«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

Ըստ հրապարակումների՝ 2015 թ. Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Մինչ այսօր հնչած մտավախություններից մեկն այն է եղել, որ այս համաձայնագրի կատարման արդյունքում մինչև 2016 թ. ավարտը Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի «Խտրականության դեմ» օրենքը, որը վերաբերում է նաև միասեռական կամ համասեռամոլ անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, որի առնչությամբ ևս լուրջ մտահոգություններ կան:

ՀՀ Կառավարության կայքէջում կարելի է ընթերցել 2016 թ. մարտի 11-ին՝ ուրբաթ օրը, տեղի ունեցած կառավարության նիստի արձանագրությունը ըստ որի՝ օրակարգային հարցով քննարկվել է Համաշխարհային բանկի «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» շրջանակներում համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների կազմակերպման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ հիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում ստեղծել ևս 37 նմանատիպ տարածքային կենտրոն, որոնցից 20-ը պետք է շուտով շահագործման հանձնվեն: Ընդհանուր առմամբ, նման կենտրոնների թիվը ներկայիս 18-ից պետք է հասցվի 52-ի (gov.am/am/news/item/12372/): Կառավարական կայքէջում զետեղված է տեղեկությունն առ այն, որ 2016 թ. սեպտեմբերի 15-ին կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին (e-gov.am/sessions/archive/2016/09/15/):

Հասարակական կազմակերպությունների վեր հանած մտահոգությունն է, որ Համաշխարհային բանկի կողմից տրված գումարով և երեխաներին վերաբերող «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախատեսմամբ այս կենտրոններն են, որ լինելու են ընտանիքներից հեռացված երեխաների ապաստարաններ, ծառայելու են երեխաներին ժամանակավոր ապաստարաններ տեղափոխելու և այլ անձանց կամ ծառայությունների կողմից երեխաներին խնամատարության վերցնելու և վերջնականորեն ընտանիքից օտարելու, ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու համար: Մտավախություններ են հնչում, որ այսպես կամա թե ակամա հիմք է դրվում նաև միասեռականների կողմից երեխաների որդեգրման համար, իրողություն, որը բոլորովին սովորական է արևմտյան շատ երկրներում: (Այս առնչությամբ տե՛ս՝ «Դիրքորոշում միասեռականության վերաբերյալ» հրապարակումը): Ենթադրություններ են արվում Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետության վրա նման օրենքներ ընդունելու հարցում ճնշումներ բանեցնելու առնչությամբ:

Հետաքրքիր է, թե վերոնշյալ անհանգստությունների իրականացման դեպքում որքա՞ն ընտանիքներ կամ երեխաներ կհայտնվեն պառակտվելու կամ օտարվելու իրավիճակներում: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Ազգային վիճակագրական ծառայության համատեղ ուսումնասիրությունների համաձայն՝ մեր երկրում (ցավալի է նշելը) ամեն երրորդ երեխան աղքատ է, ամեն երկրորդ երեխան խոցելի է, 6-14 տարեկան երեխաների կեսը խոցելի են սոցիալական փոխհարաբերությունների առումով, 15-17 տարեկան երեխաները խոցելի են ժամանցի առումով, ընդհանուր առմամբ՝ խոցելի են Հայաստանի գյուղաբնակ երեխաների 82 տոկոսը, քաղաքաբնակների 53 տոկոսը (youtube.com/watch?v=MK0ypAPqxg4):

Ըստ իս՝ խնդրի լուծման համար առկա ամբողջ ներուժն ու գումարը պետք է ներդրվի ու կիրառվի ոչ թե երեխա և ծնող ու ընտանիք հակադրության տեսանկյունից, այլ ընտանիքի «առողջացման», ծնողներին աշխատանքով ապահովելու, պետության մեջ բարօրության ու բարեկեցության մակարդակն առավել բարձրացնելու գործը շարունակելու, ընտանքի անդամների հետ հոգևոր ու հոգեբանական աշխատանք կատարելու ուղղությամբ: Հարկավ, երեխաներին պետք է օգնել, ընտանիքների ներքին կյանք ներխուժել ծայրահեղ իրավիճակներում, սակայն ընտանեկան պարագաներում «ծայրահեղ» հասկացությունն ուրիշ է մեր և օտարների ընկալումներում: Հույս ունենք, որ մեր պետությունն ու իշախանավորները ազգային շահերի, ազգային ուրույն մտածողության ու ընկալումների, նվիրագործված մեր ավանդույթների ու հասկացությունների և քրիստոնեական արժեքների գերակայության գիտակցությամբ որոշումներ կընդունեն: Աղոթենք նաև նրանց համար, որպեսզի առավել իմաստուն կառավարեն մեր պետությունը, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի հզոր, հայրենաբնակ մեր ժողովուրդը ապրի առավել բարեկեցիկ պայմաններում:

Վերոնշյալ մտքերին ու մտահոգություններին անդրադառնալով ցանկանում եմ նշել հետևյալը: Չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ծնվեց շատ աղքատիկ պայմաններում ու մեծացավ ոչ հարուստ կամ նվազ բարեկեցություն ունեցող ընտանիքում՝ ցույց տալով նաև, որ ընտանիքը սուրբ է, և նվիրական են ծնողների ու երեխաների զգացմունքները, կապերն ու սերը անգամ կարիքի ու նեղության մեջ:

Առաջին մասը կարդալ այստեղ: