«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

2016 թ. վերջերին առավել տարածվեցին անհանգստությունները «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունման մտադրության առնչությամբ: Ներկայացվեցին մի շարք մտահոգիչ իրողություններ՝ կապված սույն օրենքի և դրանից բխող հետևանքների հետ: Հատկապես հասարակական կազմակերպությունները լուրջ դիտարկումներ ներկայացրեցին, հեռուստատեսությամբ տարբեր հասարակական գործիչներ, հոգեբաններ իրենց բացասական դիրքորոշումը հայտնեցին: Այնուամենայնիվ, հիշյալ օրենքի ընդունման գործը ընթացքի մեջ է:

Մտահոգություններից մեկն այն է, որ «անբարենպաստ» համարված ընտանիքներից օրենսդրական ճանապարհով կարող են հեռացվել երեխաները: «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում, որպես հիմնական հասկացություն, օգտագործվում են ընտանքի անդամներ համարվող «զուգընկերները»՝ առանց այդ անձանց սեռը նշելու, ինչն ինքնաբերաբար ամրագրումն է միասեռական զույգերի միությունը որպես ընտանիք համարելու հանգամանքի: Ընտանեկան բռնություն են դիտարկվում նաև «տնտեսական» և «հոգեբանական» բռնությունները և «երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը» սահմանափակելը, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակ չեն սահմանված: Այսինքն՝ եթե մենք հոռետեսական դիրքերից նայենք, կարող ենք ենթադրել, որ երեխային միջինից ավելի բարձր մակարդակի բարեկեցություն ապահովել չկարողացող ընտանիքները կամ այդ ընտանիքների ծնողները կարող են դիտարկվել որպես երեխայի վրա «տնտեսական բռնություն» գործադրողներ՝ ընկնելով հատուկ սահմանված պատժի ներքո, համարվելով այնպիսի անձեր, կամ նման ընտանիքը՝ այնպիսի միջավայր, որոնցից և որտեղից պետք է հեռացնել երեխային:

Մենք ինքներս էլ տեսնում ենք, որ բազմաթիվ ընտանիքներ մի կերպ միջին և դրանից ցածր ապրելակերպ ունեն, բայց դա չենք նկատում որպես ընտանքի հոր կողմից ընտանիքի այլ անդամների վրա «տնտեսական բռնություն» գործադրելու վարմունք և կամ ծնողների կողմից երեխային «տնտեսական բռնության» ենթարկելու դաժանություն, որից պետք է փրկել ու ազատել երեխային՝ նրան հարազատներից խլելով: Նման կերպ մտածելու դեպքում կարող ենք խոսել ոչ թե ընտանիքում կամ ծնողների կողմից գործադրվող «տնտեսական բռնության», այլ հենց պետության կողմից կարիքի մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ գործադրվող «տնտեսական բռնության» մասին, քանի որ պետությունը պետք է գոնե ընդարձակ միջավայր, հնարավորություններ ապահովի մեծ չափերի հասնող գործազրկությունը վերացնելու, աղքատության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար: Մինչդեռ մեր հասարակության խիստ բևեռացումը, մի կողմից մեծահարուստների և մյուս կողմից ծայրահեղ աղքատության մեջ գտնվողների գոյությունը լավ փաստերի մասին չեն խոսում: Այսպես նաև «հոգեբանական բռնության» կամ «երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը» սահմանափակելու վերաբերյալ մեկնաբանությունները հնարավոր են բազմաթիվ տեսանկյուններով ներկայացվել: Դրա համար էլ հարկավոր են հստակ բանաձևումներ այն մասին, թե կոնկերտ ինչ պետք է հասկանալ «հոգեբանական բռնություն» կամ «երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակել» արտահայտությունների ներքո:

2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի առաջին կետում ամրագրվել է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության և լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Սակայն նկատի ունենալով, որ Հայաստանում բնակչության մի զգալի մասը սոցիալական ծանր պայմանների մեջ է, որի պատճառով շատ ընտանիքներ չեն կարողանում ապահովել երեխաների սննդի, հանգստի, առողջության, բնակարանային պայմանների նվազագույն պահանջները, ապա այդ ընտանիքները ամենայն հավանականությամբ ընկալվում են հենց այն վտանգավոր «սուբյեկտները», որոնցից երեխաները պետք է հեռացվեն տարբեր իրավական հիմնավորումներով և տեղափոխվեն հատուկ պատրաստված ապաստարաններ:

Աստված պատվիրում է երեխաներին պատվել ծնողներին՝ հորն ու մորը (Ելք 20.12): Աստվածադիր այս պատվիրանի մեջ այր և կին՝ հայր և մայր, նշումով ցուցում է տրվում ընտանիքի կազմության տղամարդու և կնոջ կողմից, ինչին հակառակ է ներկայիս արևմտյան երկրներում տարածված նույն սեռի պատկանող մարդկանց կենակցության և ընտանիք կազմելու իրողությունը, որը կարծես թե համառորեն փորձ է արվում ներմուծել քրիստոնեական հավատքով ու ավանդույթներով ապրող ու առաջնորդվող հայ հասարակության մեջ: Սուրբ Պսակի արարողության ժամանակ ամուսնացողներին քահանան հիշեցնում է համատեղ կյանքի ընթացքում պատահող դժվարությունների, աղքատության մասին՝ հիշեցնելով նաև Աստծո կամքը անգամ նեղությունների մեջ միմյանց հետ լինելու և միմյանց օգնելու, խնդիրները միասնաբար հաղթահարելու: Այս ընկալմամբ նաև երեխաներն իրավունք ունեն իրենց ծնողների հետ լինելու անգամ նեղությունների մեջ և նրանց հետ միասնաբար հաղթահարելու դժվարությունները: Իհարկե, ծայրահեղ դեպքեր կան, երբ իրոք պետք է միջամտել ու երեխաներին փրկել: Սակայն ոչ ոք բարոյական հիմք չունի՝ երեխայի բարեկեցության գաղափարը պատճառ բերելով նրան զրկելու ծնողներ ունենալու և հարազատների ու ընտանիքի հետ լինելու մարդկային իրավունքից:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: