ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Ինչի՞ց է երևում, որ պատանի դարձած երեխան ընտանիքում լավ դաստիարակություն է ստացել և բարոյական բարձր արժեքներ ունի:

Երեխաների և մեծերի համար հոգևոր-բարոյական արժեքների հետևորդ լինելու նշանները տարբեր չեն, դրանք բոլորի համար էլ նույնն են: Քրիստոս ասում է. «Ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս» (Մատթ. 7.17, Ղուկ. 6.43), «Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց` խաղող: Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը` չարն է բխեցնում» (Ղուկ. 6.44-45):

Այսպես, գործերով երևում է մարդկանց այս կամ այն արժեքի կրող լինելը: Սակայն միայն գործերը չեն կարող վկայել հավատքի մասին, որովհետև աթեիստները ևս կարող են գովելի գործեր անել: Գործերի դեպքում սրտի ու մտքի մաքրությունն է դրանք արժևորում, ներքին մտայնությունն է, մտադրությունն է դրանք պայմանավորում, որոնք անտեսանելի են տեսանելի գործերի ետևում: Այդ իսկ պատճառով պետք է արտահայտվի նաև մարդու կրոնական բարեպաշտությունը, որը ենթադրում է ոչ միայն ներքին հավատք և արտաքին գործեր, այլև նախանձախնդրություն կրոնական արժեքների տարածման, հոգևոր-բարոյական կյանքի զորացմանն ուղղված քայլեր:

Այսօր շատ են պասիվ հավատացյալները, որոնք այլ կերպ կոչվում են նաև գաղջ հավատացյալներ: Այս վիճակը Քրիստոս մեծապես դատապարտում է` ասելով. «Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառն լինեիր և կամ տաք. իսկ դու գաղջ ես` ո՛չ տաք, ո՛չ էլ սառն» (Հայտն. 3.15-16): Գաղջությունը կարծես բնորոշ է դարձել այսօրվա շատ հավատացյալների. այն վերացնելու համար հավատք ունենալուց և երբեմն հավատքին համարժեք գործեր անելուց բացի պետք է ցուցաբերել նախանձախնդրություն` կրոնական արժեքները տարածելու, դրանցով շրջապատը բարեփոխելու և համընդհանուր հոգևոր նկարագիրը զորացնելու:

image34Որտե՞ղ է երեխան ստանում պատկերացումներ բարոյական արժեքների մասին: Որի՞ դերն է առաջնային` ընտանիքի՞, դպրոցի՞, շրջապատի՞ կամ միգուցե ինքնակրթությա՞ն:

Երեխան նախ և առաջ մեծանում է ընտանիքում, այստեղ առաջին անգամ տեսնում ծնողների վարվելաձևը, զգում նրանց արժեհամակարգը: Նախ ընտանիքում երեխան պետք է դաստիարակություն ստանա, որովհետև ընտանիքը ևս եկեղեցի է, ինչպես ասում է Կաթողիկոս Գարեգին Հովսեփյանցը, և այդ եկեղեցու քահանան ընտանիքի մայրն է:

Դպրոցում հաճախ տրվում են գիտելիքներ, որոնք որևէ կապ չունեն հոգևոր-զգացական ոլորտի հետ, հոգևոր նկարագիր կերտելու հետ, այլ վերաբերում են միայն մտքին, բերում գիտելիքներ և իմացություն` ինչպես, օրինակ, քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան, քերականությունը և այլն: Բայց այստեղ կարևոր է ուսուցչի կերպարը, որովհետև ուսուցիչը հատկապես երեխայի համար օրինակման, իդեալական կերպար լինելու աղբյուր է և իր օրինակով կարող է դաստիարակել երեխաներին, նրանցում ամրապնդել հոգևոր-բարոյական արժեքներ, կերտել աստվածահաճո դիմագիծ:

Շրջապատը նույնպես կարող է լավ կամ վատ ազդեցություն ունենալ` ըստ այդ շրջապատի բնութագրի: Սակայն երեխայի մեջ դրված ամուր հիմքը հետագայում անսասան է մնում շրջապատի կողմից: Այսպիսի օրինակներ մենք ունենք Աստվածաշնչից: Ղովտն իր ընտանիքով ապրում էր Սոդոմ քաղաքում, որը կորած էր անբարոյականության, անառակության մեղքերի մեջ, ինչի պատճառով էլ և կործանվեց: Սակայն այդ քաղաքում ապրելով` Ղովտը պահպանել էր իր և ընտանիքի նկարագիրը (Ծննդ. 13.12-13, 18.20, 19.13, 7, 16): Քրիստոս վայ է տալիս մեղսալի քաղաքներին, որոնցից էր Բեթսայիդան (Մատթ. 11.21, Ղուկ. 10.13): Բայց հենց այդ քաղաքից էին Քրիստոսի հինգ առաքյալները` Պետրոսը, Անդրեասը, Փիլիպպոսը (Հովհ. 1.44, 12.20), ինչպես նաև Հակոբոսն ու Հովհաննեսը: Սակայն հակառակ պարագան էլ կարող ենք տեսնել: Հուդան իր կյանքի մի կարևոր հատված եղավ Քրիստոսի և առաքյալների շրջապատում, սակայն դա չբարեփոխեց նրան, քանզի նա գող էր (Հովհ. 12.46) և ի վերջո նաև ուրացող ու մատնիչ դարձավ:

Երեխայի, ինչպես և մեծահասակների մեջ հավատքի և բարոյական արժեքների ամրապնդման համար մեծ դեր ունի Սուրբ Գրքի ընթերցանությունը, որը հոգևոր շահ է բերում մարդկանց, և փոխակերպում ու դարձնում առավել լավը, որովհետև այդպիսին է Աստծո խոսքի զորությունը: Քրիստոս ևս ասում է. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4.4, Ղուկ. 4.4):