ԺԱՄԱՆԱԿ ՀՈԳԵՎՈՐԻ ՀԱՄԱՐ

Անհնար է, որ որևէ մեկի բարի աղոթքներն անպատասխան մնան։ Եվ բազում ու բազում մարդիկ այսօր համոզվել են, որ իրենց կյանքում չի եղել որևէ բան, որ Աստծուց խնդրեն և չստանան։ Սակայն կան մարդիկ, ովքեր ասում են, որ աղոթքով իրենց շատ խնդրանքներ չեն կատարվել։

Մեր Եկեղեցու մեծագույն Կաթողիկոսներից մեկը` Հովհան Մանդակունին, ասում է, որ եթե քո որևէ աղոթք անպատասխան է մնացել, ապա պատճառն այն է, որ ջերմեռանդությամբ չես խնդրել։ Բայց աղոթող մարդկանց թվում նաև այնպիսիները կան, ովքեր շատ հազվադեպ են եկեղեցի հաճախում, երկրային գործերով տարված լինելու պատճառով ուշադրությամբ չեն աղոթում և ասում են, որ ժամանակ չունեն թե՛ եկեղեցի հաճախելու և թե՛ Աստվածաշունչ կարդալու։

Բայց հենց այստեղ է սատանայի խորամանկությունը, երբ հերթը հասնում է հոգևորին ժամանակ տրամադրելուն` օրվա մեջ գոնե մի փոքր ժամանակահատված Աստվածաշունչ ընթերցելուն կամ աղոթելուն, մարդը մտածում է, որ դրա համար ինքը ժամանակ չունի։ Ոմանք հարցնում են. «Ինչի՞ համար աղոթենք, եթե Աստված ամենագետ է և գիտի մեր կարիքները»։ Աղոթելը առաջին հերթին մեզ համար է, որովհետև այն սրբացնում է մարդուն, նրանից հեռու է վանում անառակ և վատ մտքերը, իսկ երբ մարդն աղոթում է իր թշնամու համար, դրանից փոխվում է ոչ միայն թշնամին, այլև մարդը լցվում է մեծ բարությամբ, և իրենից հեռանում են նաև թշնամական մտքերն ու զգացմունքները։

Աղոթքով է, որ մենք զրուցում ենք Աստծո հետ, որպես մեր ամենամոտ հարազատի, և դրանով ամրանում ու ջերմանում է նաև մեր սերն Աստծո հանդեպ։ Իսկ ինչ վերաբերում է մեր առօրյա հոգսերի մեջ հոգևորի համար ժամանակ չունենալուն, ապա դրա մասին գերմանացի հռչակավոր գրողն ասել է. «Մարդ միշտ էլ բավականաչափ ժամանակ ունի, եթե միայն այն հարմար կերպով գործածել իմանա»։ Իսկ մեծ փիլիսոփա Սենեկան իր հանճարեղ իմաստությամբ ասել է. «Մենք դառնապես գանգատվում ենք, թե մեր ժամանակը կարճ է։ Միշտ դժգոհ ենք, թե մեր օրերը սակավաթիվ են, բայց գործում ենք այնպես, իբր թե դրանք վերջ չունեն»։

Եվ եթե մենք անդրադառնանք, թե որքան ժամանակ ենք իզուր վատնում անհարկի խոսակցությունների, հեռուստաֆիլմերի ու տարբեր հաճույքների համար, ապա կզգանք, որ, իրոք, մեծ ամոթ է մեզ այս ամենի մեջ Աստծո համար ժամանակ չգտնելը։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը. դրա համար էլ պետք է այս կյանքի ժամանակը ի բարին օգտագործել, որովհետև այս ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ»։