ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱՄԲԱՍԱՆՔԻՑ

Բամբասանքը կարող է լինել կուտակված մտահոգության, խնդրի կամ ասելիքի խտացված արտահայտություն: Հնարավո՞ր է, որ բամբասանքը լինի սեփական բարդույթներից խուսափելու, դրանք քողարկելու հետ կապված հոգեբանական երևույթ, որի արդյունքում ինչ-որ պահի, խոսելով դրանց մասին մեկ ուրիշի օրինակով, մարդն ինքն «ազատագրվում է» դրանցից:

Բամբասանքը կարող է լինել մարդու մեջ ծանրացած վիրավորական զգացումից ազատվելու ձգտում` ուղղակիորեն կամ անուղղակի պատճառված այն մարդու կողմից, որի վերաբերյալ հնչում է բամբասանքը: Բայց այս երևույթը կարող է ցույց տալ նաև մարդու մեջ առկա հոգեբանական խնդիրները` ինքնավստահության պակասը կամ թերարժեքության բարդույթի առկայությունը:

Ոչ ինքնավստահ կամ թերարժեքության բարդույթ ունեցող մարդը դիմացինի ակնարկները, խոսքերը կարող է ընկալել իբրև վիրավորանք երբեմն նաև այն դեպքում, երբ դրանք իրականում այդպիսին չեն էլ եղել: Վիրավորված մարդն իր տրամաբանությամբ վրեժխնդրություն է իրականացնում` մեկ ուրիշի հետ խոսելիս փոխադարձ վիրավորանք հասցնելով այն անձին, ով խոցել է իր ինքնասիրությունը:

Քրիստոնեական ընկալումով այսպիսի մոտեցումը սխալ է. պետք է ներողամտություն ցուցաբերել և զերծ մնալ նախանձի, ատելության, վրեժխնդրության ու քենի զգացումներից:

Ինչպե՞ս խուսափել բամբասանքից և բամբասելուց:

Բամբասելու և դրան առնչվելու մեղքից հեռու մնալու համար պետք է ամրապնդվել հավատքի մեջ, որովհետև քրիստոնեական հավատքը ցույց է տալիս մարդկանց միջև վարմունքի ու վերաբերմունքի, միջանձնային հարաբերությունների բոլորովին այլ սկզբունքներ:

Քրիստոնեական հավատքի վրա հիմնված մարդկային հարաբերությունները բացառում են բամբասանքի, հայհոյանքի, տրտունջի, բացասական դժգոհության դրսևորումները, որոնք այսօր այնքա՜ն տարածված են մեր հասարակության մեջ և բազմաթիվ ընտանիքներում, շատ մարդկանց առօրյայի անբաժանելի մասն են կազմում:

Պետք է նաև հիշել, որ յուրաքանչյուր մեղք հակառակ է Աստծո կամքին: Բամբասելու հակում ունեցողները պետք է աղոթեն և ջանք գործադրեն, որպեսզի հեռու մնան բամբասանքից` այն մեղքից, որը հատուկ է նաև սատանային: