«ԼՌՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

«Լռություն» ֆիլմը փորձում է պարադոքս կառուցել քրիստոնյաների նահատակության վերաբերյալ, երբ այդ նահատակությունն առնչվում է ոչ միայն անձին, այլև իր պատասխանատվության տակ գտնվող մարդկանց: Սակայն քրիստոնյաները նման հանգամանքները երբեք պատրվակ չեն համարել հավատքը, Քրիստոսին ուրանալու: Երկրային և երկնային կյանքի միջև ընտրության մեջ քրիստոնյաները երբեք չէին հրաժարվի երկնային հավիտենական կյանք թեկուզ և չարչարանքներով մուտք գործելու նախապատվությունից, մանավանդ եթե չարչարվողներն իրենք հոժարակամությամբ էին գնում նահատակության: Անտիոքի եպիսկոպոս Իգնատիոսը նահատակության տարվելով, երբ իմանում է, որ քրիստոնյաները միջոցներ են փնտրում իրեն ազատելու համար, նախընտրում է մարտիրոսության պսակն ընդունել և ոչ թե կարծում է, նշյալ ֆիլմի տեսակետով, թե բույսերը (քրիստոնյաները) առանց արմատ մնալով կչորանան:

Փոքր Ասիայում Բյութանիայի կառավարիչ Պլինիոս Կրտսերը (Ք.Հ. 112 թ.) գրում էր Տրայանոս կայսերը, որ մահապատժի է ենթարկել բազմաթիվ քրիստոնյաների, ստիպել խոնարհվել Տրայանոսի արձաններին: Պլինիոսը շարունակում է` ասելով, որ նաև «ստիպել է նզովել Քրիստոսին, ինչն անհնար է պարտադրել իրական քրիստոնյային»:

Նաև Հայոց ցեղասպանության ժամանակ մեր սուրբ նահատակները եղել է, որ, ըստ ականատեսների և պահպանված տեղեկությունների, խմբով դաշտ են տարվել, կանայք և նրանց խնամքի տակ եղող երեխաները բաց դաշտի մեջ սովի և ցրտի վտանգին ենթարկվել: Նրանք շատ ցերեկներ և գիշերներ այսպես անցկացրին, մինչև որ այլևս կարծվում էր, թե մահմեդականություն ընդունելու հոժար էին: Բայց ամենքն էլ, չնայած որ իրենց հոգածության տակ եղող երեխաներ ունեին, մերժեցին մահմեդականությունն ընդունելը: Եվ ոճրագործները մայրերին սվինների ծայրն անցկացրեցին իրենց զավակների աչքի առջև:

Հայոց ցեղասպանության տարիներին Խարբերդում գործող միսիոներ Հենրի Ռիգսը հետևյալ վկայությունն է տալիս նաև մի հայ կնոջ մասին, որն ապրում էր հենց իր դիմացի տանը (սա օրինակ է մյուս նահատակների նմանատիպ վարմունքի): Այդ կինը հարուստ ընտանիքից էր, ամուսնուն և հորը թուրքերն արդեն տարել էին, կինը մնացել էր փոքրիկ երեխաների հետ: Մի օր նաև նրանց ետևից են գալիս: Այս կնոջ հետագա ընթացքի մասին Ռիգսն իմանում է իրեն, նաև այդ կնոջը մտերիմ մի մուսուլմանից: Կինն իր երեխաներով ապահով հասել էր Ուրֆա, իսկ այնտեղից քշել էին Դեր Զոր, որտեղ նրանք նահատակվել էին: Մուսուլմանն ափսոսանքով ասում էր, որ խնդրել էր կնոջը չգնալ, այլ պատսպարվել երեխաների հետ իր տանը, քանի որ ինքը կարող էր փրկել նրանց: Բայց կինը պատասխանել է. «Եթե այստեղ մնամ, ինձ մուսուլման կդարձնեք, ես չեմ հրաժարվի իմ Հիսուսից»: Մուսուլմանը ճշգրտորեն կրկնեց այդ կնոջ խոսքերն այնպես, ասես դրանք խարանվել էին նրա հոգու մեջ, երբ տեսել էր, որ այդ նուրբ, զգայուն կինն իր քաղցրիկ երեխաներով վճռականորեն գնացին սարսափի և մահվան ճանապարհով, որովհետև կինն ասել էր. «Ես չեմ հրաժարվի իմ Հիսուսից»:

Քրիստոս ասաց. «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է» (Մատթ. 5.11), «Հիշեցե՛ք այն խոսքը, որ Ես ձեզ ասացի, թե՝ ծառան մեծ չէ, քան իր տերը. եթե Ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15.20), «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10.28): Քրիստոնեական ուսուցմամբ երկրային կյանքը գերադասելի չէ երկնային կյանքից, որին հասնում են նաև նահատակությամբ, մինչդեռ ֆիլում հակառակ տեսակետն է:

Ուրացության մասին Քրիստոս ասաց. «Ով Ինձ կուրանա մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթ. 10.33): Ավետարանական պատումով և քրիստոնեության պատմությամբ առերես ուրացումը կարող է տեղի ունենալ միայն խոսքով և ոչ հավատքով կամ համոզմունքով, միայն կարճ ժամանակահատվածով՝ անմիջապես զղջման դրսևորումով կամ հավատքի հաղթանակի նպատակով: Քրիստոսին ուրանալուց հետո Պետրոս առաքյալն անմիջապես զղջաց և դառնապես լաց եղավ (Մատթ. 26.75): Մեր ժողովրդի պատմությունից հայտնի է Վարդանանց առերես ուրացումը քրիստոնեության հաղթանակի համար: Այդ արարքը նրանց հնարավորություն է ընձեռում ժամանակ շահելու և պաշտպանելու քրիստոնեական հավատքի վրա հարձակումը հայրենիքում՝ նահատակության մեծ մղումով, որին ժողովրդին և զորքին հորդորում է Վարդան սպարապետը՝ նախապատիվ համարելով Քրիստոսի համար մարտիրոսվելը հավատուրաց երկրային կյանքից: Այդ պայքարում նահատակվում են հազար երեսունվեց քրիստոնյաներ: Այսպիսի պայքարներով է, որ ազգությունը, արժեքները, ինքնությունը պաշտպանվել ու պահպանվել են դարերով:

Քրիստոնյայի էական հատկանիշն է իր հավատքի բարձրաձայնումը, ազդարարումը, մանավանդ երբ հարցնում կամ հարցաքննում են այդ մասին: «Ո՛չ ոք ճրագ չի վառի և կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի, ովքեր մտնեն, լույսը տեսնեն» (Ղուկ. 8.16): «Զգուշացե՛ք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների և պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագավորների առաջ Իմ պատճառով, որ Իմ մասին վկայություն տաք նրանց և հեթանոսներին: Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք. քանի որ ոչ թե դուք էք, որ պիտի խոսեք, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով» (Մատթ. 10.17-20) (իհարկե, երբ մարդն իր ազատ կամքով չի մերժում Հոգու շնորհագործությունը): Հավատքի ազդարարումը և հանուն ճշմարիտ հավատքի անգամ նահատակությունը նաև, ըստ հանգամանքների, պատճառ էր անհավատների դարձի:

Քրիստոսին թաքուն կամ ծածուկ դավանողները եկեղեցական հեղինակների կողմից համեմատվում են հրեա իշխանավոր Նիկոդեմոսի հետ, ով գիշերով եկավ Քրիստոսի մոտ հավատքի վերաբերյալ հարցումներ անելու, քանի որ ցերեկով չէր ուզում իրեն քրիստոնյաների հետ տեսնեին (Հովհ. 3.1-21): Նիկոդեմոսը համարվում է գիշերային հավատացյալ, ով մարդկանցից ստացվող փառքն ավելի սիրեց, քան Աստծունը:

Ֆիլմում Քրիստոսին ուրանալու կամ անարգելու թույլտվության խոսքերը, որ կաթոլիկ քահանայի մտորումների մեջ իբր ասում է Քրիստոս, չեն համապատասխանում Քրիստոսի վերոնշյալ ուսուցմանը. «Ով Ինձ կուրանա մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթ. 10.33), բացառությամբ հիշատակյալ դեպքերի՝ զղջման կամ հավատքի հաղթանակի համար պայքարի հաստատակամությամբ և ոչ թե ամբողջ կյանքում ծպտյալ լինելու դրսևորումով: Հալածանքների դժվարին ժամանակաշրջանում քրիստոնյաները, Քրիստոսին հավատարմությունն անշեղ պահելով, հազարներով նահատակվում էին «մարմնից դուրս գալը և Քրիստոսի հետ լինելը ավելի լավ եմ համարում» (Փիլիպ. 1.23) սուրբգրական նշանաբանով:

Ինչ վերաբերում է մարդկային մտահոգությունից, խղճմտությունից հակառակ կերպով վարմունքին, ապա այստեղ «մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթ. 7.1) սկզբունքով այդ հանգամանքը թողնենք Աստծո գթասրտությանն ու ողորմությանը, քանզի ո՞վ կարող է ասել, թե ահավոր ու սարսափելի հանգամանքների ներքո, ինչպես բռնի մուսուլմանություն ընդունած հայերը, ի՞նչ վարմունք կդրսևորեն տարբեր մարդիկ:

«Այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ. և Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինեք» (Մատթ. 24.9), բայց «եթե Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին» (Հռ. 8.17)  «այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռ. 8.18), «որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղեք, որպեսզի Նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծաք և ուրախանաք» (Ա Պետ. 4.13) – սրանք են եղել նշանաբանները չարչարվող և նահատակվող քրիստոնյաների համար:

Ֆիլմում, սակայն, ճապոնացի իշխանավորի մտահոգությունը տեղին է Կաթոլիկ եկեղեցու պարագայում, որովհետև միջնադարյան Կաթոլիկ եկեղեցին ձգտում էր առավելապես նաև նյութական հարստության և աշխարհում գերիշխանության հաստատման: Այդ ժամանակ կաթոլիկները քարոզում կամ միսիոներություն էին անում ոչ միայն այն երկրներում, որտեղ քրիստոնեություն չկար, այլև հատկապես այն երկրներում, որոնք վաղուց քրիստոնյա էին, բայց Կաթոլիկ եկեղեցու գերիշխանությունից դուրս էին: Այդպես էին, օրինակ, Հայաստանում միարարական կամ ունիթորական շարժումները և կաթոլիկների կողմից բերված պառակտիչ գործողությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, որ շարունակվեց անգամ 20-րդ դարի ընթացքում: Այսպես է, որ անգամ այսօրվա Հայաստանում մենք ունենք կաթոլիկ գյուղեր, համայնքներ, կաթոլիկ հայերն ունեն առանձին կաթողիկոս և Հայաստանում իրենց առաջնորդ եպիսկոպոսը: Այնպես որ ընդհանուր դատողություններ անելու համար պետք է ունենալ ընդհանուր համապատկերը Կաթոլիկ եկեղեցու գերիշխանության մեծ ձգտումների:

Ֆիլմի ռեժիսորը փորձում է արդարացում գտնել իր ֆիլմում արտահայտած գաղափարներին՝ հայտարարելով, որ Նյու Յորքի եպիսկոպոսն ասել է, թե ֆիլմը քրիստոսաբանորեն ճիշտ է: Սակայն որքանով է այդ ճիշտը համապատասխանում իրական ճշմարտությանը, երևաց վերոնշյալ դատողություններով: Ֆիլմի «Լռություն» վերնագիրը տեղին է Աստծո պարագայում, երբ Նա ասում է, որ այս լռության մեջ քեզ հետ չարչարվել և քեզ հետ եմ եղել: Դա համապատասխանում է երկրային կյանքում Քրիստոսին երբեք չտեսած և քրիստոնյաներին հալածող Սավուղին ուղղված Քրիստոսի հարցին` «Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում Ինձ» (Գործք 9.4), որը նշանակում էր, որ քրիստոնյաների հալածանքով նաև Քրիստոս է հալածվում, Տերը չարչարվում է Իր համար չարչարվողների հետ միասին: Բայց «լռություն» բառը տեղին չէ քրիստոնյայի պարագայում, երբ նա ոչ թե հայտարարում է իր հավատքը, այլ լռում է դրա մասին՝ տասնամյակներ շարունակ մինչև իր մահը չբարձրաձայնելով իր հավատքը, որ հակառակ է Քրիստոսի խոսքին. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28.19-20):