ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Սրբերը հալածանքների ժամանակ հրապարակավ հայտարարում էին իրենց քրիստոնյա լինելը: Մինչդեռ այսօրվա խաղաղ իրավիճակում մենք հաճախ լռում ենք Քրիստոսին մեր պատկանելության մասին: Քրիստոս առաքյալներին պատվիրան տվեց քարոզելու Երկնքի Արքայությունը.

«Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28.19-20): Եվ Պողոս առաքյալն էլ ասում է. «Վա՛յ է ինձ, եթե չավետարանեմ» (Ա Կորնթ. 9.16):

Մեծապես խրախուսելի է, երբ նաև հավատացյալներն իրենց եղբայրներին կամ քույրերին հորդորում են աստվածպաշտության` իրենք ունենալով ուղղափառ հավատք, հոգևորի մասին բացատրությունները տալով առաքելահաստատ Եկեղեցու ճիշտ ուսմունքին, վարդապետությանը համապատասխան:

Այսօր, սակայն, ընտանիքների մեծ մասում առօրյա խոսակցություններն ընթանում են գրեթե միշտ նույն թեմայով: Մենք ավելի շատ միմյանց հետ խոսում ենք տարբեր մարդկանց տարբեր արարքների, իրադարձությունների մասին. բազում ընտանիքներում կարծես թե մեծ ամոթ է համարվում Քրիստոսի, հավատքի, աստվածայինի մասին խոսելը:

Այսօր մարդիկ երբեմն ամաչում են վեհ գաղափարների մասին խոսակցությունից: Սակայն չէ՞ որ բոլորս էլ կարողանում ենք մեր կյանքում հոգևորը, աստվածայինը վեր դասել նյութականից: Երբ նորածին երեխա ունեցող մայրը հաց է ուտում, ու հանկարծ երեխան սկսում է լաց լինել, մայրը թողնում է հացն ու վազում իր երեխային խնամելու: Այս արարքով արդեն մարդը մերժում է նյութականն ու մարմնականը` արժևորելով հոգևորն ու մայրական սերը:

Խիստ զբաղված հայրն էլ միշտ թողնում է գործը` իր որդու թախանձագին խնդրանքը կատարելու համար: Սրանով էլ մարդը, կտրվելով նյութականից, արժևորում է հոգևոր կապը, հարազատության և սիրո զգացումը: Եվ եթե մենք մեր կյանքում կարողանում ենք հարկ եղած դեպքում վեր բարձրանալ նյութականից դեպի հոգևորը, ինչու՞ ուրեմն այդպես չվարվել Աստծո հետ մեր հարաբերություններում:

Մեր պատկանելությունն Աստծուն հայտարարենք նաև խոսքով, իսկ եթե դեռ ամաչում ենք դրանից, ապա ուրեմն հայտարարենք մեր գործերով և քրիստոնեավայել կյանքով: