ԺԱՄԱՆԱԿԻ ՉԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եկեղեցական, փիլիսոփայական, գիտական կարծիքները, ինչքան էլ տարբեր ոլորտների առնչվեն, ենթադրում են անկախ ժամանակի առկայություն: Սակայն պետք է հաստատել, որ ժամանակ, իբրև այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի:

Արտահայտված պատկերավոր տեսակետը, թե իրական ժամանակն այն է, որ կրծում է առարկաները և նրանց վրա թողնում իր ատամների հետքը, չի կարող հիմնավոր լինել: Ժամանակն ինչ-որ աներևույթ բան չէ, որ կրծոտի իրերը, այլ իրերը փոխվելով` վերացական ժամանակի հասկացությունն են տալիս: Հետևաբար, փոփոխությունն է ժամանակը, և իրերի փոփոխվելու հատկությունն է, որ ստեղծել է ժամանակի պատկերացումն ու պատրանքը: Այս իրողությանը գրեթե ուշադրություն չեն դարձրել կամ չեն շեշտել հին և նոր ժամանակների փիլիսոփաները: Բերգսոնի մոտ ակնարկներ կան ժամանակի չգոյության, սակայն  Լեյբնիցի աշխատություններում այն կարծիքը կա, որ տարածությունն ու ժամանակը սուբյեկտիվ են: Նա այն միտքն է արտահայտում, որ տարածությունն ու ժամանակը զուտ հարաբերական են, տարածությունը գոյության կարգն է, իսկ ժամանակը՝ հաջորդականության կարգը, տարածությունն ու ժամանակը ներկայացնում են միայն իրերի կարգը և ոչ թե` բացարձակ էություն:

Կանտը թերևս ազդվել է Լեյբնիցի դատողություններից և ժամանակն առավելաբար սուբյեկտիվ է համարում: Թեև նա նշում է, որ ժամանակը փորձից բխող զգացական հասկացություն չէ, սակայն հաստատում է դրանով հանդերձ ժամանակի զգացական հայեցողության մաքուր ձև լինելը: Կանտը տալիս է «ժամանակ» հասկացության մետաֆիզիկական, անդրանցական մեկնությունները: Բավականին հետաքրքրական են նրա դիտարկումներն առ այն, որ իրականում միաժամանակություն կամ հաջորդականություն նույնիսկ չէին ընկալվի, եթե դրանց հիմքում ընկած չլիներ ապրիորային պատկերացումը ժամանակի մասին: Միայն այդ դեպքում կարելի է պատկերացնել, որ իրադարձությունները տեղի են ունենում միևնույն ժամանակ (միասին) կամ տարբեր ժամանակներում (հաջորդականությամբ): Սակայն այս դիտարկումն ավելի շատ ժամանակ-հասկացության և ոչ թե ժամանակ-էության մասին է:

Այս մեծ փիլիսոփան շեշտում է` բոլոր երևույթները ժամանակի մեջ են, հետևաբար, ժամանակը տրված է a priori: Սույն դատողությունը նման է Նյուտոնի տեսակետին առանց արտաքինին հարաբերության` ժամանակի հավասարաչափ ընթացքի մասին և հակառակ է Լեյբնիցի կարծիքին, ով ժամանակն առավելաբար կապում է ստեղծվածների գոյության, շարժման և հաջորդականության կարգի հետ: Այսպիսով, Կանտի տեսակտի համաձայն, բոլոր երևույթները կարող են անհետանալ, բայց ժամանակն ինքնին (որպես ընդհանրապես պայման դրանց հնարավորության) վերացնել չի լինի: Ժամանակն ունի միայն մեկ չափում. տարբեր ժամանակները գոյություն ունեն ոչ միասին, այլ հաջորդաբար (տարբեր տարածությունները, ընդհակառակը, գոյություն ունեն ոչ թե մեկը մյուսից հետո, այլ միաժամանակ): Կանտի այս միտքը որոշ չափով նման է Օգոստինոսի պնդմանը ժամանակի մի լինելու, անցյալի ու ապառնիի անիրական էության վերաբերյալ, սակայն Կանտը սրանով շարունակում է իր ենթադրությունը a priori ժամանակի մասին, չնայած որ ակնարկ է անում, թե անկախ ժամանակ գոյություն չունի:

Սակայն ինչպե՞ս կարող է ժամանակը a priori` նախնական, ի սկզբանե լինել, եթե այն նաև անկախ չէ իր գոյությամբ: Այս հարցի պատասխանը Կանտի մոտ հստակեցված չէ: Ժամանակի a priori լինելը Կանտը կապում է հիմնականում զգացողության կամ ավելի ճիշտ ներքին հայեցողության հետ, որը կարող է լինել իրերից առաջ, հաստատում է ժամանակի էմպիրիկ, նաև սուբյեկտիվ  իրականություն լինելը, բայց սրանով ստացվում է, որ միայն մարդուն է վերագրում ժամանակ, մինչդեռ այդպիսի հայեցողության անընդունակ իրերը, առարկաները ևս ժամանակի «ազդեցության» տակ են առանց դրա մասին հայեցողության առկայության:

Ժամանակը և փոփոխությունն  ու շարժումը հաճախ միմյանցից անկախ բան են պատկերացրել, իբր կա առանձին ժամանակ և առանձին փոփոխություն կամ շարժում, որ տեղի է ունենում տարածության և գոյություն ունեցող ժամանակի մեջ: Այսպես նաև Օգոստինոսը համաձայն չէ, որ մարմնի շարժումը հենց ժամանակն է: Սակայն եթե Օգոստինոսը որպես շարժում դիտարկեր նաև փոփոխությունը և այլափոխումը, նկատի ունենալով, որ մարմինը փոփոխվում, այլափոխվում է նաև արտաքին դադարի վիճակում, ապա գուցե բոլորովին այլ կլիներ նրա եզրահանգումը: Ըստ Բերգսոնի, երբ դրական գիտությունը խոսում է ժամանակի մասին, այն նկատի ունի ինչ-որ մարմնի շարժումը` ըստ իր հետագծի: Գիտությունը վերցնում է այդ շարժումը` որպես ժամանակի ներկայացուցչի:

Բայց, օրինակ, մարդու պարագային ոչ թե ժամանակն է մեզ փոխում, այլ մենք ենք մանուկ հասակից դառնալով երիտասարդ, հասուն, ծեր, ստեղծում ժամանակի պատրանքը: Որոշ փիլիսոփաներ, շարժման և ժամանակի առնչությունների մասին խոսելով, ասել են, որ ոչ թե ժամանակն է որոշվում շարժումով, այլ ընդհակառակը` շարժումն է որոշվում ժամանակով: Այս դեպքում էլ ճիշտ չի թվում բացատրությունը, որովհետև սրա հետ մեկտեղ չեն բացատրում, թե ինչպես է, որ գոյություն ունի ինքնուրույն ժամանակ: Այդպես էր մտածում նաև Պլատոնի ավանդույթները շարունակող, Ք.Հ. երրորդ դարի հույն փիլիսոփա Պլոտինը, ըստ որի` յուրաքանչյուր շարժում կարող է վերջանալ, մինչդեռ ժամանակն ընդհանրապես չի կարող ինչ-որ մի տեղ վերջանալ:

Ինքնուրույն մի ժամանակի գոյության առնչությամբ կասկածներ հանդիպում են նաև Օգոստինոսի մոտ, ով ասում է, թե մեզ սովորեցրել են և մենք էլ սովորեցրել ենք երեխաներին, որ կա երեք ժամանակ` անցյալ, ներկա, ապառնի, սակայն բացի ներկայից` մյուս երկուսը գոյություն չունեն: Թե՞ նրանք էլ գոյություն ունեն, սակայն այն կերպ, որ ժամանակը ապառնիից դառնալով ներկա` գալիս է ինչ-որ գաղտնարանից, և ներկան անցյալ դառնալով` հեռանում է ինչ-որ գաղտնարան: Որտե՞ղ են տեսել ապառնի, որը դեռ գոյություն չունի, իսկ ինչը դեռ գոյություն չունի, հնարավոր չէ տեսնել: Հետևաբար, թե՛ ապառնին և թե՛ անցյալը գոյություն չունեն:

Հակառակ ժամանակի անկախ գոյությունը ենթադրող տեսակետների` պետք է ասել, որ ոչ թե ժամանակ կա, և ամեն ինչ տեղի է ունենում, այլ քանի որ ամեն ինչ տեղի է ունենում, դրա համար էլ ժամանակը կա: Ժամանակը փոփոխության, շարժումնայնության արտահայտությունն է, իսկ տևողությունն այդ փոփոխության ու շարժման հաջորդականության ժամանակային չափումն է: Ժամանակը առաջ է գալիս իրերի փոփոխությունից կամ փոփոխվելու հատկությունից: Մենք ոչ թե տեսնում ենք ժամանակի սահելը, այլ փոփոխություններով, իրադարձությունների հաջորդականությամբ ենք որոշում ժամանակը: Կարելի է ասել, որ յուրաքանչյուր պահի մարմինը փոփոխվում է: Սակայն ճշգրիտ կլինի նշել, որ ոչ թե յուրաքանչյուր պահի փոփոխվում է մարմինը, այլ մարմնի յուրաքանչյուր փոփոխությունը յուրաքանչյուր պահն է:

Բերգսոնի կարծիքը, թե յուրաքանչյուր ձև զբաղեցնում է ինչպես ժամանակ, այնպես էլ տարածություն,  ինչպես նաև Շոպենհաուերի տեսակետը, թե շարժումը կազմված է միայն տարածության և ժամանակի միասնության մեջ, ճիշտ չեն: Այսպես նաև Սպինոզան համարում էր, որ տարածության և տևողության միջև տարբերությունը գոյություն ունի միայն մտքի մեջ, իրականում դրանց միջև տարբերություն չկա: Սխալ է տարածությունը և ժամանակը դնել միևնույն հարթության վրա, ինչպես արել է նաև Էյնշտեյնը տարածություն-ժամանակ միասնական գործածումով, որովհետև տարածությունը գոյություն ունի, տեսանելի է և ոչ վերացական, մինչդեռ ժամանակի մասին չենք կարող նույնը ասել, այլ այն կախված է, ծագում է մարմինների փոփոխությունից:

Տիեզերքի ֆիզիկայի մեջ նշվում է, որ ժամանակի` t-ի շատ փոքր նշանակության դեպքում մոլեկուլներ կամ ատոմներ չէին կարող գոյություն ունենալ: Սակայն ոչ թե t-ի աննշան լինելու դեպքում ատոմներ ու մոլեկուլներ չեն լինում, այլ t-ն աննշան կլինի կամ t=0, երբ ատոմներ ու մոլեկուլներ չկան, որպեսզի իրենց շարժումային փոփոխությամբ ժամանակ առաջ բերեն: Գիտության մեջ նշվում է, որ ինչքան ուժեղ է ձգողության դաշտը, այնքան դանդաղ է հոսում ժամանակը` համեմատած այդ դաշտից դուրս գտնվողի ժամանակի հոսքի հետ: Բայց ձգողության հետ ժամանակի անմիջական առնչության հաստատումը լիովին ճշգրիտ չէ, որովհետև ժամանակ, որպես այդպիսին, ինքնիրեն գոյություն չունի:

Ձգողությունը կապ ունի ժամանակի հետ ոչ ուղղակիորեն` միջնորդավորված ձևով, որովհետև ազդում է մարմինների շարժման կամ մարմինների փոփոխության վրա, որով էլ և` ժամանակի վրա: Գիտության մեջ հատուկ բանաձևով հաշվում են ժամանակի հոսքը: Ճշգրիտ չէ ասել ժամանակի հոսք, այլ` փոփոխվող մարմինների փոփոխությունների արագության չափ: Նաև պետք է ոչ թե ասել, թե որքան մեծ է ձգողության դաշտը, այնքան դանդաղ է հոսում ժամանակը, այլ` որքան մեծ է ձգողության դաշտը, այնքան դանդաղ է շարժվում մարմինը և, հետևաբար, այնքան դանդաղ է լինում փոփոխությունը, որից էլ կախված է ժամանակը: Այսինքն` որքան դանդաղ փոփոխություն, այնքան դադաղ ժամանակ և ոչ թե հակառակը:

Հարաբերականության հատուկ տեսությունից հետևում է, որ տարածությունն ու ժամանակն անկախ չեն և ձևափոխվում են միմյանց միջոցով: Սակայն ոչ թե միմյանց միջոցով ձևափոխվում են տարածությունն ու ժամանակը, այլ շարժումային փոփոխությունից փոխվում է նաև դրանից առաջացող ժամանակը: Գիտությունը հիմնականում նկատի ունի միայն իր սահմանումով արևային ժամանակը, Արևի և իր առանցքի շուրջը Երկրի պտույտով: Դեռևս հինգերորդ դարում Մովսես Խորենացին, «Հայոց պատմության» մեջ վկայակոչելով փիլիսոփաների հետևորդներին և չափաբերական գիտությունների հմուտներին, խոսում է մոլորակների լուսավորության և արեգակով լուսավորվելու մասին` ըստ դրության, շարժման ու ժամանակի, որով անդրադառնում է Արեգակի համեմատ շարժմամբ պայմանավորված ժամանակի պատկերացմանը:

Իրականում ժամանակի չափումը փոփոխվող մարմինների փոփոխական ընթացքի չափումն է: Օգոստինոսը համաձայն չէ, որ արևի, լուսնի և աստղերի շարժումը հենց ժամանակն է, քանի որ այդ դեպքում ինչու՞ չհամարել, որ բոլոր ֆիզիկական մարմինների շարժումն է ժամանակը: Եթե բոլոր լուսատուները կանգ առնեին, իսկ բրուտի անիվը շարունակեր պտտվել, ապա մի՞թե չէր լինի ժամանակ, որով չափեինք նրա պտույտները: Սակայն ժամանակը գոյություն չունի ըստ ինքյան: Մարդու համար ժամանակը և՛ իր մարմնի փոփոխությունն է, և՛ Երկրի փոփոխությունը` Արեգակի շուրջը պտույտով: Եվ հետևաբար, սխալ է ժամանակը չափել միայն մոլորակների պտույտով, այլ դրա հետ մեկտեղ մարդու համար պետք է նշել նաև մարդուն, իրերին հատուկ փոփոխությունը:

Այսպիսով, ժամացույցները ոչ թե գործիքներ են, որ թվերով ցույց են տալիս անտեսանելի ժամանակը, այլ գործիքներ, որոնք ցույց են տալիս Արեգակի շուրջը Երկրի շարժումը կամ Երկրի դիրքի փոփոխությունը Արեգակի շուրջը` ըստ համապատասխան «ժամանակահատվածների»: Ժամացույցը կշեռքի պես ցույց է տալիս ժամանակը, որը կապված է իրերի հետ կամ դրանց հատկություններից մեկն է` որպես շարժման և փոփոխության արդյունք: Ինչպես կշիռ, ծանրություն չկա առանց իրերի և դա կայանում է իրերում, և կշեռքը թվերով ցույց է տալիս այդ կշիռը կամ ծանրությունը, այդպես էլ ժամացույցը թվերով ցույց է տալիս ժամանակը, որն առանձին գոյություն չունի, այլ կապված է իրերի փոփոխության և շարժման հետ: Ինչ-որ իմաստով կարելի է նմանեցնել ժամանակը և ձգողությունը. եթե փոփոխություն չկա, ժամանակ էլ չկա, եթե ծանրություն չկա, ձգողություն էլ չկա, ինչպես ժամանակն է ըստ փոփոխության, այնպես էլ ձգողությունը` ըստ ծանրության կամ ըստ զանգվածի: