Ի՞ՆՉ ԽՈՍՔԵՐ ԱՍԱՑ ՔՐԻՍՏՈՍ ԽԱՉԻ ՎՐԱ

Քրիստոս խաչի վրա Իր չարչարանքների մեջ  խոսքեր ասաց, որոնք ամբողջությամբ չեն երևում Ավետարաններն առանձին ընթերցելիս, քանի որ ամեն մի ավետարանիչ ներկայացրել է մի առանձին դրվագ: Սակայն Ավետարանների համադրությամբ երևում է, որ Քրիստոս խաչի վրա յոթ խոսք ասաց.

1. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23.34): Այս խոսքով Տերը մեզ սովորեցրեց աղոթել նաև թշնամիների համար:

2. Իր աջ կողմում խաչված ավազակին ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23.43): Սա նշանակում է, որ Արքայության կարող են արժանանալ միայն նրանք, ովքեր մասնակից են լինում Քրիստոսի չարչարանքներին: Չարչարանքներին մասնակցությունը պետք է հասկանալ հետևյալ կերպ: Եփրեմ Ասորին ասում է, որ կա երկու մկրտություն` Հոգու և արյան: Սրանցից որևէ մեկի բացակայության դեպքում մարդը չի կարող փրկվել: Արյան մկրտությունն է ոչ միայն նահատակությունը, այլև Քրիստոսին միշտ դավանելը և ըստ Նրա պատվիրանների ապրելը:

3. Քրիստոս Սուրբ Մարիամին ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին» և Հովհաննես առաքյալին ասաց. «Ահա՛ քո մայրը» (Հովհ 19.26-27)` Իր մորը հանձնելով Իր աշակերտի խնամակալությանը: Քրիստոս նույնիսկ  խաչի վրա  եղած ժամանակ չարչարանքների մեջ հիշեց Իր մորը և մտահոգվեց նրանով, սակայն Իր ծնողի համար չիջավ Խաչից: Դրանով Փրկիչը մեզ սովորեցրեց, որ հատկապես կրոնավորները` իրենց վրա խաչ վերցրածները, մարմնական ծնողների համար չհրաժարվեն խաչից՝ իրենց հանձնառությունից, ծառայությունից:

4. Քրիստոս Իր տառապանքների մեջ ասաց՝ «ծարավ եմ» (Հովհ 19.28): Սա ցույց է տալիս, որ Քրիստոս իրապես մեծ տանջանք էր կրում և մարմնապես հյուծվել ու ծարավել էր, բայց դա նաև փոխաբերորեն նշանակում էր, որ Փրկիչը ծարավ էր մարդկության համար էլ ավելի տանջվելու:

5. Մեծ տառապանքների մեջ Քրիստոս բացականչեց. «Էլի՜, էլի՜ լա՞մա սաբաքթանի` Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ թողեցիր Ինձ» (Մատթ. 27.46): Ըստ Սուրբ Եփրեմ Ասորու` չարչարանքների ժամանակ Քրիստոսի աստվածությունը նահանջեց Քրիստոսի մարդկությունից, բայց ոչ այն աստիճան, որ բաժանվի, այլ այդ նահանջելը դրսևորվում էր նրանով, որ այդ ժամանակ աստվածային հզորությունը չէր արտահայտվում։ Արդյո՞ք պատշաճ է ասել, թե Աստված չարչարվեց կամ Աստված մեռավ, և արդյո՞ք այդպիսով չենք դառնում աստվածաչարչարներ։

Պատասխանն այն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չի ասում, թե խաչվեց աստվածային բնությունը, այլ մեր քրիստոսաբանությամբ` խաչվեց Հիսուս Քրիստոս, այսինքն` Քրիստոս ամբողջությամբ, առանց բաժանումների։ «Անչարչարելի աստվածությամբ ասվում է ըստ բնության, իսկ Աստված չարչարյալ` ըստ միավորության»։

Մեր աստվածաբան Կաթողիկոսներից Ղազար Ջահկեցին միավորությունը բացատրում է հետևյալ համեմատությամբ։ Ինչպես հուրը երկաթի հետ միավորվելով վերացնում է նրանից ցրտությունը և սևությունը, այդպես էլ Քրիստոսի մարմինը, միավորված Աստված Բանի հետ, ունի Բանի կարողությունը և աստվածությունը»։ Հետևաբար, ոչ թե ըստ բնության, այլ ըստ միավորության, «Աստված չարչարյալ» արտահայտությունը ճիշտ է։

Մի շարք մեկնությունների համաձայն` Քրիստոսի այս խոսքերը 21-րդ սաղմոսի խոսքերն էին (2)։ Այս սաղմոսը հրեաներն ասում էին Աստծուն օգնության կանչելիս:

6. Քրիստոս մեռնում էր հանուն մարդկության հանձն առած տառապանքների մեջ և ասաց. «Հա՛յր, Քո ձեռք եմ ավանդում  Իմ հոգին» (Ղուկ. 23.46): Բայց այս խոսքերը Տերը նաև ասաց ի դատապարտություն նրանց, ովքեր մեղսալի կյանքով ապրելով՝ մահից հետո իրենց հոգին հանձնում են սատանային:

7. Քրիստոսի երկրային կյանքի վերջին խոսքերն էին. «Ամեն ինչ կատարված է» (Հովհ. 19.30): Այս ասելուց հետո Քրիստոս գլուխը կախեց և հոգին ավանդեց (Հովհ. 19.30): Ասվածը նշանակում էր, որ կատարված է ողջ մարգարեությունը և փրկագործությունը: Սրանով Տերը սովորեցրեց մեզ, որ մեր կյանքի ավարտին ամեն ինչ պետք է կատարված լինի` և՛ մեղքերի համար զղջումը, և՛ կտակը:

Հետաքրքրական է, որ Քրիստոսի «ծարավ եմ» խոսքից հետո, ըստ ավետարանիչների, խաչի մոտ հավաքվածներից մեկը վազում է, սպունգը թրջում քացախի մեջ, անցկացնում եղեգի ծայրին և մեկնում Քրիստոսին, որ խմի (Մատթ. 27.48, Մարկ. 15.36, Հովհ. 19.29): Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ այդ հավաքվածները զինվորներն էին: Զինվորը` գթասրտությունից դրդված, շտապեց Խաչեցյալին ըմպելիք տալու: Քրիստոս ըմպեց իրեն մեկնված ըմպելիքից, ինչը հավանաբար ահավոր չարչարանքների մեջ ֆիզիկական որոշ թեթևություն բերեց, և դրանից հետո հոգին ավանդեց:

Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, որպեսզի մենք փրկություն և հավիտենական կյանք ունենանք: Փառք մեր Տիրոջը և Փրկչին հավիտյանս. ամեն: