ԽՆԱՄՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Կյանքի հանդեպ հարգանքի անհրաժեշտությունն ի՞նչ անմիջական առնչություն ունի բնության հետ կապված խնդիրների լուծման գործում:

«Կյանք» ասելով` մենք միայն մարդկային կյանքը չենք հասկանում, այլև բույսերի, կենդանիների: Ընդհանրապես կյանք երևույթի հանդեպ գիտակցություն ունեցող, բանականությամբ օժտված մարդու կողմից մեծագույն հարգանք և խնամք պետք է դրսևորվի: Բույսերը, կենդանիները նույնպես ապրում են, ցանկանում են վայելել արևի լույսն ու ջերմությունը, օդը, կենդանիները (ձագերն իրենց ծնողների և ծնողներն իրենց ձագերի) անասուններին հատուկ սերը, հոգատարությունն ու քնքշությունը:

Մարդու և կենդանիների տարբերակումը կատարվում է նաև «ասուն» և «անասուն» բառերով, որոնք նշանակում են` ասելու, խոսելու ունակությամբ օժտված բանական և այդ ունակությունը չունեցող, անբանական, ոչ բանական: Կենդանիների ոչ բանական լինելը, սակայն, չի բացառում նրանց հատուկ զգացականությունը:

Սա համաձայն է քրիստոնեական ուսուցմանը հոգու մասին, ըստ որի` հոգին լինում է տնկական կամ բուսական, զգացական և բանական: Մարդու հոգու մեջ առկա են այս երեք զորությունները, որոնցից բանականը բարձրագույնն է, և այդ հատկությունն ունեցող հոգին օժտված է անմահությամբ: Մինչդեռ բույսերի մեջ առկա է միայն տնկականը` աճելու, շնչելու զորությամբ, կենդանիների մեջ` տնակականն ու զգացականը` նաև զգալու, վերաբերմունք արտահայտելու, տխրելու և ուրախանալու, անգամ արտասվելու ունակությամբ:

Տնկական և զգացական հոգին չունի անմահության հատկությունը, այն սոսկ կենդանություն, կենսունակություն հաղորդելու ուժն ունի: Սակայն բույսերի ու կենդանիների ապրելու, կյանք ունենալու գիտակցումով պետք է հոգատարությամբ ու փայփայանքով վերաբերվել այդ կյանքին, ընդհանրապես Աստծո կողմից շնորհված կյանք երևույթին և կենսական խիստ անհրաժեշտ կարիքների համար խնամքով ու խնայողությամբ օգտվել բուսական ու կենդանական աշխարհից: