ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Իշխանության հանդեպ հարգալից վերաբերմունքի և հատկապես սիրո ու վստահության պակասն ավելի ու ավելի ակներև է: Ինչո՞ւ է պակասել հարգանքն իշխանության հանդեպ:

 «Իշխանություն» ասելով` այն նկատի ունենք ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև տարբեր ոլորտներում: Իշխանության հանդեպ հարգանքի նվազումը պայմանավորված է այն կրողների անձնական վարվեցողությամբ, զբաղեցրած պաշտոնի, ստանձնած պատասխանատվության մեջ անհամապատասխան վարքագծով:

Հաճախ տարբեր բնագավառներում իշխանություն ունեցողներն այդ իշխանությունը պարտադրում են իրենց վիճակված հանգամանքի բերումով և ոչ թե անձի` այդ իշխանությունը կրելու արժանիքների ցուցադրումով և դրանց գործադրումով:

Իշխանության հեթանոսական ընկալումները բերում են վերադասի և ստորադասի, գերակայության և ստորակայության հասկացությունների վրա կառուցված հարաբերություններ: Մինչդեռ Քրիստոս ասում է. «Ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, և նրանք, որ իշխում են նրանց վրա, բարերարներ են կոչվում: Բայց դուք այդպես չլինեք, այլ ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը` ինչպես սպասավորը» (Ղուկ. 22.25-26), «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9.34):

Ուրեմն, սերն ու ծառայանվիրումն է, որ քրիստոնեական տեսակետից, հոգևոր ընկալումով օրինական և ընդունելի է դարձնում իշխանությունը: Իշխվողների վրա իշխանությունն առավելաբար հրամանների, վախի մթնոլորտի, պատժի սպառնալիքի, օրենքով խստորեն պատժելու սկզբունքներով տարածելը պատճառ է դառնում իշխանություններից դժգոհության, դրանցից ազատվելու ձգտման, առերևույթ հնազանդության տակ հակակրանքի և անգամ թշնամության ու ատելության զգացումների առկայության:

Այսպիսով, իշխանությունը պիտի լինի իշխանություն` ծառայանվիրումի, սիրո ու խնամքի հիմքի վրա հաստատված, և ոչ թե հիմնված վախի ու իշխողին վիճակված հանգամանքի առջև հնազանդվելու պարտադրանքի վրա, այսինքն` պետք է լինի ոչ թե օրենքի, այլ շնորհի իշխանություն:

Պողոս առաքյալի ուսուցումը, թե այլևս օրենքի տակ չեք, այլ շնորհի (Հռ. 6.14), տարածվում է նաև իշխանության քրիստոնեական ընկալման վրա, որով իշխանությունը բանեցվում է ոչ թե օրենքի սահմանած անհնազանդության պատժի հիշեցմամբ, որը բերում է դժգոհություն ու հակակրանք, այլ իշխվողների հանդեպ սիրո ու ծնողական հոգածության դրսևորումով:

Այս դեպքում արդեն իշխանությունը դառնում է բարոյական իշխանություն և ոչ թե միմիայն օրենքի վրա հիմնված իշխանություն: Իշխանության այս տեսակն է, որ իր հանդեպ հարգանք ու սեր է վայելում:

Իշխանությունը կարո՞ղ է ծառայել միայն բարի նպատակների համար:

«Իշխանություն» նշանակում է որևէ բնագավառում ինչ-որ մեկից տրված գործելու մեծ լիազորություն: Իշխանությունն աստվածատուր է, այսինքն` տրվում է Աստծո կողմից: Այստեղ պետք է նշել երկու հանգամանք: Աստծո կողմից որևէ մարդու կամ մարդկանց խմբի տրվում է իշխանություն քաղաքական կամ այլ ոլորտներում երկու ձևով` Աստծո տնօրինական կամ թույլատու կամքով:

Աստվածաբանության մեջ աստվածային կամքի այս տարբերակումներն են արվում այն բացատրությամբ, որ Աստված Իր տնօրինական կամքով տնօրինում է, որպեսզի բարին լինի աշխարհում, մարդկության կյանքում, իսկ թույլատու կամքով թույլ է տալիս, որպեսզի բացասական առումով ինչ-որ մի իրողություն տեղի ունենա հեռահար բարի նպատակի համար, քանի որ Աստված կարող է փոքր չարիքից մեծ բարիքներ հանել մարդկության, հասարակության, երկրի համար:

Այստեղ խոսքն Աստծո կամքի թվային ավելացման մասին չէ, այլ նույն կամքի տարբեր դրսևորումների մասին: Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում ասում է. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանությունները Աստծուց են կարգված» (13.1):

Աստվածաշնչից կարող ենք հիշել Հովսեփի օրինակը: Նա դրվեց ստրկավաճառների իշխանության տակ, ովքեր նրան վաճառեցին Եգիպտոսում, այնուհետև` բանտապետի իշխանության տակ, ով նրան բանտ գցեց, այնուհետ` փարավոնի իշխանության տակ, ով նրան մեծ պաշտոնի արժանացրեց: Եվ տեսնում ենք, որ այս ամենը աստվածային կամքով եղավ ավելի մեծ բարիքի համար, որովհետև այս իշխանությունների տակ գտնվելով` Հովսեփը հասավ մի վիճակի, երբ փրկություն բերեց իր ծնողներին, եղբայրներին, ազգակիցներին, ինչպես նաև բազմաթիվ ժողովուրդների:

Այսպես և հրեա երեխաների դեմ ուղղված հալածանքներով Մովսեսը մանուկ հասակում տարագիր եղավ իր ծնողներից և մուտք գործեց եգիպտական իշխանության վերին օղակները, այնուհետ նաև հարյուրամյակների գերությունից փրկության առաջնորդեց իր հարազատ ժողովրդին:

Ուրեմն, ըստ Աստվածաշնչի, իշխանությունն Աստծուց է, որ տրվում է աստվածային թույլատու կամ տնօրինական կամքով` ծառայելու համար մարդկանց բարիքին: Իսկ իշխանության չարաշահմամբ մարդկանց հանդեպ գործադրվող բռնությունները, անարդարությունները, տարբեր չարիքները հաճելի չեն Աստծուն, բայց Նա այդպիսի չարիքներից անգամ Իր նախախնամությամբ բարիքներ է վեր հանում:

Կարդալ նաև`