ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹԵԼ

Կա՞ հատուկ աղոթքի բանաձև: Ինչպե՞ս աղոթել:

Այսպիսի հարց նաև առաքյալները տվեցին Քրիստոսին և խնդրեցին. «Տե՛ր, մեզ աղոթել սովորեցրո՛ւ» (Ղուկ. 11.1): Եվ Քրիստոս նրանց սովորեցրեց Տերունական աղոթքը, կամ այլ կերպ ասած` «Հայր մեր» աղոթքը: Բայց քանի որ աղոթքը հոգևոր կապ ու հաղորդակցում է Աստծո հետ, ապա միայն Տիրոջ սովորացրած աղոթքը չէ, որ կարող ենք ասել: Աղոթքը կարող ենք բաժանել ընդհանրական, առանձնական, կանոնական տեսակների:

Ընդհանրական աղոթքը հիմնականում արվում է եկեղեցիներում, երբ ժամերգությունների ժամանակ հավատացյալները համախմբված աղոթում են: Սակայն ընդհանրական աղոթքը ենթադրում է նույն աղոթքի կամ նույն մտադրությունների համար աղոթքի կատարումը, որը հիմնականում լինում է ժամերգությունների ժամանակ, երբ արարողության ընթացքում աղոթասաց եկեղեցականը հատուկ կարգված աղոթքներն է ընթերցում, և մյուսները, լսելով աղոթքը, իրենց ներքին խնդրանքով միանում են այդ աղոթքին:

Ժամերգությունների աղոթքներն ավելի ընդհանրական բնույթ ունեն` խնդրում են, որ Աստված ների մեր մեղքերը, իր ողորմություններին արժանացնի, նեղյալներին, հիվանդներին օգնի, ննջեցյալների հոգիներին հանգստություն պարգևի, աշխարհին խաղաղություն շնորհի:

Առանձնական աղոթքով մարդն իր անձնական խնդրանքներն է ներկայացնում Աստծուն` խոսելով Աստծո հետ` որպես սիրող Հոր հետ: Անձնական աղոթք կարելի է անել եկեղեցում, ինչպես և ամեն պատշաճ վայրում, որովհետև Ամենակարող Աստված մարդկանց լսում է ամենուր: «Երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը» (Մատթ. 6.6),- ասվում է Ավետարանում:

Այս խոսքերին անդրադարձ կա նաև պատարագամատույցում: Աղոթքի վերաբերյալ այս ուսուցումը, սակայն, փոխաբերաբար նշանակում է ներամփոփվել, ամենայն ուշադրությամբ աղոթել և այս իմաստով է այն բարձրաձայնվում պատարագի արարողության ժամանակ:

Պետք է նկատի ունենալ, որ աղոթքը միշտ առավել արդյունավետ է լինում եկեղեցում, որովհետև եկեղեցու մթնոլորտը, հավերժության խորհրդանշանները, սրբապատկերները և այլն մարդկանց միտքը զգաստ են պահում և սևեռում հավիտենական իրողությունների վրա: Նաև Աստծուն նվիրված տաճարի մասին Հին Կտակարանում ասվում է, որ Աստված լսելու է բոլոր նրանց, ովքեր տաճարի ներսում աղոթքի կկանգնեն (Գ Թագ. 8.26-45):

Կանոնական աղոթքներն աղոթագրքերում զետեղված աղոթքներն են կամ տարբեր սրբերի, եկեղեցական հեղինակների աղոթքները, որոնք արտահայտում են մարդկային տարբեր հոգեվիճակներ և առանձնական աղոթքի ժամանակ օգնում են իր սեփական աղոթքի բառերը դժվարությամբ գտնող մարդկանց աղոթել և կամ առավել լավ բառապաշարով ու հոգևոր տրամադրվածությամբ աղոթել:

Այսպես են նաև Աստվածաշնչի սաղմոսները, որոնք առ Աստված ուղղված աղոթքներ են: Աղոթելու դժվար տրամադրվող մարդկանց սաղմոսասացությունն օգնում է խնդրանքները կամ գոհաբանությունը ներկայացնել Աստծուն, ինչպես և աղոթքի հակվածություն և տրամադրվածություն ու ներշնչանք ունենալ: