ԻՐԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Աստվածածնին պատկերող շատ սրբապատկերներ ու մանրանկարներ կան: Այս գեղեցիկ նկարների միջից առանձնանում է հատկապես Աստվածածնի մորը` Աննային, և Սուրբ Մարիամին ու մանուկ Քրիստոսին պատկերող Վերածննդի ժամանակաշրջանի` Լեոնարդո դա Վինչիի նկարը:

Նկարում հետաքրքրական է հատկապես Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից Ջոկոնդայի միմիկական յուրահատկության կրկնությունը, որը նկատելի է նաև Լուվրի թանգարանում գտնվող Հովհաննես Մկրտչի նկարում: Ջոկոնդայի դեմքի նրբագծերը պարզ նկատելի են Սուրբ Մարիամի դեմքին Սուրբ Աննայի հետ նկարում:

Սուրբ Մարիամի և Քրիստոսի հետ նկարում Աստվածածնի մոր` Սուրբ Աննայի ժպիտը ևս նույն Ջոկոնդայի ժպիտն է, և նույն հայտնի ժպիտը կարծես թե արտանկարված է մեկը մյուսից: Բայց եթե այնտեղ վարպետը վրձնի հմտությամբ Ջոկոնդայի ժպիտին հանելուկայնություն է հաղորդել, ապա այստեղ Աննայի ժպիտին` խաղաղ երանություն:

Այս նկարի առնչությամբ արտասովոր մեկ այլ իրողությունն այն է, որ նկարը բոլորովին տարբերվում է Սուրբ Աստվածածնին և Սուրբ Աննային պատկերող այլ նկարների սյուժեից: Նկարում երիտասարդ Աննան է, գոգին` Մարիամը, որ խոնարհվել է դեպի գառան հետ խաղացող Քրիստոս մանուկը: Զարմանալի է, որ այստեղ Աննան և Մարիամը պատկերված են երիտասարդ հասակում, մինչդեռ Աննան պետք է տարիքով պատկերվեր:

Սուրբ Աննայի շատ նկարներում Աննան տարիքով կին է` ձեռքին Մարիամի և Քրիստոսի փոքրիկ պատկեր, մինչդեռ դա Վինչիի նկարում Աստվածածնի հետ պատկերվող նրա մայրը երիտասարդ կին է: Բացատրություններից մեկն այն է, որ նկարիչը չի ցանկացել պատկերել ծերութուն ու կնճիռներ, և կարող ենք ասել, որ մեծ նկարիչը ցանկացել է նաև մարմնական երիտասարդական գեղեցկության պատկերման միջոցով արտահայտել այս սուրբ կանանց հեգևոր գեղեցկությունը, նրանց ներքին մարդը` զարդարված ճշմարիտ գեղեցկությամբ:

Այս առումով տեղին է հիշատակել Պողոս առաքյալի խոսքը. «Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե. որովհետև մեր թեթև նեղության առժամանակյա հաճախանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենական փառք, որ գերազանցում է ամեն ինչ. քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ` անտեսանելիներին, որովհետև տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները` հավիտենական» (Բ Կորնթ. 4.16-18):