ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աստվածաշունչը բազմաթիվ տեղեկություններ է պարունակում ընտանիքում գործող գլխավորության վերաբերյալ: Այսօր այդ բացատրությունները չե՞ն կորցրել իրենց արդիականությունը:

Աստվածաշնչի Ծննդոց գրքի ընթերցանությունից իմանում ենք, որ նախքան մեղսագործությունը դրախտում կինը տրվեց մարդուն` որպես նրա օգնական (Ծննդ. 2.18), իսկ կնոջ պատճառով ու մարդու համաձայնությամբ մեղսագործությունից` Աստծո կամքին չհնազանդվելուց հետո կինը դրվեց տղամարդու գլխավորության ներքո (Ծննդ. 3.16): Հետևաբար, այս գլխավորությունը հաստատված է Աստծո կողմից, որի բացատրությունը տալիս է Պողոս առաքյալն արդեն Նոր Կտակարանում:

Քրիստոսի և Եկեղեցու միավորության հետ ամուսնության համեմատությամբ (Եփ. 5.32) արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ ամուսնության պարագայում խոսքն իշխանաբար գլխավորության կամ տիրոջ ու ծառայի հարաբերության մասին չէ: Բացի դրանից, նաև Քրիստոս, առաքյալներին խրատելով, բացատրեց, թե ինչպես պետք է գլխավոր և առաջին լինել:

Երբ առաքյալները վիճում էին, թե իրենցից ով է մեծը, Քրիստոս ասաց. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9.34): Քրիստոս նաև Իր մասին ասաց, որ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28, Մարկ. 10.45):

Ուրեմն, հատկանշական բացատրությամբ ու նաև Իր օրինակով Քրիստոս ցույց տվեց, որ հոգատարությամբ խնամելու, ծառայություն մատուցելու մեջ է կայանում իրական գլխավորությունը, քանզի միայն այդ դեպքում խնամակալն ու սիրողը դրվում է մարդու համար առաջին տեղում ոչ թե օրենքի կամ սովորույթի ուժով, այլ սրտի երախտագիտության ու ջերմ զգացմունքով:

Հատկանշական է, որ սուրբ պսակի արարողության ժամանակ քահանան պսակվողներին հարցնում է. փեսային` խոստանու՞մ ես մինչև մահ տեր և պաշտպան լինել, իսկ հարսնացուին` խոստանու՞մ ես մինչև մահ տեր և հնազանդ լինել: Ուրեմն երկուսին էլ տրվում է տեր լինելու պատիվը, իսկ հնազանդությունը հասկացվում է քրիստոսաբանական ու եկեղեցաբանական իմաստով` Քրիստոսի և Եկեղեցու հարաբերության նշանակությամբ:

Պողոս առաքյալն ասում է, որ այլևս խտրություն չկա արուի և էգի միջև, այլևս բոլորը մեկ են ի Քրիստոս (Գաղ. 3.28): Առաքյալի ասածն այսօրվա ֆեմինիզմի ջատագովություն կամ ֆեմինիստական հայտարարություն չէ, այլ հին աշխարհում իշխող ստորակարգության և հատկապես կնոջ նկատմամբ հեթանոսական վերաբերմունքների դադարեցում:

Իսկ ընդհանրապես կինը և տղամարդը չեն կարող հավասար լինել, որովհետև կան բաներ, որ տղամարդը չի կարող անել կնոջ փոխարեն, և ոչ էլ կինը` տղամարդու փոխարեն: Կինը նույնիսկ կարելի է ասել առավել է տղամարդուց որդեծնության իր կարողությամբ, և Աստվածաշունչն է հրահանգում պատվել կնոջը` որպես կյանքի շնորհի ժառանգակիցների (Ա Պետր. 3.7):

Շատ կանայք և տղամարդիկ միասին են ապրում առանց այսօր ընդունված պաշտոնապես գրանցվելու կամ եկեղեցում պսակվելու, որպեսզի որոշեն հետագայում միասին ապրելու համատեղելիությունը: Ընդունելի՞ է նման մտածելակերպը:

Քրիստոնեության վաղ շրջանում քրիստոնյաներն ամուսնական միություն են հաստատել առանց Սուրբ Պսակի արարողության, որը հետագայում է կանոնակարգվել: Հայ Եկեղեցին առաջինն է, որ հաստատել է ամուսնության համար պսակի արարողության կարևորությունը 444 թ. Շահապիվանի ժողովում, մինչդեռ այլ եկեղեցիներում մինչև 19-րդ դարը քրիստոնյաներն ամուսնանում էին առանց պսակի արարողության, որը վերապահված էր ազնվականների, իշխանների ընտանիքներին:

Սակայն քրիստոնյաների միությունը լինում էր ամուսնացողների առ Աստված աղոթքով, Տիրոջ օրհնության հայցով, բարեպաշտության զգացումով: Եկեղեցին կարևորում է սուրբ Պսակի արարողությունը, որպեսզի այսօրվա քրիստոնյաներն սկսեն իրենց միությունն Աստծո օրհնությամբ, հավատքով, Աստծո առջև ուխտադրությամբ, որը կարող են անտեսել` Եկեղեցուց դուրս լինելով:

Չենք կարող ասել, որ այսօր առանց եկեղեցում պսակվելու միասին ապրողները բարեպաշտության զգացումներով և հավատքով են առաջնորդվում: Երբեմն առանց պետական գրանցման և եկեղեցում պսակվելու ամուսնանում են` իբրև թե նյութական ծախսերից խուսափելու համար: Սակայն առանց Աստծո օրհնության Աստծո կողմից իսկ հաստատված ամուսնությունը կամ զույգերի միավորությունը շատ փորձությունների կարող է չդիմանալ:

Իհարկե, խոսքը չի վերաբերում այն ամուսիններին, ովքեր ամուսնացել են խորհրդային հասարակարգի ժամանակաշրջանում, երբ հաճախ նաև արգելվում էր եկեղեցի հաճախելը: Սակայն ներկայումս, երբ մեր հավատքը դավանելու ազատությունն ունենք, չպետք է անտեսենք Աստծո օրհնության կարևորությունը կյանքի համար այնպիսի կարևոր իրողության մեջ, որպիսին ամուսնությունն է: