ԽԱՉԻ ԵՎ ԽԱՉԱԿՆՔՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Կարո՞ղ ենք խաչի խորհուրդը հասկանալ` որպես բեռ աշխարհիկ վշտերի:

Կան մարդիկ, ովքեր մտածում են, թե քրիստոնեությունը չարչարանքների մեջ ապրելու գոյաձև է, ինչպես որ Քրիստոս ցույց տվեց Իր կյանքով: Մարդ էլ կա, որ քրիստոնեական կյանքի, զղջման ու ապաշխարության իրողության սխալ հասկացողությամբ ասում է`«եթե մեղավոր եմ, ուրեմն, պիտի չարչարվեմ» և կամ` «եթե չարչարվում եմ, ուրեմն, մեղավոր եմ»:

Քրիստոս ասաց. «Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10.38, 16.24, Մարկ. 8.34, Ղուկ. 9.23, 14.27): Այս խոսքը, սակայն, չի նշանակում մշտապես տառապանքների մեջ լինելու պատվեր: Խաչը նեղություններ կրելու խորհուրդն ունի, և երկրային կյանքում այսպես թե այնպես պատահում են վշտեր, դժվարություններ, այսինքն` մարդը կամա թե ակամա մի ինչ-որ ժամանակ պետք է իր այդ խաչը հանձն առնի:

Սակայն մարդիկ կան, որ իրենց խաչը վերցնելով` գնում են ոչ թե Քրիստոսի հետևից, այլ ընթանում են Քրիստոսին հակառակ ուղղությամբ: Սա նշանակում է, որ ոմանք նեղությունների մեջ էլ հավատարիմ են մնում Աստծուն, իսկ ոմանք էլ, դժվարությունների, փորձությունների հանդիպելով, մեղադրում են Աստծուն և հեռանում նրանից:

Խաչը վերցնելու և Քրիստոսին հետևելու տերունական պատվերը հորդորում է ամեն պարագայում հավատարիմ մնալ Տիրոջը` նկատի ունենալով, որ քրիստոնյայի խաչն ի վերջո պսակվում է փառքով ու հաղթանակով, ինչպես որ Քրիստոսի խաչելությանը հետևեց Նրա հաղթական Հարությունը:

Նեղ դռնով մտնելու Քրիստոսի պատվերն է (Մատթ. 7.13-14, Ղուկ. 13.24) իրագործվում խաչի հանձնառությամբ, Տիրոջ անշեղ հետևորդը լինելով, քանզի նեղ դուռն է փրկության տանում, իսկ լայն դուռը` հեշտ թվացող ճանապարհը, տանում է կործանման ու դատապարտման: Եկեղեցական հեղինակներն ուսուցանում են, որ նեղ ճանապարհն աստիճանաբար լայնանում է և փրկության առաջնորդում, իսկ լայն ճանապարհը` նեղանում և կործանման տանում:

Ո՞րն է խաչակնքման խորհուրդը:

Խաչակնքվելը գալիս է դեռ վաղ քրիստոնեական շրջանից և հատուկ խորհուրդ ունի: Խաչակնքվում են աջ ձեռքով, երեք մատները` բթամատը, ցուցամատը և միջնամատը միացրած, իսկ մյուս երկու մատները` մատնեմատն ու ճկույթը միասին ծալած և ափին սեղմած:

Խաչակնքվելու ժամանակ երեք միացրած մատները խորհրդանշում են մի Աստվածության` Սուրբ Երրորդության երեք Անձերին, իսկ ծալված երկու միացյալ մատները` Քրիստոսի աստվածային և մարդկային միացյալ բնությունը, ըստ Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետության` Քրիստոսի մարդեղությունից հետո միացյալ` աստվածամարդկային բնությունը:

Խաչակնքվելիս նախ ձեռքը հպում ենք ճակատին` ասելով «հանուն Հոր», ապա իջեցնում ենք կրծքի միջնահատվածից մի փոքր ներքև` ասելով «և Որդվո», այնուհետ ձեռքը տանում ենք դեպի ձախ` ասելով «և Հոգվույն», որից հետո` դեպի աջ` ասելով «Սրբո»: Դրանից հետո աջ ձեռքի բացված ափը դնում ենք սրտի մոտ` ասելով «ամեն»՝ դրանով խորհրդանշելով նաև մեր սերն Աստծո հանդեպ:

Խաչակնքման այս ձևը մի քանի նշանակություն ունի: Նախ պարզապես խաչի նշանն ենք նկարում մեզ վրա. խաչից և նրա նշանից փախչում է չարը: Ձեռքը ճակատին հպելը և միաժամանակ «հանուն Հոր» ասելը ցույց է տալիս Աստծո` վերին երկնքում, բայց նաև, ըստ Աստվածաշնչի ուսուցման, ամենուր լինելը, ինչպես և Քրիստոս, Տերունական աղոթքն ուսուցանելով, ասաց. «Հայր մեր, որ երկնքում ես» (Մատթ. 6.9, Ղուկ. 11.2):

Ձեռքը ներքև տանելով և դրա հետ «և Որդվո» ասելով` հիշում ենք մարդկության փրկության համար Քրիստոսի խոնարհվելն առ մարդիկ և Տիրոջ մարդեղացումը, Նրա փրկագործությունը: Այնուհետև ձեռքը կրծքվանդակի հատվածի երկայնքով ձախ և աջ տանելը խորհրդանշում է, որ Քրիստոսի հավատարիմ հետևորդը լինելով` այս աշխարհի ձախակողմյան համարվող իրողություններից անցնելու ենք հավիտենություն և արժանանալու աջակողմյան դասին:

Ավետարանիչն ասում է, որ Հարությունից հետո Քրիստոս համբարձվեց և նստեց Հոր աջ կողմը (Մարկ. 14.62, 16.19, Եփ. 1.20, Կող. 3.1, Եբր. 1.3, 8.1, 10.12, 12.2, Ա Պետ. 3.22): Աջը նշանակում է պատվավորը, իսկ Քրիստոս ասաց. «Ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհ. 12.26):

Սակայն խաչակնքվելիս ձեռքը ձախ և աջ տանելու խորհուրդն այս աշխարհից հավերժություն անցնելու և հավիտենական պարգևների արժանանալու խորհրդանիշ չէ միայն, քանզի խաչակնքվելիս ձեռքը նախ ձախ և ապա աջ տանում են Հայ և Կաթոլիկ Եկեղեցիներում, մինչդեռ ուղղափառները, ինչպես, օրինակ, ռուսները, խաչակնքվելիս հորիզոնական շարժման ժամանակ ձեռքը տանում են հակառակ ուղղությամբ` աջ և հետո նոր` ձախ:

Սրա բացատրությունն այն է, որ երբ արտասանում ենք «և Հոգվույն Սրբո», «Հոգվույն» բառի արտասանության ժամանակ ձեռքը հպում ենք սրտին, քանզի սրտով ենք զգում, նաև սրտի զգայարանի միջոցով է ներգործում Սուրբ Հոգին: Ռուս քրիստոնյաները խաչակնքվելիս ասում են «և Սրբո Հոգվույն», այսինքն` «Հոգի» բառը վերջում են արտասանում, դրա համար էլ ձեռքը վերջում են տանում ձախ` դեպի սրտի կողմը: