ԼԻՆԵԼ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հոգևոր մարդը նվիրում ունի կրոնական արժեքների հանդեպ և կապված է դրանց. սա ճի՞շտ բացատրություն է:

Քրիստոնեական տեսակետն այլ կերպ է ներկայացվում: Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված առաջին թղթում ասում է, որ նրանց հետ չկարողացավ խոսել` իբրև հոգևորների,այլ իբրև մարմնավորների, քանի որ նրանց մեջ կան կռիվ ու նախանձ (3.12):

Պետք է նկատի ունենալ, որ այն ժամանակ կորնթացիները հայտնի էին իրենց շնորհներով, լեզվախոսությամբ, մարգարեությամբ (26-27, 31-32), բայց առաքյալը նրանց դեռևս հոգևոր չի համարում, քանի որ նրանցում կան բացասական հատկանիշներ, որոնք վայել չեն քրիստոնյաներին:

Նաև Քրիստոս ասում է, որ Իրեն «Տե՜ր, Տ՜եր» են կանչելու, Իր անունով մարգարեանալու, դևեր են հանելու, զորավոր գործեր անելու, բայց Ինքը նրանց պիտի մերժի (Մատթ. 7.22-23, Ղուկ. 13.25): Հետևաբար, հրաշքներ գործելու, շնորհներ ունենալու հատկությունը դեռևս մարդուն հոգևոր չի դարձնում:

Հոգևոր լինելու համար նախևառաջ պետք է հոգով աղքատ կամ հոգով հարուստ լինել, ինչը նույն իրողությունն է հետևյալ բացատրությամբ: Մատթեոսի Ավետարանի 5-րդ գլխում Քրիստոս ասում է. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» (3):

Հոգով աղքատները ձգտում են հոգևոր իմացության, գիտելիքների, փորձառության, Աստծո հետ հաղորդակցության և որքան ունենում են դրանք, այնքան ավելին են ցանկանում: Սա առավել հասկանալի է բնության օրինակով:

Երբ կրակի մեջ այրվելու հատկություն ունեցող իրեր են գցում, կրակն ավելի է բորբոքվում, մեծանում, բայց չի հագենում, ինչքան վառելիք տան, այնքան կրակը կկլանի: Նաև ջուրը գետի, լճի կամ ծովի ձևով անընդհատ կլանում է. եթե դրա մեջ քարեր կամ առարկաներ գցեն, ջրի մակարդակը կբարձրանա, բայց չի լիանա, այլ միշտ կկլանի և չի հագենա:

Այս նմանությամբ էլ հոգով աղքատը միաժամանակ նաև հոգով հարուստ մարդն է, և հոգևոր դառնալու նախապայմաններից մեկը հոգով աղքատ լինելն է:

Այն մարդուն, ով տնտեսական, ֆինանսական կամ գործարար հարցերում մեծ փորձ և հմտություններ ունի, անվանում են գործարար մարդ: Անձը կարո՞ղ է հոգևոր համարվել հոգևոր հարցերում իր հմտությունների համար:

Հոգևորությունը գիտելիք չէ, որ սովորեն և դառնան այդպիսին: Այն գիտելիքից վեր փորձառություն է, կենդանի ապրում, գիտակցություն: Հնում փիլիսոփաները բանավիճում էին, թե կարելի՞ է արդարություն սովորելով` արդար լինել, և համեմատում էին բժշկության հետ: Բժշկություն սովորած մարդը բժիշկ է, նա ունի այդ գիտելիքները և կարող է կիրառել: Սակայն արդարության մասին իմացող մարդը կարող է և արդար չլինել, քանի որ այն պահանջում է մարդու վերափոխում, կենսակերպ, գիտակցություն ու զգացում և միայն գիտելիք չէ:

Այսպես է նաև իրողությունը հոգևոր լինելու կամ դառնալու համար: Քրիստոնական սերն է այն հիմքը, որի վրա հաստատվելով` անձն ի զորու է հոգևոր դառնալ: Քրիստոս ասում է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22.37-39, Մարկ. 12.30-31, Ղուկ. 10.27):

Ուրեմն, զուգահեռ և ուղղահայաց սերն է նաև անհրաժեշտ հոգևոր լինելու համար` սեր առ ընկերը, մերձավորը և սեր առ Աստված: Մերձավորի կամ ընկերոջ գաղափարը Քրիստոս մեծապես ընդլայնեց` այն ներկայացնելով բարի սամարացու մասին առակում (Ղուկ. 10.29-37):

Ավազակներից կողոպտված ու վիրավորված մարդուն նրա մոտով անցնողներից ոչ ոք չի օգնում: Սակայն բարի սամարացին, տեսնելով, որ մարդը խնամատարության ու հոգատարության կարիք ունի, օգնում է նրան: Քրիստոնեական սերը մարդկանց չի բաժանում ռասսաների, ազգերի, կրոնների, այլ վերաբերում է բոլորին, որոնց վրա կարող ենք տարածել մեր սերը, խնամքը, հոգատարությունը:

Կարդալ նաև`