ԸՆԿԱԾ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Հոգևոր իրողությունների առնչությամբ հաճախ օգտագործվում են «ընկած հրեշտակ», «մեղավոր հրեշտակ», «չար դև», «պահապան հրեշտակ» արտահայտությունները: Որտեղի՞ց են դրանք գալիս:

Աստվածաշնչում չի շեշտվում «ընկած հրեշտակ» արտահայությունը: Այս մասին ավելի շատ ուսուցանում են Սուրբ Գրքի մեկնիչները, եկեղեցական հեղինակները` հիմնվելով սուրբգրական տեղեկությունների վրա: Նախ` Եսայու մարգարեության մեջ է խոսվում այս մասին, պատկերվում առավոտյան աստղը, որը հայերեն թարգմանությամբ կոչվում է արուսյակ, լատիներեն թարգմանությամբ` լյուցիֆեր: Նա ցանկանում է իր գահը հաստատել բոլոր աստղերից վեր և հավասարվել Աստծուն, որի համար էլ ցած է նետվում (14.12-15):

Նաև Քրիստոս Նոր Կտակարանում ասում է. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը» (Ղուկ. 10.18): Հովհաննու հայտնության մեջ նկարագրվում է Միքայել հրեշտակապետի` երկնային զորքերի գլխավորի պայքարը սատանայի և նրա չար ոգիների դեմ, որի արդյունքում սատանան պարտվում է և ցած նետվում (12.79):

Պահապան հրեշտակի մասին ուսուցումը հիմնված է Քրիստոսի խոսքի վրա, ըստ որի` հավատացյալներն ունեն հրեշտակներ, որոնք մշտապես տեսնում են երեսը Հոր, որ երկնքում է (Մատթ. 18.10): Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ հրեշտակների տասը դասեր կային, որոնցից տասներորդն առավել լուսավոր ու զորեղ հրեշտակների դասն էր, նրանցից էր սատանան:

Նրանք սատանայի գլխավորությամբ իրենց ամբարտավանության ու գոռոզության պատճառով երկնքից ցած նետվեցին: Եվ հրեշտակների այդ տասներորդ դասը մեռյալների ընդհանրական հարությունից հետո լրացնելու են այն մարդիկ, ովքեր երկրի վրա ապրել են մեծագույն սրբությամբ, հրեշտակային կենցաղավարությամբ: