ԻՆՉՈՒ ՔՐԻՍՏՈՍ ԱՆԻԾԵՑ ԹԶԵՆԻՆ

Մեծ Պահքի վերջին շաբաթվա բոլոր օրերը տարբերակվում են «ավագ» անվանումով: Ավագ երկուշաբթի օրը չորացած թզենու հիշատակն է, որի մասին պատմվում է Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում (Մատթ. 21.18-22, Մարկ. 11.12-14):

Եփրեմ Ասորին նշում է, որ Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում բազում մարդկանց բուժեց, կենդանություն տվեց, բայց ահա այս մի թզենին անիծեց և չորացրեց: Քանի որ մոտենում էին Քրիստոսի չարչարանքները, ապա Նա Իր զորությամբ չորացրեց թզենին, որպեսզի հետո աշակերտները չմտածեն, թե Իր ուժերը սպառվել են, և տկարության պատճառով մատնվեց թշնամիների ձեռքը: Ցույց տալու համար, որ Իր խոսքը կենդանարար է, Ինքն է կենդանացնողը և դատողը, Քրիստոս բուժեց չորացած ձեռքը և չորացրեց կանաչ թզենին:

Մաղաքիա պատրիարք Օրմանյանն իր մեկնությամբ բացատրում է հետևյալը: Թզենու հետ կատարված դեպքը պատահեց Բեթփագեում, որը թարգմանվում է «թզենու տուն»: Աշակերտների հետ այստեղ գալով՝ Քրիստոս ևս ուտելու կարիք զգաց և մոտեցավ ճանապարհին գտնվող թզի ծառին, որի վրա, սակայն, պտուղ չգտնվեց: Բայց այս դեպքը պատահեց այն ժամանակ, երբ պտղի հասնելու օրերը չէին, և Մարկոս ավետարանիչն էլ հայտնապես ասում է այս մասին (11.13):

Թզենիների պտուղը տերևներից առաջ է ցցվում, և թզենին, որ տերևազարդ կերպարանք ուներ, պետք էր պտուղներ էլ ունենար, թեև ոչ հասունացած: Բայց ծառն ամենայն հավանականությամբ արդեն չորացման ենթակա էր, քանզի պտղաբերություն այլևս չուներ: Սակայն այստեղ Քրիստոսի գործողությունն առակի ձևն ունի ոչ թե մտովի կազմված, այլ իրական պատահարից վերցված:

Մեկնիչները թզենին համարում են Հին Ուխտի խորհրդանիշ, որը թեպետ արտաքին երևույթով զարդարված և կերպարանքով կատարյալ, սակայն արդյունք չէր ունեցել: Թզենու օրինակով Հին Ուխտն է, որ անպտղության է դատապարտվում: Հին Ուխտի ներկայացուցիչները՝ քահանայապետներ ու քահանաներ, դպիրներ և օրենսգետներ, հալածում էին Նոր Ուխտը և Ավետարանի պտուղներ չունեին, թեպետ փարիսեցիական կեղծավորությամբ և սադուկեցիական խրոխտանքով արտաքին երևույթներով իրենց զարդարված էին ցույց տալիս:

Ըստ Եփրեմ Ասորու` թզենու տերը Մովսեսի օրենքին հակառակ պտուղ չէր թողնում ծառի վրա կարիքավորների, ճամփորդների կամ օտարականների համար (Ղևտ. 19.10): Եվ Քրիստոս չորացրեց թզենին, որպեսզի բնական օրենքով պտուղ չստանա նա, ով չէր պահում Մովսեսի օրենքը։ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ Քրիստոս Իր կործանող զորությունը ևս ցույց տվեց աշակերտներին, որպեսզի նրանք չվախենան ոչ մի բանից և քաջ լինեն։

Երբ Ադամը դրախտում մեղք գործեց, ապա նրա մերկությունը ծածկվեց թզենու տերևներով: Եվ Քրիստոս չորացրեց թզենին, որպեսզի ցույց տա, որ Իր գալստյամբ այլևս պետք չեն այն տերևները, որոնցով ծածկվեց Ադամի մերկությունը, այսինքն՝ Քրիստոսի փրկագործությամբ պարտվեցին մահն ու մեղքը, և բացվեցին դռները դրախտի ու հավիտենական կյանքի: