ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Խաղաղությունը նախապատրաստումն է նո՞ր պատերազմի, թե՞ պատերազմները միջոցներ են խաղաղության հաստատման համար: Ո՞րն է խաղաղության մասին պատկերացումը, և ո՞րն է մարդկության առաքելությունը` հանուն խաղաղության:

Խաղաղության մասին աշխարհիկ և քրիստոնեական պատկերացումները տարբեր են: Քրիստոս ասում է. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. 14.27): Նաև Պողոս առաքյալի խոսքն է. «Աստծո խաղաղությունը վեր է, քան ամենայն միտք» (Փիլիպ. 4.7):

Այդ խաղաղությունն աստվածաշնորհ է և միայն մարդկային ջանքերով չի հաստատվում: Խաղաղությունը կապված է Աստծո հետ մարդու հաղորդակցությանը, և աշխարհի խաղաղության խաթարումը մարդու ներաշխարհում խաղաղ զգացումների, հոգու խաղաղության աղճատումն է վկայում:

Աստծո կամքին հակառակվելը հանգեցնում է հակառակությունների, խաղաղության վնասման: Խաղաղ մի վայրում անհանդուրժողականություն, կռիվներ են ծագում: Սա նշանակում է, որ արտաքին խաղաղությունն անհնար է առանց ներքին խաղաղության: Սա է ակնարկում Երեմիա մարգարեն` ասելով. ««Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն», բայց ո՞ւր է խաղաղությունը» (6.14): Եսայի մարգարեն մարդկության խաղաղ, ապահով ու ստեղծագործ աշխարհի երազանքն է պատկերում. «Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից` մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել» (2.4):

Այս մարգարեությունը կանխատեսումն է այն ապագայի, երբ մարդկությունն առ Աստված ապավինությամբ ամբողջապես հանձնառու և նախանձախնդիր կլինի իրականացնելու խաղաղության իր դարավոր երազանքը: Առ Աստված համընդհանուր դարձը համընդհանուր խաղաղության գրավականն է, սրտի և հոգու ներքին խաղաղությունը` արտաքին խաղաղության երաշխավորը:

Խաղաղություն հաստատելու ձգտումն ընթացք է դեպի քրիստոսանմանություն: Քրիստոս Իր փրկագործությամբ խաղաղություն հաստատեց մարդկանց և Աստծո միջև. «Հիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի արյամբ, որովհետև Նա է մեր խաղաղությունը, Նա, որ երկուսը մեկ դարձրեց. քանդեց Իր մարմնի մեջ միջնորմը` թշնամությունը, և հրամաններով տրված պատվիրանների օրենքը ջնջեց, որպեսզի Իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ և խաղաղություն հաստատի ու Իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծու հետ. քանզի թշնամությունն սպանեց իր խաչով» (Եփ. 2.13-16):

Խաղաղության համար ջանքերի գործադրումը նմանվում է Տիրոջ առաքելությանը: Դրա համար էլ Քրիստոս Լեռան քարոզում ասում է. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5.9):