ԽԱՉԸ ՀԱՄԲՈՒՐԵԼՈՒ ԵՎ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ինչո՞ւ ենք խաչը համբուրում:

Մարդկային վարվեցողության ձևերից է համբույրով սիրո արտահայտությունը: Դեռևս հնուց ի վեր մարդիկ նաև համբույրով են արտահայտում իրենց ջերմ զգացումները: Այսպես մայրը համբուրում է իր երեխային, և երեխան` իր ծնողին: Նման կերպ էլ համբուրում ենք խաչը, սրբանկարները` արտահայտելով մեր ջերմ զգացումները, սերը Քրիստոսի, սրբերի հանդեպ, դրսևորելով մեր մղումն ու ձգտումը դեպի հավիտենականը, դեպի Աստված:

Համբույրի արտաքին դրսևորումը սրտի ներքին ջերմ զգացողությունից պետք է բխի, այլապես մանավանդ հոգևոր կյանքում այն կվերածվի ձևապաշտության կամ ցուցամոլության: Համբույրը, որով սերն ու նվիրումն է արտահայտվում, կարող է ներքին վատ մտադրության պատճառով դառնալ անգամ դատապարտելի, դավաճանության, ուրացման միջոց: Այսպիսին էր Քրիստոսի առաքյալներից Հուդայի համբույրը, որով նա մատնեց Փրկչին (Մատթ. 26.48-50, Ղուկ.23.47-49):

Սուրբ Պատարագի արարողության ժամանակ երգվում է. «Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան – Ողջունեցեք միմյանց սուրբ համբույրով»: Սա այն նվիրական ողջագուրումն է, որ տարբերվում է Հուդայի համբույրից և անկեղծ հավատքի ու քրիստոնեական սիրո արտահայտությունը դառնում: Սուրբ զգացումներն են, որ սուրբ են դարձնում համբույրը, և այդ զգացումով ու նվիրումով է, որ մենք համբուրում ենք նաև առանձնահատուկ խորհրդանիշ և նշանակություն ունեցող խաչը:

Ի՞նչ է նշանակում «խաչի զորություն». հավատքի ուժի կամ չափի մասի՞ն է խոսքը:

Պողոս առաքյալն ասում է. «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծու զորություն» (Ա Կորնթ. 1.18), և ավելացնում է. «Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների» (Ա Կորնթ. 1.23):

Խաչված Քրիստոս հրեաների համար գայթակղություն էր, որովհետև հրեաները սպասում էին մի մեսիայի, որը հզոր պիտի լիներ և իրենց ու հարազատ երկիրը ազատեր օտարների տիրապետության լծից, վերականգներ Իսրայելի նախկին թագավորությունն ու նրա փառքը: Դրա համար էլ խաչված, առաջին հայացքից պարտության մատնված մեսիայի գաղափարը գայթակղություն էր հրեաների համար:

Հեթանոսների համար խաչի քարոզությունը հիմարություն էր, որովհետև անհասկանալի էր, թե ինչպե՞ս կարելի է մեծարել այն գործիքը, որով սիրելի մեկին մահ են պատճառել: Սակայն առաքյալի խոսքով մեզ համար խաչի քարոզությունը Աստծո հզորությունն ու իմաստությունն է, որովհետև հավատքով հասկանում ենք, որ խաչով Քրիստոս մեծ հաղթանակ բերեց, և այդ հաղթանակը վկայությունն էր Աստծո զորության և իմաստության:

Խաչի զորությունը Աստծո զորությունն է, որ արտահայտվեց խաչով փրկագործությամբ և պսակվեց Հարության հաղթանակով ու մարդկանց բերեց մեծագույն պարգևը հավերժության ու հավիտենական կյանքի: