ԽԱՉԻ ՄԱՍԻՆ

Ո՞րն է խաչի խորհուրդը:

Հռոմեական կայսրության մեջ խաչը գործածվում էր անարգ հանցագործների, ստրուկների մահապատիժն իրականացնելու համար: Քրիստոս խաչի մահն ընտրեց` ցույց տալու, որ Աստծո կողմից սիրված և կանչված են անգամ ամենահետին համարվողները: Աղանդավորներից Եհովայի վկաները սխալ են համարում խաչի մասին տեղեկություններն ու Քրիստոսի մահը խաչի վրա` մոլորեցնելով, թե հունարեն «ստավրոս-σταυρός» բառը, որը Սուրբ Գրքում գործածվում է խաչի համար, նշանակում է նաև գերան, և Քրիստոս գերանի վրա է մահապատժի ենթարկվել:

Սակայն հունարեն ժամանակակից լեզվում ևս «ստավրոս» բառը գործածվում է խաչի, խաչաձև իրերի բնորոշման համար, ինչպես օրինակ` «ստավրոդրոմի – σταυροδρόμι», որը նշանակում է խաչմերուկ: Սա ցույց է տալիս, որ ավելի քան երկու հազար տարիների Եկեղեցու փարձառությունն ու տեղեկությունները փորձում են աղավաղել աղանդավորներ, որոնք խաչի եղելությունների ժամանակներում ընդհանրապես գոյություն չեն ունեցել և վերջերս առաջած լինելով` ցանկանում են դասեր տալ Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված Եկեղեցիներին:

Խաչի հետ կապված` բացի պատմական տեղեկություններից, դրան նվիրված գրական գործերից, կան նաև խաչափայտի մասունքները, որոնք վկայում են խաչի մասին: Այդ մասունքներից մեկը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում:

Խաչը, որով մահ էին պատճառում, Քրիստոսով դարձավ միջոց, որով մահը պարտության մատնվեց: Քրիստոս խաչը վերածեց հաղթության գործիքի, և քրիստոնյաների համար խաչն այլևս հաղթության խորհրդանիշ է: Դրանից զատ, խաչը նաև նորովի վեր հառնելու խորհուրդն ունի, ինչպես որ ուսուցանում է Պողոս առաքյալը` ասելով. «Մեր միջի հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին» (Հռ. 6.6), «նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինը` կրքերով ու ցանկություններով հանդերձ» (Գաղ. 5.24):

Այսպիսով, խաչը նաև կատարելության, իբրև նոր մարդ վեր հառնելու խորհուրդն է պարունակում` մշտապես մնալով որպես Քրիստոսով մահվան դեմ բերված հաղթանակի և հավիտենության ճանապարհը մարդկանց առջև բացող զորության խորհրդանիշ, քանզի Քրիստոսի փրկագործությունը և դրանով մարդկանց հավիտենական կյանքի շնորհումը կատարվեց խաչի վրա զոհաբերությամբ:

«Նա ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին» (Կող. 2.14):

Աստված մեզ պատվիրում է երկրի վրա կուռքեր չսարքել և չպաշտել դրանք: Արդյո՞ք խաչը մեզ համար չի դարձել պաշտամունք:

Մենք ասում ենք, որ հայերս խաչապաշտ ժողովուրդ ենք, նաև խաչին նվիրված տոներին երգում ենք. «Խաչի Քո Քրիստոս երկիրպագանեմք` Քրիստոս Քո սուրբ խաչին ենք երկրպագում»: Նշյալները կարծես թե ամբողջովին հակառակ են տասնաբանյա պատվիրաններից կուռքեր չսարքելու, միմիայն Աստծուն պաշտելու, միայն Աստծուն երկրպագելու պատվիրաններին (Ելք 20.25):

Սակայն քրիստոնյաների համար խաչը երբեք չի ներկայանում առանց խաչյալ Քրիստոսի և կամ խաչը քրիստոնյաների ընկալումներում երբեք բաժանված չէ Քրիստոսից: Այսպիսով, խաչապաշտությունը հենց նույն Քրիստոսապաշտությունն է:

Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ Քրիստոսի մահվան պատճառ եղավ ոչ միայն խաչը, այլև մեխերը, որով գամեցին Քրիստոսին, ինչպես նաև փշե պսակը, որ ևս վնաս պատճառեց Տիրոջ Մարմնին: Սակայն ինչու՞ ենք խաչը պատվում հատուկ ընկալումով: Մեր Եկեղեցու Սուրբ Վարդապետն ուսուցանում է, որ խաչին ենք հատուկ այսպիսի պատիվ ընծայում, որովհետև մահվան գործիքներից միայն խաչն է, որ նմանվում է խաչյալ Քրիստոսին կամ ձեռքերը տարածյալ Քրիստոսին:

Ուրեմն, խաչն իր ձևով և պատկերով մեզ ներկայացնում է խաչյալ Քրիստոսին և կամ Իր ձեռքերը մեզ համար տարածած, մեզ Իր սիրող գիրկը կանչող Քրիստոսին: Այս ընկալումով ու նաև խաչով փրկագործության շեշտումով է Պողոս առաքյալն ասում. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6.14):

Կարդալ նաև`