ԷՖԹԱՆԱԶԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Որո՞նք են էֆթանազիայի հետևանքները. չէ՞ որ երբեմն դրան դիմում են ոչ միայն անհուսալի հիվանդները, այլև հոգեկան հավասարակշռությունը կորցրած մարդիկ, կամ երբեմն նույնիսկ բժիշկն է սխալվում իր բժշկական եզրակացության մեջ և դրանով հուսահատ քայլերի մղում մարդուն:

Էֆթանազիայի հետևանքները բազմաթիվ ինքնասպանություններն ու մարդասպանություններն են: Եկեղեցական կանոնների համաձայն, որոնք խստորեն պահպանվում էին միջնադարում, ինքնասպանություն գործած անձնաց անգամ թաղում էին քրիստոնեական գերեզմաններից դուրս, որովհետև նրանք մերժել են աստվածային գերագույն պարգևը` կյանքը, որով նաև` աստվածուրացության ու աստվածմերժության մեղքի մեջ ընկել:

Այսօր, ինչպես և հնում, ինքնասպանների վրա թաղման եկեղեցական կարգ չի կատարվում: Մինչդեռ էֆթանազիան թե՛ հիվանդի անձնական ընտրությամբ ու մասնակցությամբ ինքնասպանություն է, և թե՛ դրան սատարողների ու կիրառողների դեպքում` մարդասպանություն:

Հիվանդի չարչարանքների պարագայում հարկ է հիշել մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ով ահավոր տանջանքների ենթարկվեց, այնուհետ տասներեք, կամ ըստ այլ տեղեկության` տասնհինգ տարով նետվեց խոր վիրապի` խորը փոսի մեջ: Բայց Աստծո օգնությամբ հաղթահարեց բոլոր փորձությունները, լուսավորություն բերեց մեր ազգին և ապրեց փառքի ու պատվի մեջ: Մենք ամեն դեպքում չպետք է բացառենք հրաշքը բժշկվելու գործում, ինչպես նաև հիշենք աջակողմյան ավազակին, ում համար տանջանքներն առիթ եղան մեղքերից մաքրվելու և հավիտենական երանության արժանանալու:

Երբեմն պատահում են նաև սխալ բժշկական ախտորոշումներ և կամ սխալ խորհրդատվություններ, մանավանդ երբ բժիշկն էֆթանազիայի կողմնակից է: Էֆթանազիայով կյանքից հեռացած շատ հիվանդների վերաբերյալ պարզվել է, որ վերջնականապես անհուսալի հիվանդներ չեն եղել, ոմանք էլ ցավեր չեն ունեցել, այլ պարզապես հոգնել են հիվանդագին վիճակից, շատերն էֆթանազիայի կիրառման որոշում կայացրել են նման խորհրուդ տվող բժշկի հետ հանդիպումից կարճ ժամանակ անց: Մինչդեռ հավատավոր բժիշկների, հոգեբանների և հատկապես հոգևորականների հետ հանդիպումները բազմաթիվ դեպքերում այլ որոշման կհանգեցնեին:

Այս մտահոգություններն են նաև պատճառը, որ էֆթանազիան օրինականացված է ընդամենը մի քանի երկրներում, և ընդունելի չի համարվում պետությունների, ժողովուրդների մեծամասնության կողմից: Ամեն դեպքում պետք է հիշել, որ հատկապես կյանքին վերաբերող և կյանքին սպառնացող վարմունքներում պետք է առաջնորդվել կյանքը ստեղծած Աստծո կամքի համաձայն: