ԽԱՉԸ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ

Ի՞նչ ներկայություն ունի խաչը հայ մշակույթի մեջ:

Հայ իրականության մեջ խաչը մեծ տեղ է գրավում մշակույթի ասպարեզում` ճարտարապետության, նկարչության, երաժշտության, գրականության, քանդակագործության, խաչքարային արվեստի, եկեղեցաշինության մեջ: Մեր եկեղեցիների ճարտարապետական նախագծերը մեծավ մասամբ խաչի պատկերի վրա են հիմնված, բազմաթիվ եկեղեցիների հիմքերը խաչաձև են:

Հնուց ի վեր մանրանկարչության, սրբանկարչության մեջ կենտրոնական տեղ ունի խաչը` իր առանձնահատուկ խորհրդով: Մեր շարականները, եկեղեցական երգերը, տաղերն ու մեղեդիները երգարվեստի, երաժշտության հիանալի ստեղծագործություններ են, և դրանցից շատերը նվիրված են խաչի օրհներգությանը:

Եկեղեցական գրականության հիանալի նմուշներ են խաչի քարոզներն ու ճառերը, խաչին նվիրված ներբողները, մեկնողական գրականության մեջ` խաչի խորհրդի բացատրությունները: Մեր եկեղեցիների, վանքերի, եկեղեցական կառույցների պատերը զարդարում են խաչի պատկերով զարդաքանդակները, իսկ միայն մեր ժողովրդին հատուկ խաչքարային արվեստն ամբողջ աշխարհում հայտնի է հիանալի գլուխգործոցներով:

Եկեղեցաշինության մեջ խաչի պատկերի գործածումը կառույցի հիմքի ձևից, քանդակներից ու փորագրություններից բացի, կիրառվում է նաև եկեղեցիների գմբեթներին, որոնք պսակվում են խաչերով` որպես խորհրդանիշ խաչով իրականացված փրկագործությամբ Քրիստոսի Եկեղեցու հիմնադրման և դրանով Երկնքի արքայության ճանապարհը մարդկության առջև բացելու իրողության: