ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕՐԵՆՔ

Այսօր կան զգալի թվով մարդիկ` անկախ տարիքից, ովքեր անվստահությամբ, նույնիսկ արհամարհանքով են վերաբերվում ցանկացած տեսակի իշխանության: Եթե իշխանությունը, որը սահմանվում է որպես ուժ կամ իրավունք` վերահսկելու, դատելու կամ ոմանց գործողություններն արգելելու, ճիշտ գործադրվի, կլինի՞ արդյոք համատարած սեր իշխանության հանդեպ:

Պողոս առաքյալն ասում է. «Իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանությունից. բարի՛ն գործիր և նրանից գովասանք կստանաս, որովհետև նա Աստծու պաշտոնյա է քեզ` բարի գործերի համար. իսկ եթե չար գործես, վախեցի՛ր. քանի որ սուրը մեջքին իզուր չէ կապված. Աստծու սպասավոր է նա, վրեժխնդիր` բարկության համար, նրա դեմ, որ չարն է գործում. դրա համար պետք է հնազանդվել ոչ միայն բարկության համար, այլ նաև խղճմտանքի պատճառով» (Հռ. 13.3-5):

Չարը, հանցագործությունը պատժելու և հասարակական կյանքը կարգավորելու համար իշխանության գործունեությունը լիովին համընկնում է այս նպատակով Աստծո գործունեության հետ, դրա համար էլ իշխանությունը կոչվում է նաև Աստծու պաշտոնյա` բարի գործերի համար: Սակայն որտեղ կա ժողովրդավարական հիմունքներով ընտրված պաշտոնյաների կողմից իշխանության չարաշահում, այդտեղ մենք կարող ենք խոսել ժողովրդավարության ճգնաժամի կամ ժողովրդավարության խեղաթյուրման մասին:

Այսպես են եղել օրինակ ամերիկյան իշխանությունները մինչև 60-ական թվականները, որոնք քաջալերում էին ռասիզմը, սևամորթների խտրականությունը, կամ գերմանական իշխանությունները 30-ական թվականներից մինչև Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտը, որոնք նացիզմ, ֆաշիզմ, ռասիզմ էին քարոզում:

Պողոս առաքյալը խոսում է օրենքի հանդեպ վերաբերմունքի, որով և անուղղակի կերպով իշխանությունների նկատմամբ դիրքորոշման մասին: Նա ասում է. «Եղա օրենքի տակ, ինչպես օրենքի տակ եղածները. ոչ թե նրա համար, որ օրենքի տակ էի, այլ որպեսզի շահեմ նաև նրանց, որ օրենքի տակ են: Օրենքի տակ չեղողների հետ եղա ինչպես օրենքի տակ չեղող մարդ» (Ա Կորնթ. 9.21):

Առաքյալն անդրադառնում է օրենքի հետ կապված երեք վիճակների` օրենքի տակ չեղող – նրանք են, ովքեր ապրում են առանց նկատի ունենալու օրենքը, օրենքի տակ եղող – նրանք են, ովքեր ապրում են օրենքով` օրենքի խախտումի պատճառով պատժվելու վախից, և կյանք օրենքի մեջ, կամ ինչպես նաև այլ խոսքով է ասում` այլևս «օրենքի տակ չեք, այլ շնորհի» (Հռ. 6.14): Օրենքի տակ եղող մարդը վախենում է, որ կպատժվի, եթե հանցանք անի, դրա համար էլ չի խախտում օրենքը, իսկ օրենքի մեջ, կամ շնորհի մեջ եղողին կարող է նույնիսկ չհետաքրքրել պետական օրենքի, քրեական օրենսգրքի առկայությունը, որովհետև նրա կյանքը համաձայն է օրենքի բարի պահանջներին:

Օրինակ` իրական քրիստոնյային պետք չէ, որ օրենքը ասի՝ մի՛ սպանիր, որպեսզի ինքը մարդասպանություն չգործի, կամ օրենքն ասի` մի՛ գողացիր, որպեսզի ինքը գող և ավազակ չլինի: Այլ նրա ապրած կյանքը բարի է ու առաքինի, որը չի առնչվում վատ արարքներին և դրանց համար օրենքի կողմից սահմանվող պատիժներին:

Օրենքի տակ լինելու իրողությունը, ցավոք, առկա է ոչ միայն պետական օրենքները վախից պահելու կենսաձևում, այլև հավատավոր կյանքում, քանի որ կան շատ մարդիկ, ովքեր չեն շնանում, գողանում, կամ Աստծո այլ պատվիրանները պահում են առաջին հերթին Աստծուց չպատժվելու և դժոխքի կրակներում չվառվելու համար:

Մինչդեռ իրականում պատվիրանները պետք է իրագործել Աստծո հանդեպ սիրուց, պետք է առաջնորդվել տերունաշնորհ պատվիրաններով, քանի որ դա է ճիշտ, բարոյական, առաքինի կենսաձևը: