ԷԿՈՒՄԵՆԻԶՄԻ ՄՅՈՒՍ ԴԵՄՔԸ

Էկումենիկ շարժմանը շատ ավանդական Եկեղեցիներ դեմ էին և շարժման սկզբնական փուլում բացառում էին իրենց մասնակցությունը: Նույնիսկ այսօր էլ ծայրահեղ մոտեցումների կարելի է հանդիպել ոչ միայն շարքային հավատացյալների, այլև աստվածաբանական միջավայրում. էկումենիզմն ընկալվում է որպես Համաշխարհային տիրապետության, Նեռի գալու նախերգանք` ծպտված քրիստոնեական բարի ձգտումների քողով: Շատերն այս շարժումը կապում են մասոնականության հետ: Ինչպիսի՞ն են այսօր մեր ընկալումները էկումենիկ շարժման մասին:

ԵՀԽ-ին անդամությանը միշտ դեմ է արտահայտվել Արտասահմանի Ռուս Ուղղափառ Եկեղեցին` քննադատելով Մոսկվայի Պատրիարքության առաջնորդությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու մասնակցությունը: 1948 թ. ԵՀԽ-ի կազմությունից սկսած` Ուղղափառ Եկեղեցիներն անմիջապես չէ, որ մասնակցել են էկումենիկ շարժմանը, բայց հետո դիրքորոշումը փոխվել է, որովհետև այն տեսակետն է առաջ քաշվել, որ սա մի դաշտ է, որտեղ կարելի է ուղղափառությունը` ճիշտ հավատքը քարոզել:

Ուրեմն, ռուսները, մյուս ուղղափառներն էկումենիզմի մեջ են մտել ուղղափառության քարոզչության հիմնական նպատակով: Նրանք պնդում են, որ ճշմարիտ քրիստոնեական հավատքը միայն իրենք են պահել, և այսօր էկումենիկ բազմաթիվ ժողովներում, որին մասնակցում են և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, շատ հաճախ ուղղափառ ավանդույթների, ուղղափառ հոգևոր ժառանգության վերաբերյալ դասախոսություններ ու քննարկումներ են լինում:

Կաթոլիկ Եկեղեցին ԵՀԽ-ի անդամ չէ ի սկզբանե, և չի մասնակցում էկումենիզմի գործընթացներին, այլ պարզապես էկումենիկ տարբեր համագումարներում հետագայում սկսել է հանդես գալ միմիայն դիտորդի կարգավիճակով: Սրա պատճառը Կաթոլիկ Եկեղեցու եկեղեցաբանությունն է, ըստ որի` Կաթոլիկ Եկեղեցին է ամբողջությունը, ու ոչ թե ինքը պիտի միության ձգտող շարժումներին մասնակցի, այլ իրենից` ամբողջությունից անջատվածները պետք է գան և միանան Կաթոլիկ Եկեղեցուն:

Այսպիսով, քննադատական տեսակետով նայելիս հայտնի է դառնում, որ Ուղղափառներն էկումենիզմի մեջ մտել են իրենց դիրքորոշումները և վարդապետությունը ուրիշների վրա տարածելու համար, Կաթոլիկները, իրենց վեր դասելով, անդամի կարգավիճակով չեն մասնակցում էկումենիկ շարժմանը, քանզի սպասում են, որ այդ մյուսները պետք է դեպի կաթոլիկություն գան և ոչ թե կաթոլիկները դեպի իրենց գնան: Իսկ բողոքականները, դարեր շարունակ Կաթոլիկ Եկեղեցու կողմից հերձված համարվելով, իրենց համար կարծես թե վավերականության խնդիր են լուծում` շփվելով անմիջականորեն առաքելական հիմնավորում ունեցող Եկեղեցիների հետ:

Մենք տեսնում ենք, որ այսօր բողոքական աշխարհում քրիստոնեական արժեքների ազատ մեկնաբանություն է կատարվում` մարդկային ցանկությունների ու կրքերի համեմատ: Անգլիկան եկեղեցին, Արևմտյան Եվրոպայի բողոքական շատ եկեղեցիներ ընդունում են միասեռականների օրինական լինելը և նրանց պսակադրությունը կատարում եկեղեցիներում: Անգլիկան եկեղեցու մաս կազմող Ամերիկայի Եպիսկոպոսական եկեղեցու պետ է դառնում բացահայտ միասեռական տղամարդ, ով ջատագովում է իր ապրելակերպը` շրջելով իր ամուսնու հետ:

Կանանց ձեռնադրությունից կանանց եպիսկոպոսությանն անցնելու քայլերը (ընդ որում այդ կանայք էլ կարող են միասեռականներ լինել) արդեն լուրջ դժվարություններ են ստեղծում Անգլիկան եկեղեցու հետ եկեղեցաբանական կամ աստվածաբանական երկխոսությունների, չնայած որ Անգլիկան եկեղեցու կողմից վերջին տարիներին ևս դիմումներ են եղել տարբեր Եկեղեցիներին երկխոսությունների շարունակման նպատակով:

Էկումենիզմի շրջանում համագործակցությունն ավանդական քրիստոնեական արժեքներն աղճատող բողոքական եկեղեցիների հետ, որոնք էկումենիզմի մղիչ ուժն ու բուն մասն են կազմում, արդեն լուրջ մտորելու առիթ պիտի տա Եկեղեցիների միջեկեղեցական հարաբերությունների գործընթացի բոլոր պատասխանատուներին:

Մինչդեռ կարծես թե շարունակվում են ԵՀԽ-ի կենտրոնական կոմիտեին, տարբեր խմբերին անդամակցելու եկեղեցիների ցանկությունները, ինչպես նաև պատրաստական աշխատանքները գլխավոր համագումարներին մասնակցելու: Մեծ համագումարներին ներկա են լինում նաև այնպիսի բողոքական եկեղեցիներ, որոնք մեզ մոտ` Հայաստանում, համարվում են վնասակար աղանդներ: Մինչդեռ էկումենիկ ժողովներում Եկեղեցու ներկայացուցիչները համահավասար են համարվում այդ աղանդների ներկայացուցիչներին:

Դեռ ավելին, տարբեր երկրներում էկումենիկ խմբերի կողմից բացված կազմակերպություններում, որոնցից են Աստվածաշնչի և սուրբգրային տարբեր հրատարակություններով զբաղվող Աստվածաշնչային ընկերությունները, շատ հաճախ հարկ է համարվում պարտադիր ներկայությունը և համահավասար գործունեությունն ու ձայնի իրավունքը ոչ միայն այդ երկրներում գործող տարբեր Եկեղեցիների, այլև տարաբնույթ աղանդավորական կազմակերպությունների:

ԵՀԽ-ի գլխավոր համագումարներն արդեն պարունակում են սերմերը` վերածվելու կրոնական պլուրալիզմից առավել միջկրոնական համահարթեցման, քանի որ ամենակարևոր նշանակության համագումարներին հրավիրվում և խոսքեր են ասում նաև այլ կրոնների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ` 2006 թ. Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում տեղի ունեցած ԵՀԽ-ի իններորդ գլխավոր համագումարին:

Էկումենիզմը բերում է շատ դրական բաներ` աշխարհի բազմաթիվ քրիստոնյաների հանդիպում ու մեկտեղում, միասնական աղոթք, որոնք, ցավոք, առավելաբար արվում են բողոքական արարողակարգերի համաձայն, սոցիալական բազմաթիվ ծրագրերի իրականացում տարբեր երկրներում:

Սակայն էկումենիզմի շրջանակում հատկապես այսօր ակնահայտորեն դրսևորվող խիստ բացասական երևույթները նկատի ունենալով` առաքելահաստատ Եկեղեցիները, ժամանակն է արդեն, որ առնվազն գոնե ճշտեն էկումենիկ շարժմանը մասնակցելու իրենց ձևաչափը և ներգրավվածության աստիճանը: