ԷՖԹԱՆԱԶԻԱ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկեղեցին ինչո՞վ կարող է սատարել անհուսալի վիճակում գտնվող հիվանդին, ով կամավոր ընտրել է էֆթանազիայի մեթոդը:

Հայաստանում Եկեղեցին էֆթանազիան ընտրած հիվանդին օգնելու անհրաժեշտության առջև չէ, որովհետև այն մեզ մոտ չի կիրառվում: Սակայն մարդը կարող է մտովի նախընտրել էֆթանազիան, այսինքն` մտածել, որ ավելի լավ է մեռնի, քան այսքան չարչարանքների մեջ լինի: Այս դեպքում հոգևորականը պետք է հիվանդի հոգեվիճակը մեղմի աղոթքով, Ավետարանի խոսքով, մխիթարություն բերելով:

Ցավոք սրտի, Հայաստանում հոգևորականների հիվանդանոցային ծառայությունները կանոնակարգված և բավարար չեն հոգևորականների խիստ սակավության պատճառով: Կան հոգևորականներ, ովքեր այցելում են հիվանդանոցներ, աղոթում, Աստծո խոսքը բերում հիվանդներին:

Նաև հավատավոր երիտասարդներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ օգնում են հոգևորականներին այս հարցում, նրանց հետ հիվանդանոցներ այցելում և կամ որտեղ հնարավոր չէ եկեղեցականի այցելությունը, իրենք են գնում հիվանդների մոտ, աղոթում, Սուրբ Գրքի խոսքերով մխիթարում:

Մեր Եկեղեցին անհրաժեշտություն ունի ավելի շատ հոգևորականների` համալրելու բանակային, բանտային և հիվանդանոցային ծառայություն իրականացնող հոգևորականների շարքերը: Արտասահմանում հիվանդանոցները մշտական այցելու հոգևորականներ ունեն, ովքեր հատուկ պատրաստված են հիվանդներին ծառայություն բերելու համար:

Այս նմանությամբ, ինչպես նաև նման սպասավորության առկա փորձը նկատի ունենալով, հուսով ենք, որ մեր Եկեղեցում ևս առաջընթաց կլինի այս ոլորտում, և հատկապես ծանր վիճակի մեջ գտնվող հիվանդները նաև հոգևոր աջակցություն կստանան եկեղեցականների համապատասխան ծառայությամբ: