ԻՆՉՈՒ ԱՂՈԹԵՆՔ, ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵ

Ինչո՞ւ պետք է աղոթենք, եթե Աստված ամեն ինչ գիտե, նույնիսկ այն, ինչ պետք է ասենք աղոթքի պահին:

Ժամագրքի աղոթքներից մեկում դրա մասին ասվում է. «Գիտես զպետս մեր և զկարիս առաւել, քան զոր խնդրեմք և իմանամք»: Այսինքն` Աստված մեր պետքերն ու կարիքները մեր խնդրածից և իմացածից ավելին գիտե: Սակայն մեզ համար բավական չէ միայն Աստծո իմացությունը, այլ հավատացյալի գործողությունը ևս անհրաժեշտ է:

Այսպես նաև, երբ մի բան են տալիս, մյուսը պետք է ձեռք մեկնի ու վերցնի, և կամ հաճախ ձեռք են մեկնում ու խնդրում, և դիմացինը տալիս է խնդրածը: Այսպես է նաև աղոթքը, որը կարգվել է Աստծո հետ կենդանի հարաբերություններ, հաղորդակցություն պահպանելու, հոգևոր զգացումները զարգացնելու համար, ինչն այլ կերպ չի լինում, քան միայն Աստծո հետ կենդանի շփման ու հաղորդակցության մեջ: Նաև աղոթում ենք, որպեսզի իմանանք, որ Աստծո շնորհներով, պարգևներով ենք կյանքում բարիքներ ստանում:

Աղոթքը մեզ մոտեցնում է Աստծուն, հոգևոր ոլորտ վեր հանում, հոգևոր փորձառություն տալիս, ներքին բերկրանքի կամ մխիթարության զգացումներ բերում, աղոթական ապրումներում մեզ միացնում Աստծո հետ, ինչպես սիրող հայրն ու որդին են գրկախառնվում և ջերմորեն զրուցում:

Եկեղեցական հեղինակներն զգուշացնում են, որ աղոթքի ժամանակ մտքի մեջ կամ մտավոր հայացքի առջև Աստծո երևակայական պատկերը չնկարենք, որովհետև դա կարող է շեղումների բերել, քանզի դրանով մարդն արդեն սկսում է աղոթել իր ստեղծած երևակայական պատկերին, և նրա հոգևոր ապրումները բանտարկված են մնում երևակայության սահմաններում:

Բացի դրանից` սատանան նաև, ըստ Պողոս առաքյալի, կարող է ներկայանալ անգամ լուսե հրեշտակի կերպարանքով (Բ Կորնթ. 11.14): Դրա համար աղոթելիս հարկ է երևակայական պատկերներ չունենալ հոգեմտավոր հայացքի առջև:

Ո՞րն է Տերունական աղոթքի խորհուրդը:

«Հայր մեր» աղոթքը կոչվում է Տերունական, որովհետև Հիսուս Քրիստոս` մեր Տերն է այն սովորեցրել: Տերունական աղոթքը ցույց է տալիս ընդհանրապես աղոթքների բովանդակության ճիշտ կարգավորվածությունը:

Այստեղ սկզբում խնդրվում է Աստծո կամքի իրագործումը, Աստծո թագավորության գալուստը, այնուհետ անցում է կատարվում երկրային, նյութական իրողություններին` ինչպես հանապազօրյա հացի, մեղքերի ներման, փորձություններից հեռու մնալու խնդրանքները: Այս աղոթքը ցույց է տալիս, թե որոնք պիտի լինեն հավատացյալի կյանքում նրա մտահոգությունների առաջնահերթությունները:

Քրիստոս նաև սովորեցնում է` ասելով. «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.33): Այսինքն` նյութականի մասին մտորումը, նյութականի փնտրտուքը չմերժելով` Քրիստոս իր ուսուցումներով, նաև Տերունական աղոթքով սովորեցնում է նախ և առաջ նախանձախնդիր լինել հոգևոր, վեհ արժեքների, և միայն հետո մտահոգվել նյութական իրողությունների համար:

Հետևաբար, Քրիստոս տալիս է արժեհամակարգի կատարյալ օրինակ, դասավորվածություն, և այդ արժեհամակարգի խախտումը, որը ցավոք տեղ ունի նաև մեր հասարակության մեջ, բերում է մարդկային կյանքի, Աստծո հետ հարաբերությունների ու ներդաշնակության խանգարման: Մինչդեռ ավելի վեհ արժեքները նյութականին չզոհելը, չստորադասելն արդյունավորվում է կյանքի ծաղկումով ու առաջընթացով: