ԻՆՉՊԵՍ ՆԵՐԵԼ, ՆԵՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Ինչպե՞ս կարելի է ներել մեկին, որ դավաճանել կամ վիրավորել է:

Իսկ ինչպե՞ս Քրիստոս ներեց Իրեն դավաճանած, ուրացած Պետրոս առաքյալին (Հովհ. 21.15-17): Քրիստոս ասում է. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. 5.44):

Մեզ համար առաջին հայացքից անարդարացի է թվում այսպես վարվելը. ինչո՞ւ պետք է ներենք մեզ ատողներին կամ հալածողներին: Սակայն անիծողներին անիծելով, հալածողներին հալածելով` մենք ինքներս դառնում ենք չարագործներ, երբ չարագործությունը պատժում ենք չարագործությամբ: Քրիստոսի ասածն այն է, որ բոլոր դեպքերում մենք կարողանանք մնալ մաքուր ու բարոյական, հեռու` մեղքից ու չարությունից:

Քրիստոսի այս պատվերը նաև աստվածանմանության հորդոր է` համապատասխան մեկ այլ պատվիրանի. «Կատարյալ եղե՛ք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): Քրիստոս ասում է, որ Աստված արևը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա (Մատթ. 5.45): Այսպես նաև մենք պետք է մեր ներումը և բարությունը տարածենք բոլորի վրա` աստվածանմանության արարքներ գործելով:

Ներելու համար պետք է աղոթել, ինչպես Քրիստոս խաչի վրա աղոթեց իրեն խաչած մարդկանց համար (Ղուկ. 23.34), կամ ինչպես Ստեփանոս նախասարկավագը, որի մասին պատմվում է Գործք առաքելոցում, աղոթեց իրեն քարկոծելով սպանող մարդկանց համար (Գործք 7.59): Աղոթքն իր զորությամբ կարող է փոխել մարդուն, որի համար աղոթում են, բացի դրանից աղոթողի մոտ կարող է համապատասխան զգացում առաջացնել, որն անհրաժեշտ է ներել կարողանալու համար:

Ասում են` ուրիշներին ներելը ճանապարհ է հարթում ավելի բարձրագույն` աստվածային ատյանի կողմից սեփական մեղքերի թողության ու ներման համար: Որո՞նք են ներելու մնացած օգուտները:

«Հայր մեր» աղոթքում խնդրվում է. «Ների՛ր մեր մեղքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին» (Մատթ. 6.12): Սա նշանակում է, որ Աստծուց ներում ստանալու պայման է մեր կողմից մեզ վիրավորողներին, մեր դեմ մեղք գործածներին ներելը: Չներելու դեպքում աղոթքի խոսքից բխող եզրակացությունն այն է, որ ինքներս ներում չենք գտնի Աստծո կողմից: Հետևաբար, ներելն Աստծուց պատվիրված և Նրան հաճելի արարք է:

Ներումը նաև մարդու անձնական հոգևոր խաղաղության, ներդաշնակության համար է: Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ թշնամիներին սիրելու պատվիրանը տրվեց նաև մեր անձնական օգտի համար, որպեսզի մենք չկորցնենք հոգևոր անդորրն ու խաղաղությունը: Իրոք, այն անձը, ով չի կարողանում ներել, բարկության մեջ է լինում, իր մտքում խոսում է, վիճում իրեն վիրավորած անձի հետ, կորցնում է իր հանգիստը: Մինչդեռ ներելը մարդուն ազատում է թշնամության զգացումից:

Աստծո ներումն ստանալու համար Քրիստոս կարևորեց հոգևորականների կողմից ներման արժանանալը: Նա առաքյալներին ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20.22-23)», «ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մատթ. 18.18):

Առաքյալներն իրենց հոգևոր իշխանությունը ձեռնադրությամբ փոխանցել են իրենց հաջորդողներին և այդ իշխանությունն ունեն հոգևորականները: Ուրեմն, անձի համար բացի Աստծո առջև իր զղջումից, կարևոր է նաև հոգևորականների միջոցով ներում ստանալը: Քանի որ մարդը մեղք է գործում երեք ուղղություններով` Աստծո կամքին հակառակ գնալով, որևէ անձի վնաս պատճառելով, Քրիստոսի հիմնած Եկեղեցու կանոնները խախտելով, ապա նրա ներումը ևս պետք է լինի այս երեք ուղղություններով: