ԷՖԹԱՆԱԶԻԱՆ ԻԲՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Էֆթանազիա» եզրը երբեմն փոխարինվում է «թեթև մահ» կամ «գթասրտությունից մղված սպանություն» արտահայտություններով, երբ խոսքը վերաբերում է հիվանդին, ով ապրելու հետագա հնարավորություն չունի, իսկ ներկա կյանքն անցնում է աննկարագրելի ցավերի ու տառապանքների մեջ: Մի՞թե էֆթանազիան այս պարագայում ինչ-որ առումով օգնություն չէ հիվանդին:

Հիշենք Քրիստոսի խաչելությունը: Նրա կողքին` աջ և ձախ կողմերում, խաչեցին երկու ավազակների: Այդ ահավոր չարչարանքների մեջ ավազակներն անդրադարձան իրենց կյանքին և տանջանքների ներկա վիճակին: Ձախակողմյան ավազակը չարչարանքների մեջ անգամ անզեղջ մնաց և իր բիրտ բնույթը ցույց տվեց:

Սակայն աջակողմյան ավազակի համար իր ամբողջ կյանքի համեմատ չարչարանքների այս փոքր ժամանակահատվածը բավական եղավ, որպեսզի նա զղջումով արժանանա մեղքերից մաքրվելու և սրբվելու: Դիմելով Քրիստոսին` աջակողմյան ավազակն ասաց. «Հիշիր ինձ, Տե՛ր, երբ որ գաս Քո թագավորությամբ»: Եվ Քրիստոս նրան ասաց. «Ճմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23.40-43): Ուրեմն, չարչարանքները հնարավորություն տվեցին ավազակին ինքնանդրադարձումով զղջալու և նույնիսկ դառնալու առաջին մարդը, ով Քրիստոսի հետ հավիտենության բացված դռներով մուտք գործեց դրախտ:

Քրիստոս ևս խաչի վրա չարչարանքների մեջ էր: Այդ տառապանքների պահին Նա ձայնեց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն` Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27.46, Մարկ. 15.34): Այս խոսքերը նաև 21-րդ սաղմոսի խոսքերն են (2): Ըստ ավետարանիչների` այս խոսքից հետո խաչի մոտ հավաքվածներից մեկը վազում է, սպունգը թրջում քացախի մեջ, անցկացնում եղեգի ծայրին և մեկնում Քրիստոսին, որ խմի (Մատթ. 27.48, Մարկ. 15.36, Հովհ. 19.29):

Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ այդ հավաքվածները զինվորներն էին: Առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է զինվորն այդ խոսքերից հետո շտապում Քրիստոսին ըմպելիք տալու: Սակայն Ավետարանիչների հաղորդած ընդհանուր տեղեկություններն ընթերցելով` տեսնում ենք, որ Քրիստոս յոթը խոսք ասաց խաչի վրա: Հովհաննես Ավետարանիչը հստակեցնում է այս դեպքը` նշելով, որ Քրիստոս վերոնշյալ խոսքերից հետո ասաց` Ծարավ եմ (Հովհ. 19.28): Եվ հենց այս խոսքը լսելով էր, որ զինվորը` գթասրտությունից դրդված, շտապեց Նրան ըմպելիք տալու: Քրիստոս ըմպեց իրեն մեկնված ըմպելիքից, ինչը հավանաբար ահավոր չարչարանքների մեջ ֆիզիկական որոշ թեթևություն բերեց և դրանից հետո հոգին ավանդեց:

Խաչելության այս դրվագի մեջ մենք կարող ենք տեսնել ցավերի մեջ գտնվող հիվանդներին առնչվող հարցերի պատասխաններ: Չարչարանքները հնարավորություն են տալիս անցած կյանքին անդրադառնալու, և այդ ծանր պահերին առանձնահատուկ կերպով Աստծուն դիմելու, ինչպես նաև փոքր մի շրջանի նեղություններով քավելու մեղքերը, որոնց պատճառով մարդը կարող է զրկվել հավիտենական երանությունից:

Բացի դրանից, ծանր հիվանդին շրջապատող մարդիկ այդպիսի պահերին է, որ դրսևորում են սեր, հոգածություն, խնամք, և դա առիթ է մարդուն իր լավագույն վարմունքները, մեկի հանդեպ հոգատարությունն ու սերը դրսևորելու, նաև այդպիսի գթասրտությամբ Աստծո առջև երևալու համար: Իսկ հիվանդության ցավերը կարելի է մեղմել որոշ դեղամիջոցներով:

1800-ական թվականներից բժշկության մեջ սկսեց գործածվել մորֆինը, որը լավագույն միջոցներից մեկն է ծանր ցավերը մեղմելու համար: Սակայն բժիշկների կողմից մտավախություն կա նման դեղամիջոցների տրամադրման, ինչպես նաև խնդիրներ են առաջանում ըստ գրանցման վայրի միայն համապատասխան ցավազրկող միջոցի թույլատվության, որով նույնպես անտեսվում է տառապանքների մեջ գտնվող հիվանդի վիճակը թեթևացնելու անհրաժեշտությունը: Ուրեմն, խնդիր կա բժշկության ոլորտում այս հարցը կարգավորելու:

Հազվադեպ լինում են դեպքեր, երբ հզոր ցավազրկողները չեն մեղմում ահռելի ցավերը: Այս իրավիճակի համար երկրի օրենքը, կրոնական ընկալումները ևս նկատի ունենալով, կարող է որոշ բացառող հանգամանքներ դիտարկել` լիազորելով բժշկին էֆթանազիան կիրառելուց զերծ մնալով, հատուկ սահմանափակ դեղամիջոցների գործածմամբ առանձին կերպով զբաղվելու հիվանդի խնամքով: