ԽԱՆԴԻ ՄԱՍԻՆ

Երբեմն խանդի մասին խոսելիս, այն բնորոշում ենք որպես անսահման սիրո արդյունք կամ անվստահության հետևանք: 17-րդ դարի ֆրանսիացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Ֆրանսուա դը Լարոշֆուկոն, սակայն, ասել է. «Խանդի մեջ մեկ բաժինը սեր է, իննսունինը բաժինը` ինքնասիրություն»: Այս դեպքում խանդը կարելի՞ է մեղք համարել:

Խանդը ծնվում է առանձնահատուկ մի մարդու հանդեպ սեփականատիրության զգացումից, ուրիշի անձը սեփականացնելու ցանկությունից: Ճիշտ է այն նկատառումը, որ եթե նույնիսկ խանդն առաջանում է սիրուց, ապա` ոչ թե ճշմարիտ, այլ էգոիստական սիրուց: Սեփականատիրոջ զգացումը հակառակ է մերձավորին ծառայությանը, որ պատվիրեց Քրիստոս (Ղուկ. 10.30-37):

Սուրբ Հովհան Ոսկեբերանն այսպես է դիմում խանդոտ մարդուն. «Ասա՛ ինձ, ինչո՞ւ ես ողջ օրը քեզ տրամադրում ընկերներիդ, իսկ կնոջդ` միայն երեկոները: Այդպես վարվելով` չես կարող կասկածները վանել: Եվ եթե կինը մեղադրում է քեզ, մի՛ վիրավորվիր, դա ընկերության և ոչ թե հանդգնության նշան է, դա բոցավառ սիրո, ջերմ համակրանքի և նախազգուշացման մեղադրանք է: Նա վախենում է, որպեսզի որևէ մեկը չգողանա իր ամուսնական առագաստը, իրենից չխլի բարձրագույն բարիքը, չզրկի իր գլխից»: «Ոչնչանում է նաև սերը, եթե վրդովված է խանդով»,- ասում է Սուրբ Եփրեմ Ասորին:

Խանդի հիվանդությամբ վարակված հոգին դյուրահավատ է դառնում և, իր լսելիքը բացելով բոլորի համար, չի կարողանում տարբերել բամբասողներին ճիշտ խոսողներից: Եվ նույնիսկ այդպիսի մեկին ավելի արժանահավատ են թվում նրանց խոսքերը, ովքեր ավելացնում են կասկածը, քան նրանցը, ովքեր ջանում են կասկածը փարատել:

Խանդոտ ամուսինը հրահանգում է կնոջը տանից դուրս չգալ: «Իսկ ո՞վ կհամաձայնի կնոջ հրամանով անընդհատ տանը նստել»,- հարցնում է Հովհան Ոսկեբերանը` ցույց տալով խանդի անհեթեթ կողմերը: Խանդից ամուսնու առնչությամբ կասկածներ ունեցող կինը, ամուսնու սաստումը տեսնելով, չի կարողանում մխիթարվել, իր զայրույթը բառերով արտահայտել:

Մեկ կամ երկու անգամ ամուսինը կտանի նրա վրդովմունքը, բայց եթե կինն անընդհատ շարունակի իր հանդիմանությունները, ապա ամուսինը նրան շուտով կսովորեցնի, որ ավելի լավ է լռությամբ տանջվել: Այս ամենը տեղի է ունենում կասկածների դեպքում:

Խանդի և նման բացասական զգացումների ժամանակ մարդը վնաս է կրում նաև հոգևոր կյանքում, այդ զգացումների ազդեցության տակ սխալ բաներ խնդրում աղոթքներում: Չիմանալով, թե ինչն է օգտակար, հաճախ անօգուտն ենք խնդրում աղոթքի մեջ: Նաև Պողոս առաքյալն է ասում. «Մենք աղոթում ենք և չգիտենք, թե ինչպես արժան է աղոթել» (Հռ. 8.26):

Սա ցույց տալու համար Սուրբ Հովհան Ոսկեբերանը բերում է Ռաքելի օրինակը: «Մարդը չգիտե, թե ինչ է ուզում, չի հասկանում, թե ինչ է խնդրում: Եվ մեծ մասամբ ուզում է վատթարը, խնդրում վնասակարը: Ռաքելը` Հակոբի կինը, անպտուղ էր և երեխաներ չուներ: Նա կրկնակի տրտմում էր, քանզի տեսնում էր, որ ինքը երեխաներ չունի, իսկ իր քույրը շատ ունի: Ի՜նչ սարսափելի կիրք է խանդը հատկապես կանանց սրտերում:

Ռաքելը նախանձեց իր քրոջը և խանդից ուզում էր անգամ մեռնել: «Երբ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ զավակներ պարգևի՛ր, այլապես կմեռնեմ» (Ելք 30.1): Բայց ինչպիսի՞ն կլինի քո ծննդաբերությունը, ի՞նչ լավ բան կստանաս քո երեխաներից, որոնց այդքան ուժգին ցանկանում ես: Ավա՜ղ, ի՞նչ եմ լսում: Եկավ Ռաքելի ծննդաբերության ժամը և «նրա ծննդաբերությունը դժվարին եղավ» (Ծննդ. 35.17):

Որդուն կյանք տվեց, իսկ ինքը մեռավ ցավերից: Ցանկությունների որդին դարձավ վշտի որդի: Ինչպե՜ս կզղջար նա այն բանի համար, ինչն այդքա՜ն ցանկանում էր: Հոգին ավանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Բենիամին` իմ վշտերի որդի (Ծննդ. 35.18)»:

Եկեղեցական հեղինակն իրավամբ գրում է. «Ոսկեբերանի խոսքն ավելի քան արդար է: Քրիստոնյա՛, դու Աստծուց զավակներ ես խնդրում: Բայց գուցե նրանք քեզ ավելի շատ արցունք, քան ուրախություն բերեն: Առողջություն ես խնդրում, բայց գուցե ժամանակի ընթացքում բազմապատկվեն նաև քո մեղքերը: Հարստություն ես խնդրում, բայց գուցե այն պատճառ դառնա քո կործանման:

Պատիվ ես խնդրում, բայց գուցե ինչքան վեր ելնես, այնքան ավելի ներքև ընկնես: Դու խնդրում ես աշխարհային և ժամանակավոր բարիքներ, բայց գուցե հենց դրանցում կյանքիդ համար մահ և հոգուդ համար չարչարանք գտնես: Դու չգիտես, թե ինչ ես խնդրում»:

Այսպիսով, եթե մարդկային ցանկությունն այդքան սխալական է և միայն աստվածային կամքն է անշեղ, ի՞նչ է մնում անելու, եթե ոչ սեփական կամքը հնազանդեցնել աստվածային կամքին: Ցանկանալ միայն այն, ինչ ցանկանում է Աստված և աղոթքներում ասել. «Հայր իմ… բայց ոչ` ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես Դու… Քո կամքը թող լինի» (Մատթ. 26.39-42)»: