ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱԹՈՌԱԿՌԻՎ. 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԻԶԲ

Դեռևս 1908 թ. դաշնակցականներ Արամը, Սարգիսը, Կոմսը և Իշխանը ընտրությունների առնչությամբ հարց էին բարձրացրել Վան ժամանած Իթթիհատի՝ երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության ներկայացուցիչ Էոմեր Նաջիի առջև պետական վարչական գործերի մեջ Իթթիհատի հետ վերահսկողության հաստատման, խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վանից, Էրզրումից և Տարոնից հայ թեկնածուների առաջադրման մասին[1]: Հայերն իրավունք ստացան ընտրելու 10 երեսփոխան, որոնց թիվը հաջորդ ընտրությունների ժամանակ, որպես իթթիհատական կոմիտեի բացառիկ շնորհ հայերին, պիտի հասներ 13-14-ի[2]: Մինչդեռ, ըստ օսմանյան սահմանադրության, օսմանյան հպատակություն ունեցող 50.000 արական շնչին բաժին էր հասնում 1 պատգամավոր[3]:

Եթե ընդունենք, որ հայերի թվաքանակն Օսմանյան Թուրքիայում 1908-1914 թթ. կազմում էր մոտավորապես 2-2.5 մլն, ապա իթթիհատականների գործելակերպն ամենևին էլ զիջում չէր և իրականում ներկայացնում էր նրանց անարդարությունն արևմտահայության հանդեպ: «Ամեն տարակույսից վեր է,- գրում էր Համբարձում Երամյանը,- որ երիտթուրքերի կամ Իթթիհատի ազատական ձգտումների շպարի ներքո քողարկված էր մնում նեղ ազգայնական ոգին, որ միանգամայն զերծ չէր իսլամական մոլեռանդությունից, և որին պիտի միանային նաև համիսլամական և համաթուրանական ծրագիրները»[4]:

Անդրանիկ Զորավարը գաղտնի մեկնեց Կ. Պոլիս` Դաշնակցականներին նախազգուշացնելու երիտթուրքերի հետ գործակցելուց և մանավանդ պառլամենտական ընտրություններով չխաբվելուց, և տեսակցեց Ռուբեն Զարդարյանի հետ, սակայն, ցավոք, ընդդիմության հանդիպեց[5]: Անկախ ամեն ինչից, Անդրանիկի հավաստմամբ, «սկսան կռիւ մը թրքական խորհրդարանի աթոռները խլելու համար»[6]: Մ. Ավետյանի բնորոշմամբ` «երեսփոխանական աթոռներ գրավելու համար Պոլիս վազած էին ոչ միայն Վարդգեսներ և Տաղավարյաններ, այլև Զեյթունի հերոս մեծն Մուրատներ և Պանք Օթոմանի «պոմպաճի» Կարո Բաստրմաճյաններ»[7]: Դաշնակցությունը նաև Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո` 20-րդ դարի վերջին և մանավանդ 21-րդ դարի առաջին մեկուկես տասնամյակներին, պաշտոնների ստացման և խորհրդարանում տեղերի գրավման ուղղությամբ կարծես թե նման ոճով գործեց: Հայաստանի Հանրապետությունում Դաշնակցությունը, պարբերաբար լինելով մերթ ընդդիմություն` պայքարելով իշխող կուսակցության դեմ, մերթ, հնարավորության և հարմար առիթի դեպքում կոալիցիա կազմելով այդ նույն կուսակցության հետ, նախարարական որոշ աթոռներ ստանալով, մեկ պատճառաբանել է, որ պետք է ամեն կերպ ընդդիմանալ իշխանությանը, և մեկ պնդել, թե հենց այդ իշխանության ներսում գտնվելով պետք է պայքարել զարգացման ու առաջադիմության համար:

1913 թ. Հայ քաղաքական կուսակցությունները, ըստ Պատրիարքի հորդորի, համերաշխաբար հայտարարել էին, որ որոշել էին ձեռնպահ մնալ ընտրությունների մեջ և դեռ որևէ թեկնածու չէին ներկայացնելու, միևնույն ժամանակ չպիտի հակառակվեին, եթե Պատրիարքարանը հարմար գտներ կառավարության հետ համաձայնության գալու ընտրություններին մասնակցության հարցում: Ռամկավար և Հնչակյան կուսակցությունները հայտարարել էին Պատրիարքին, թե իրենք չեն պնդում, որ իրենց կուսակցությունից թեկնածուներ ցույց տրվեն, և առաջարկել էին, որ Պատրիարքը բոլոր աթոռների համար ևս ոչ կուսակցական ընտրելիներ ներկայացնի[8]: Բայց Պատրիարքարանը հանկարծ դարձյալ կանգնեց խնդրի առջև: Պատրիարքը նախընտրելի էր համարում նաև անկուսակցական թեկնածուների առաջադրումը: Սակայն չեզոքների` անկուսակցական թեկնածուների առաջադրմանը նախապես համամտություն ցույց տվող Դաշնակցությունը «դավաճանելով միջկուսակցական մարմնի տված որոշամը` հանուն իր կուսակցական շահերի գալիս էր նորից վարկաբեկելու ազգային իշխանության հեղինակությունը հաչս կառավարության և օտարների»[9]:

Դաշնակցականները պնդեցին, որ դեռևս թափուր մնացած վեց աթոռներից չորսն անպատճառ իրենց պետք է պատկաներ: Բայց Պատրիարքն անխախտ պահեց իր նախորդ որոշումը[10]: Պատրիարքը հայտարարել էր, որ կառավարությանը ներկայացրած իր ցանկը որևէ պարագայի տակ չպիտի փոխի[11]: Այդ ընթացքում Վանից Պատրիարքարան հեռագրվեց, որ դաշնակցականներն Իթթիհատի տեղական մարմնի հետ բանակցության մեջ են մտել Պատրիարքարանից անջատ` իրենց թեկնածուների ընտրությունը հաջողեցնելու համար[12]: Դաշնակցականները, այսպիսով, ըստ մամուլի տեղեկատվության, «վերջին պահին սկսել էին իրենց սովորական խաղերը» և առարկելով, թե իրենք ձեռնահաս չէին գավառի կոմիտեների գործունեությանը, որոնք կարող էին մասնակցել ընտրական պայքարին և դաշնակցականների ընտրությունն ապահովել, նոր և ամոթալի խնդրի պատճառ էին դարձել: Պատրիարքարանը բավականին դժվարին կացության էր մատնվել[13]: «Իրողությունը հրապարակի վրա է: Այս անգամ ևս Իթթիհատը դաշնակցության միջոցով հաջողեց տանել փայլուն հաղթանակ Հայոց Պատրիարքարանի վրա: Կառավարության այս սեպարատ ընթացքի դեմ ի՞նչ քայլ պիտի անի Պատրիարքարանը»,- գրում էր «Վան-Տոսպը»[14]:

Այս գործընթացների մեջ Ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը ցանկանում էր իմանալ, թե ի՛նչ պայմաններով հայերը համաձայն կլինեին առանց արտաքին միջամտության հայկական բարենորոգումների խնդիրը լուծելու: Դաշնակցության ներկայացուցիչներն արտաքնապես պնդում էին Պատրիարքարանի պահանջների ու «եվրոպական քոնթրոլի» անհրաժեշտության վրա և մերժում ընդունել կառավարության պայմանները: Սակայն գաղտնի բանակցությունների բացահայտումից հետո նրանք մեղադրեցին ռուսական հեռագրական գործակալությանը, որն իբր այս լուրն աղավաղված ձևով է հաղորդել ռուսական մամուլին: Դաշնակցության Ամերիկայի օրգան «Հայրենիքը», փորձելով արդարացնել դաշնակցականների բանակցելը թուրքական իշխող կուսակցության հետ, միաժամանակ ակամա հաստատեց այդ բանակցությունների փաստը` ասելով, թե կառավարությունն էր բանակցության մեջ մտնողը:

Մինչդեռ կառավարությունն անգամ Պատրիարքարանի հետ չհոժարեց հարաբերություն ունենալ բարենորոգումների կամ ընտրության խնդիրների շուրջ, և ինչպես «Ազգ» թերթի Պոլսի թղթակիցն էր ճշտգրտում կատարում, երբ Ներքին գործոց նախարար Թալեաթ բեյը բացորոշ կերպով հայտարարեց, թե ինքը հանուն Իթթիհատի է բանակցում, Պատրիարքարանը պնդեց, որ միայն պատասխանատու մարմնի` կառավարության հետ է ուզում գործ ունենալ, որով և բանակցություններն այդ կետի վրա կանգ առան ու խզվեցին[15]: Տարբեր շրջանակներ Դաշնակցությանը մեղադրում էին այն իրողության մեջ, որ իր այս գործելակերպով պայքար է մղել Պատրիարքարանի հեղինակության դեմ, խաբվել է Օսմանյան Մեպուսանի վերջին ընտրությունների մեջ: «Դաշնակցությունը փոխանակ Պատրիարքարանի պահանջների վրա ինքը պնդելու` իրեն դիմող թալեաթներին Պատրիարքարանի դուռը պետք է ցույց տար: Չէ՞ որ ավելի վաղ, երբ նախկին Մեծ վեզիր Քյամիլ փաշան հայտնի ու պաշտոնապես մի քանի ազգայինների կանչեց խորհրդակցության, Դաշնակցությունը վլվլուկ հանեց, թե ազգի իրավունքների դեմ դավեր են լարվում: Մինչդեռ հրավիրվողներն իրենք ամենից առաջ խորամանկ վարչապետին հայտարարել էին, թե ազգն իր օրինավոր ներկայացուցիչը` Պատրիարքարանն ունի ու, հետևաբար, իրենք ազգի անունով ոչ մի խոսք ասելու կամ լսելու ձեռնահասությունը չունեն:

Այդ ամենից հետո Դաշնակցությունն ինչպե՞ս էր բնական գտնում Իթթիհատի, երիտթուրքերի հետ բանակցության մտնելը: Դաշնակցությունը պետք է միանգամ ընդմիշտ պարզի ու ճշտի իր դիրքը Իթթիհատի հանդեպ: Ու այսօր մի քիչ զարմանալի չէ՞, երբ մի կողմից յոթը փողով համերաշխություն է քարոզում և հայ կուսակցութունների հետ ուխտ է կնքում` միասնաբար ու համերաշխ գործելու, իսկ անդին առանձին ու անջատ բանակցություններ է ձեռնարկում Իթթիհատի հետ` հանուն ազգի խոսելու իրավունքը տալով ինքն իրեն: Խամաճիկ մեպուսի մեջ մի քանի շնորհուկ աթոռի սիրույն, մի քանիսների անձնական շահի համար և կուսակցության հեղինակությամբ չարժեր բանացության մտնել Իթթիհատի հետ»,- գրում էր «Ազգ» թերթը[16]:

[1] Արամը, մահվան հիսնամյակին առթիվ, Երևան, 1991, էջ 63-64:

(1908 թ. ընտրությունների վերաբերյալ տեղեկությունները և դրանց հղումները քաղված են Ավետիս Հարությունյանի` «Նախընտրական պայքարը Վանում և 1908 թ. խորհրդարանական երկրորդ ընտրությունները Օսմանյան Թուրքիայում» հոդվածից (Պատմա-բանասիրական հանդես, 2010, 2(27), էջ 27-40):

[2] Հ. Երամյան, Հուշարձան Վան-Վասպուրականի, հ. Բ, Աղեքսանդրիա, 1929, էջ 105-106:

[3]  Տիգրան Զավեն, Թյուրք Սահմանադրությունը և երիտասարդ թյուրք կուսակցությունները, Թիֆլիս, 1908, էջ 25:

[4] Հ. Երամյան, նշվ. աշխ., էջ 106:

[5] Մ. Ավետյան, Հայ ազատագրական ազգային հիսնամյա (1870-1920) հուշամատյան և զոր. Անդրանիկ, վերլուծական հայեցողությամբ և վավերական տվյալներով, Փարիզ, 1954, էջ 136:

[6] Ա. Ժամկոչյան, Զորավար Անդրանիկ կպատասխանե իր հակառակորդներուն, Փարիզ, 1945, էջ 21:

[7] Մ. Ավետյան, նշվ. աշխ., էջ 136:

[8] Ազգ, Է. տարի, թիւ 43 (355), Պոսթոն, ապրիլ 15, չորեքշաբթի, 1914, էջ 1:

[9] Վան-Տոսպ, Բ. տարի, թիւ 11 – 60, 22 մարտ, 1914, էջ 123:

[10] Ազգ, Է. տարի, թիւ 43 (355), Պոսթոն, ապրիլ 15, չորեքշաբթի, 1914, էջ 1:

[11] Ազգ, Է. տարի, թիւ 42 (354), Պոսթոն, ապրիլ 8, չորեքշաբթի, 1914, էջ 1:

[12] Ազգ, Է. տարի, թիւ 43 (355), Պոսթոն, ապրիլ 15, չորեքշաբթի, 1914, էջ 1:

[13] Ազգ, Է. տարի, թիւ 41 (353), Պոսթոն, ապրիլ 1, չորեքշաբթի, 1914, էջ 1:

[14] Վան-Տոսպ, Բ. տարի, թիւ 11 – 60, 22 մարտ, 1914, էջ 124:

[15] Ազգ, Է. տարի, թիւ 32 (344), Պոսթոն, յունուար 28, չորեքշաբթի, 1914, էջ 5:

[16]  Նույն տեղում: