ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Աստվածաշնչում շատ որոշակի է խոսվում ընտանիքում գլխավորության մասին: Ի՞նչ կարելի է ասել ընտանիքում գոյություն ունեցող իշխանության վերաբերյալ:

 Ընտանիքի անդամների հարաբերություններն ավելի շատ հիմնվում են սիրո և հեղինակության, քան իշխանության վրա: Եթե ընտանիքներում որևէ մեկ անդամի, ի մասնավորի ընտանիքի հոր կողմից իշխանություն է բանեցվում, ապա այդ պարագայում հարաբերությունները կառուցվում են տեր և ծառա, տիրակալ և ստրուկ հասկացությունների վրա:

Ընտանիքներում սխալ է իշխանության նման ընկալումը, նույնիսկ քրիստոնեական համարվող պետություններում տիրոջ և ծառայի, տիրակալի և ստրուկի հոգեբանություն չպետք է լինի պաշտոնյա և քաղաքացի շփումներում, քանի որ Քրիստոս ասաց. «Ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, և նրանք, որ իշխում են նրանց վրա, բարերարներ են կոչվում: Բայց դուք այդպես չլինեք, այլ ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը` ինչպես սպասավորը» (Ղուկ. 22.25-26):

Սա պետք է կիրառի նաև քրիստոնյա պաշտոնյան իր գործունեության ընթացքում, քանի որ պաշտոնյա կամ իշխանավոր դառնալով՝ չի դադարում քրիստոնյա լինելուց, հետևաբար և պաշտոնի մեջ պետք է լինի քրիստոնեական ընկալումն ու վարվելաձևը: Աստվածաշունչն ասում է. «Եվ դուք, տերե՛ր, … իմացե՛ք, որ և՛ նրանք, և՛ դուք Տեր ունեք երկնքում, և Նրա առաջ աչառություն չկա» (Եփ. 6.9): Բացի այդ, «պաշտոն» բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է ծառայություն: Ահա այսպես բառի բուն իմաստով և քրիստոնեական ճիշտ ընկալմամբ իշխանավորը կամ ընտանիքի հայրը պետք է բարի սպասավորություն բերի իր խնամքի տակ գտնվողներին:

Ընտանիքներում իրողությունն ավելի շատ վերաբերում է հեղինակությանը, քան իշխանությանը: Մեր ակնառու հոգևորականներից երկու մեծ Կաթողիկոսներ հատկանշական խոսքեր ունեն ընտանիքի մասին: Գարեգին Հովսեփյան Կիլիկիո Կաթողիկոսն ասում է, որ ընտանիքը եկեղեցի է, որի քահանան ընտանիքի մայրն է: Այսինքն` ինչպես եկեղեցին քահանայի սպասավորությամբ է գործում, այնպես էլ ընտանիքում մոր սպասավորությունն ու ծառայությունն է ամուր հիմքի վրա պահում ընտանիքը:

Իսկ Խրիմյան Հայրիկն ասում է. «Ընտանիքը և օջախը փոքրիկ թագավորություն է երկրիս վրա, որի գահի վրա բազմած են հայրը` իբրև թագավոր, և մայրը` իբրև թագուհի, ու կառավարում են իրենց իշխանության տակ եղած ընտանիքը»: Ընտանիքի անդամները, հատկապես կինը պետք է լսեն, հարգեն ընտանիքի գլխավորի խոսքը` ընդունելով նրա հեղինակությունը: Նրա խոսքը պետք է հարգվի և ոչ թե արհամարհվի կամ անտեսվի:

Օրինակ՝ մենք չենք ասում Սուրբ Գրքի իշխանություն, Եկեղեցու Հայրերի իշխանություն, այլ հավատացյալները Սուրբ Գրքի ավանդած պատվիրանները պահում կամ առաջնորդվում են Սուրբ Հայրերի խրատներով՝ ընդունելով նրանց հեղինակությունը: Այդպես էլ ընտանիքի անդամները պետք է ընդունեն ընտանիքի հոր հեղինակությունը, և ընտանիքի հայրը պետք է սիրով բարի հոգատարություն ցուցաբերի բոլորի հանդեպ: