ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ

Քրիստոսի Հարությանի տոնին` Սուրբ Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Համապատասխանաբար շաբաթվա օրերն էլ հիշատակվում են «ավագ» անունով:

Ավագ երկուշաբթի օրը չորացած թզենու հիշատակն է։ Քրիստոս բոլորին բուժում էր և կյանք էր պարգևում, սակայն Նա միայն մեկ անգամ բացասական իմաստով գործածեց Իր զորությունը և չորացրեց թզենին (Մատթ. 21.19, Մարկ. 11.12-14, 20-22)։ Ցույց տալու համար, որ Իր խոսքը կենդանարար է, Ինքն է կենդանացնում, բայց նաև դատում, Քրիստոս չորացրեց կանաչ թզենին և բուժեց չորացած ձեռքը։ Քանի որ մոտենում էին Իր չարչարանքները, Քրիստոս թզենին չորացրեց, որպեսզի առաքյալները չմտածեին, թե ուժերի թուլության պատճառով չարչարանքների մատնվեց։ Քրիստոս թզենին չորացրեց նաև ցույց տալու համար, որ Իր գալստյամբ այլևս պետք չեն թզենու տերևները, որոնցով Ադամը ծածկում էր իր մերկությունը (Ծննդ. 3.7), և որոնք ծառայում էին իբրև ամոթի և խայտառակության ծածկոց։

Քրիստոս Երկնքի արքայությունը նմանեցրեց կույսերի։ Ավագ երեքշաբթի օրը` երեկոյան  ժամերգության ընթացքում եկեղեցում ընթերցվում է տասը կույսերի առակը (Մատթ. 25.1-13)։ Այդ ժամանակ կույսերին խորհրդանշող տասը դպիրներ դուրս են գալիս եկեղեցու ատյան` վառվող մոմերով։ Կույսերի մասին ավետարանական առակում հինգ կույսերը կոչվում են իմաստուններ, հինգը` հիմարներ (Մատթ. 25.2): Հիմարները մերժվում են Քրիստոսի կողմից և չեն կարողանում մտնել Երկնքի արքայություն (Մատթ. 25.10-12): Եվ երբ  ընթերցվում է այս հատվածը, հիմար կույսերին խորհդանշողների մոմերը հանգցնում են։ Ո՞րն էր Քրիստոսի մերժման պատճառը. չէ՞ որ բոլորն էլ կույսեր էին, բոլորն էլ ճգնությամբ պահել էին քրիստոնեության մեջ ամենամեծը համարվող առաքինությունը: Հիմար կույսերը բավականաչափ յուղ չունենալու պատճառով չկարողացան վառ պահել իրենց լապտերները և ուշացան: Յուղը խորհրդանշում է մարդասիրությունը և ողորմությունը, և հիմար կույսերը նրանք են, ովքեր մեծագույն առաքինություն ունենալով հանդերձ ավելի շատ մտածում են երկրային բաների մասին և առաջին հերթին չեն աշխատում աստվածային կամքի իրագործման և Երկնքի արքայությանն արժանանալու համար։

Ավագ չորեքշաբթին հիշատակն է Բեթանիայում կնոջ կողմից Քրիստոսի օծման (Մատթ. 26.6, Մարկ. 14. 3-9, Հովհ. 12. 1-8)։

Ավագ հինգշաբթի օրը հիշատակվում է Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը։ Այս օրը մատուցվում է բաց Պատարագ։ Քրիստոս Վերջին Ընթրիքի ժամանակ հացն ու գինին տվեց ճաշակելու Իր աշակերտներին` ասելով որ հացը Իր Մարմինն է, իսկ գինին` Իր Արյունը, որ հեղվում է մարդկանց մեղքերի քավության համար (Մատթ. 26.26, Մարկ. 14.22-24, Ղուկ. 22.19-20, Ա Կորնթ. 11.24-26)։ Մերժելի և անընդունելի են աղանդավորական այն բոլոր տեսակետները, որոնց համաձայն Պատարագի հացն ու գինին պարզապես Քրիստոսի Մարմնի և Արյան խորհրդանիշ են։ Նման տեսակետ ունեցողներից են նաև բազմաթիվ բողոքական, ավետարանական եկեղեցիները: Այսպիսի պնդումները հակասում են հենց Քրիստոսի բառերին, ով հաղորդության համար երբեք չօգտագործեց «խորհրդանիշ» բառը (Սուրբ Պատարագի ընթացքում նվիրագործվող հացն ու գինին Սուրբ Հոգու ազդեցությամբ փոխարկվում են Քրիստոսի ճշմարիտ Մարմնի և Արյան, այդ հացի և գինու վրա է տպավորվում Քրիստոսի զորությունը)։ Քրիստոս նաև մեկ այլ տեղ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ. 6.54): Յուրաքանչյուր մկրտված քրիստոնյա եկեղեցական մեծ տոներին պետք է Սուրբ Հաղորդությունը ստանա։ Սակայն նաև մեկ այլ հանդիմանական խրատ կա` եթե դու այնպիսի մարդ ես, որ չես զգում սրտիդ ջերմությունն Աստծո հանդեպ, ապա տարին մեկ անգամ գոնե` Սուրբ Զատկի տոնին, պետք է հաղորդություն ստանաս եկեղեցում, որպեսզի ներքին էությամբ չդադարես քրիստոնյա լինելուց։ Մեծ մեղքերի  պարագային հավատացյալը հաղորդության կարող է մոտենալ միայն հոգևորականի կողմից կարգված ապաշխարության երկարատև շրջանից հետո:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողությունը։ Խորանի վրա հոգևորականը հանում է իր զգեստները, գոգնոց կապում և լվանում ու յուղով օծում տասներկու հոգու ոտքերը։ Սա արվում է Քրիստոսի արարքի նմանողությամբ, երբ Քրիստոս ևս  լվաց Իր տասներկու աշակերտների ոտքերը` խոնարհության նշան ցույց տալով, ու ասաց. «Մի օրինակ տվի ձեզ, որ, ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13.15)։

Ավագ ուրբաթը հիշատակն է Քրիստոսի չարչարանքների և խաչելության։ Քանի որ, ըստ եկեղեցական կարգի, երեկոյան ժամերգությունից հետո է օրը փոխվում, ապա չարչարանքներին նվիրված արարողությունը կատարվում է հինգշաբթի ուշ երեկոյան։ Արարողության ընթացքում ընթերցվում են Ավետարաններից հատվածներ Քրիստոսի երկրային կյանքի վերջին դեպքերի մասին (Հովհ. 13.16-18.1, Ղուկ. 22.1-65, Մարկ. 14.27-72, Մատթ. 26.31-56, Մատթ. 26.57-75, Հովհ. 18.2-27, 18.28-19.6): Խորանի վրա վառվող 13 մոմերը խորհրդանշում են Քրիստոսին և առաքյալներին։ Ավետարանական յուրաքանչյուր ընթերցանությունից հետո հերթով հանգցնում են երկուական մոմ։ Քրիստոսին խորհրդանշող մոմը մեջտեղում է դրվում, որը վերջում միայնակ վառվողն է դառնում, ինչը հիշեցնում է առաքյալներից լքված Քրիստոսի միայնակ մնալը: Իսկ Հուդային խորհրդանշող մոմը սև գույնի է լինում և չի վառվում։ Արարողության համապատասխան հատվածում հանգցնում են եկեղեցու լույսերը՝ ի հիշատակ խաչելության ժամանակ արեգակի խավարման: Արարողությունն ավարտվում է փառաբանական հոգևոր երգեցողությամբ:

Ավագ ուրբաթ օրը ծաղիկներից և մշտադալար ծառերի ճյուղերից պատրաստվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը և երեկոյան ժամերգությունից հետո, ի հիշատակ Քրիստոսի թաղման, խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով եկեղեցուց դուրս է հանվում։ Այն պտտեցնում են եկեղեցու շուրջը և երբ նորից եկեղեցի են բերում, հոգևորականները, հավաքվելով գերեզմանի մոտ, երգում են «Խաչի Քո Քրիստոս» օրհներգը, այնուհետև բոլորը համբուրում են գերեզմանի վրա դրված խաչն ու Ավետարանը։ Մարդիկ վախենում են մահից, սակայն Քրիստոսի մահով և Հարությամբ մահը մեզ համար սարսափելի չէ, որովհետև մենք գիտենք հարության մասին։ Այդ իսկ պատճառով այս գերեզմանը ոչ թե հողաթումբ է, այլ ծաղիկներից է, որը ոչ թե մահ, այլ կյանք, հավիտենություն ու երանություն է ավետում։

Ավագ շաբաթ օրը մատուցվում է ճրագալույցի, իսկ կիրակի օրը` Սուրբ Հարության հանդիսավոր Պատարագ։