Այժմ իրական անհանգստությամբ անդրադառնում ենք, թե որքան երկար է այն գոյատևել եվրոպական մտածողության մեջ: Այսպիսով, օրինակի համար, անցյալ դարի վաթսունական թվականներին մայրցամաքի մեծ մայրաքաղաքների երիտասարդության` խնդրի վերաբերյալ բանավեճի գլխավոր հերոսների միջև մոլեգնում էր մեկ այլ սովորական դարձած խոսք. «Մի՛ վստահեք նրան, ով երեսուն տարեկանից անց է»: Չնայած քրիստոնեության երկու հազար տարիներին, ծերության մասին ժխտական պատկերացումը, այսպիսով, դեռևս շրջանառության մեջ է:

Ճիշտն ասած, առաջացած  տարիքի առնչությամբ քրիստոնեական ջատագովությունը կարող է ունենալ քիչ քաջալերող սուրբգրային հիմք: Քրիստոս մեզ սովորեցրեց էական բաները` ինչպես աղոթել, ինչպես գործել, ինչպես սիրել մերձավորին, ինչպես չարչարվել և ինչպես մեռնել: Բայց Նա չհասավ ծերության, որպեսզի կարողանար օրինակ հանդիսանալ: Նրա կյանքն ավարտվեց երեսուներեք տարեկանում, և տասներկու առաքյալները տասնութից (Հովհաննեսը) մինչև երեսուներկու (Պետրոսը) տարեկան էին, երբ Տերը նրանցից հեռացավ: Հին Ուխտի «գերոնտոկրատիայի» հանդեպ հարգանքով` Նոր Կտակարանի «անդաստանում» զգացվում է զորեղ ազդակ, մի տեսակ երիտասարդական թարմություն: Մյուս կողմից ավետարանական ենթատեքստում իդեալական տարիքը, հոգևոր փառաբանման տարիքը ծերությունը չէ, որ ներկայացնում է: Լիությունը, հավատքը և հասուն իմացությունը հատուկ են չափահաս տարիքին, որին հասավ Հիսուս, լիության տարիքը, որ չափվում է Քրիստոսի չափանիշով (Եփ. 4.13-ում խոսվում է «կատարյալ մարդու» մասին տարիների ծաղկման մեջ, որը հասել է «Քրիստոսի հասակի չափին»):

Չորս Ավետարաններում քսանհինգ անգամ կրկնվում է երեց presbýteros բառը , և մեծ մասամբ նկատի չի առնվում տարիքը, այլ հանրային գործառույթը: Բանավեճի այլ նյութի համար խոսքը վերաբերում է Քրիստոսին առնչվող իրադարձություններում երեցների ունեցած դերին, ովքեր մաս էին կազմում հուդայական համայնքի ղեկավարող խմբի, սինեդրիոնի անդամներ էին (տե՛ս Մարկ. 8.31) և ըստ հանգամանքի` պատասխանատուներն էին Հիսուսին մեղադրելու և դատապարտելու գործում: Մատթեոսի Ավետարանում ի հայտ են գալիս որպես եբրայական ավանդության հեղինակավոր ներկայացուցիչներ (Մատթ. 15.2, «մարդկանց ավանդությունները» Մարկ. 7.8), որոնք ուշադրություն չեն դարձնում Աստծո պատվիրանին:

Չեզոք իմաստով խոսքը ներկա է միայն Ղուկասի Ավետարանում, հինգ անգամից երկուսում, որոնցում հիշվում են Հիսուսի մոտ ուղարկված որոշ «հրեա տարեցներ»` «Նրան խնդրելու գալու և բժշկելու հարյուրապետի ծառային» (Ղուկ. 7.3): Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխի երկու որդիների մասին առակում տրամադրվում են տվյալներ այն եղբոր տարիքի մասին, ով մնաց տանը` «ավագը» (տե՛ս Ղուկ. 15.25): Վերջապես, միայն մեկ անգամ է հիշվում Հովհաննու Ավետարանում presbýteros բառը` եզակի երկիմաստությամբ, ցույց տալով մարդկանց, որոնք առաջնորդում են Հիսուսի մոտ անառակ կնոջը, որոնց Հիսուս ասում է. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա»: Այս խոսքից հետո հավաքվածները հեռանում են մեկ առ մեկ` «սկսած տարիքավորներից» (Հովհ. 8.7, 9), ինչը ցույց է տալիս նրանց, ովքեր ավելի են ծանրաբեռնված մեղքերի բեռով, և նրանց, ովքեր դրսևորում են ավելի մեծ զղջում:

Գործք առաքելոցում, Հայտնության մեջ, Պողոսի թղթերում և Ընդհանրական թղթերում բառն առկա է ժխտական նշանակությամբ, ինչպես որ կա նաև համատես Ավետարաններում: Հաճախ presbýteros բառը գործածված է մեկ այլ նշանակությամբ ևս` ցույց է տալիս նոր համայնքի «քահանային»: Շեշտը կրկին ընկնում է գործառույթի և ոչ տարիքի վրա, նաև երբեմն կարող է գործածված լինել միաժամանակ երկու ընկալումներով, ինչպես, օրինակ, Հովհաննեսի մոտ ներկայացվում է երկու անգամ որպես «երեց» (Բ Հովհ. 1.1, Գ Հովհ. 1.1) : Գործառույթը և տարիքը միասին կազմում են հեղինակության հիմքը, ինչպես Պետրոսի մոտ. «Հնազանդ եղեք ծերերին» (Ա Պետ. 5.5): Հեղինակությունն առաջացած տարիքը դարձնում է ավելի ընտրյալ օրինակ` բերելու վստահելի պատգամներ (Ղուկ. 14.32, 19.14): Առաքյալները Քրիստոսի դեսպաններն են, հայտարարում են Հարության բարի ավետիսը:

«Պատգամավոր կապանքների մեջ» (Եփ. 6.20),- ասում է Պողոսն իր մասին. բանտի «կապանքների` շղթաների» մեջ, բայց նաև, հավանաբար, իր ծերության կապանքների մեջ: Տարիներով հարուստները նաև նրանք են, ովքեր գործունեություն են ծավալում, որը նրանցից պահանջում է նաև հոգևոր կատարելության անդադար ջանք: Չնայած ուսուցանողերը միշտ պետք է յուրացնեն նաև այլ ուսուցում («Երբեք շատ ծեր չեն լինում անհրաժեշտը սովորելու համար»,- ասում էր Օգոստինոսը): Սրա համար Պողոսը կարծում է, որ խորհուրդներ ունի տալու ոչ միայն երիտասարդներին, այլև տարեցներին. «Ծերերը լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ` հավատի, սիրո, համբերության, ժուժկալության մեջ: Պառավ կայանք նույնպես լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ` բարեխրատ» (Տիտ. 2.2-3):

Այսպիսով, երկու դերեր են ուրվագծվում երեցների համար նորկտակարանյան համատեքստում. առաջնորդող և դրանում ենթադրվող միջնորդը: Ծերությունը պատվված չէ ինչպես հարկն է, որպեսզի եթե այն հասնի, պատարաստ գտնի այս երկու գործառույթներն ստանձնելու: Հետևաբար, այն կլինի կուտակված հույսի, խելացի խորհրդատուի, քաղցրությամբ լի ուսուցչի և շրջահայաց միջնորդի առաքինության մեջ, միջնորդ այս աշխարհի և հանդերձյալ կյանքի միջև, այն բաների միջև, որոնց հանդեպ վստահություն ունի և այն իրողությանց միջև, որ հասնում է խորհրդավորության, այսինքն` կյանքի և մահվան միջև, մահվան և հարության միջև: Սակայն սուրբգրական տեքստերն ավելացնում են ծերության մեկ այլ չափում, որը նրան երաշխավորում է լինելու Աստծո հետ հաղորդակցության մեջ, դա ստեղծարարությունն է, արդյունավորությունը:

Աբրամ և Սարա զույգի  նմանողությամբ տարեց երկու այլ զույգեր նախախնամության օգնությամբ կարողանում են զավակներ ունենալ, մինչ կենսաբանության օրենքները դա անհնար կհամարեին: Զաքարիան և Եղիսաբեթը ծնեցին Հովհաննես Մկրտչին, Հովակիմը և Աննան ծնեցին կույս Մարիամին: Այս իրադարձությունները ցույց են տալիս ծերություն, որը չի զետեղվում ընդունված սահմանման մեջ: Հրաշքն այսպիսով հնարավոր է դառնում, տարեցները, ովքեր սերնդագործում են, գտնվում են Արարչի հետ անմիջական մերձավորության հանգամանքի մեջ, արարիչներ են իրենց հերթին, մարդկային էակներ` ընդունակ կյանք տալու: Նրանք ընտրված են Բարձրյալ Հոր կողմից` արտահայտելու երկրային չափանիշով այն պատկերը, որը կազմում է հայրությունը:

Ինչպես երևում է Նոր Կտակարանում, ծերությունը, այսպիսով, կարող է ունենալ ժխտական իմաստ և ցույց տալ հեղինակություն, որը հակառակ է Քրիստոսի նորույթ-պատգամին, մարմնավորում է մի ավանդություն` անընդունակ դինամիզմի և փակուղային իրավիճակում գտնվող: Բայց ծերությունը կարող է ունենալ նաև դրական իմաստ այն առաքելության մեջ, որը նրա համար ճանաչված է որպես օրինական, լի իր գործառույթների, իր ուսուցման նախանձախնդրությամբ:

Եվրոպական մշակույթին հատուկ է այս հասկացության կրնակի ընդունումը` ծերությանը երկու տիպի մոտեցմամբ: Մեկը դրամատիկ է, մռայլ, մազոխիզմի ակնարկով, անկարողության, ցավի ու մահվան անխուսափելի դատապարտման տպավորությամբ. ծերությունն ըստ ինքյան ցավալի վերջ է, զարգացող վատթարացմամբ, որի ավարտը խամրումն է անհայտության մեջ: Ծերությանը մեկ այլ մոտեցումը որոշ չափով վերաբերում է խանդավառությանը, ծերությունը ներկայացնում է մի անհաղթահարելի հմայքով, օժտված կատարյալ իմաստությամբ, հեղինակությամբ և առաքինությամբ, որպես առիթ վերականգնելու կյանքի առավել մաքուր ձևը, ազատ` մարմնի միջամտությունից, որը լիությամբ վայելում է իմաստության օգուտները: Յուրաքանչյուր բնական «կորուստ» ըստ տարիքի փոխհատուցվում է որոշ շահեկան «առավելությամբ»: Իբրև եզրակացություն` ծերությունն ի հայտ է գալիս որպես վաստակյալ հանգստություն, առիթ վերստին շարժվելու դեպի մեկ «այլ» հորիզոն` տարբեր այս երկրային աշխարհի դետերմինիզմներից: