ԷԿՈՒՄԵՆԻԶՄ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ի՞նչ է նշանակում «էկումենիկ» բառը, և ի՞նչ է իրենից ներկայացնում էկումենիկ շարժումը:

«Էկումենիկ» բառը ծագում է հունարեն «οἰκουμένη» բառից, որը Հռոմեական կայսրության շրջանում օգտագործվում էր բնակեցված երկիր հատկանշելու համար: Այն արտահայտում է նաև համախմբվածության, միասնության իմաստ և եկեղեցական ոլորտում այսօր գործածվում է Եկեղեցիների միասնությանը միտված շարժումը բնութագրելու համար:

Էկումենիկ շարժում հաստատելու փորձեր արել է Ուղղափառ Եկեղեցին, սակայն ներկայումս էկումենիկ շարժման հեղինակներն առավելաբար բողոքականներն են: Էկումենիզմը ձևավորվել է «Կյանք և գործ», «Հավատք և կարգ» երկու եկեղեցական, բողոքական հոսանքներից, որոնք 1937 թ. Օքսֆորդի և Էդինբուրգի համաժողովներից հետո որոշեցին վերածվել մեկ կազմակերպության` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, որը վերջնականապես հաստատվեց 1948 թ.:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էկումենիկ շարժման գլխավոր մարմինն է, որի առաջնորդները` գլխավոր քարտուղարները, խորհրդի ստեղծման օրվանից մինչև հիմա երբեք չեն եղել անմիջական առաքելական հիմնադրություն ունեցող եկեղեցիների անդամներ, այլ եղել են միայն բողոքական եկեղեցիների անդամները: Նրանց ղեկավարության ներքո է հիմնականում ընթացել և այսօր էլ ընթանում այդ շարժման աշխատանքները:

Որո՞նք են այս շարժման կարևորագույն հիմնահարցերը:

Էկումենիկ շարժումը ձգտում է Եկեղեցիների համագործակցության սերտացման` Ավետարանի քարոզչության, սոցիալական ծառայության, կրթական բնագավառներում: Լինում են նաև աստվածաբանական, եկեղեցաբանական երկխոսություններ` Քրիստոսի մեկ Եկեղեցու միությունը և Եկեղեցիների միջև հաղորդական միությունը վերահաստատելու համար, քանի որ դավանաբանական տարբերություններ ունեցող Եկեղեցիների անդամներն այլ Եկեղեցիներում Սուրբ Հաղորդություն չեն ստանում:

Էկումենիկ շարժումը, իհարկե, նաև ուշադրություն է դարձնում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, բարեգործական բազում ձեռնարկներով ջանքեր ներդնում աղքատության դեմ պայքարի, մարդկանց խնամքի գործում, իր ձայնը բարձրացնում անարդարությունների դեմ, կոչ անում խաղաղության հաստատման, մարդկանց միջև համերաշխության:

Այսինքն` բացի կրոնական հարցերից, Էկումենիկ շարժումը նաև իր գործունեության շրջանակով առնչվում է քաղաքական, տնտեսական, ընկերային հարցերի, փորձում նպաստել նաև այդ ոլորտներում լուծումներ գտնելուն:

Տարբեր էկումենիկ համաժողովներով արժևորվում է նաև Եկեղեցիների հոգևոր-մշակութային, եկեղեցական գրական հարուստ ժառանգությունը, քննարկվում են հոգևոր կյանքի զորացման նպատակով Եկեղեցիների առաքելության առաջնահերթությունները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ճանապարհները:

Կարդալ նաև`