ԷԿՈՒՄԵՆԻԶՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՀԽի անդամ Եկեղեցիներից յուրաքանչյուրը գործունեություն է ծավալում տարբեր երկրների սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական պայմաններում: Նրանք ունեն կառավարման և կազմակերպման տարբեր ոճեր: Արդյո՞ք տարբեր Եկեղեցիները չեն օգտագործում ԵՀԽը որպես մի վայր կամ հնարավորություն այս կամ այն եկեղեցական խմբավորումների հետ պարզապես իրենց հարաբերությունները կարգավորելու կամ հարթելու, համագործակցությամբ իրենց համար շահեկան ծրագրեր իրականացնելու համար, այսինքն` ոչ թե բուն դավանական, կրոնական հարցերի նպատակակետի շուրջ են խմբվում, այլ օրինակ` տնտեսական, քաղաքական հարցերի:

Էկումենիզմը մի դաշտ է, որտեղ բացի կրոնական հարցերից, լայն հնարավորություն կա քաղաքական և տնտեսական հարցերի դիտարկման, բարձրաձայնման և դրանց ուղղությամբ քայլերի գործադրման: Սա կարող է լինել դրական և բացասական առումով:

Հայ Եկեղեցու պարագայում էկումենիզմը նաև մի ոլորտ է, որտեղ կարելի է վերստին հնչեցնել Հայոց Ցեղասպանության ճանաչման և համընդհանուր դատապարտման հարցը, արցախյան հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը: Իհարկե, այստեղ անմիջական լուծումներ չեն ակնկալվում, սակայն էկումենիկ ոլորտը բերում է հնարավորությունը այլ պետությունների մեջ հարգալից դիրք զբաղեցնող անձանց, հոգևոր գործիչների առջև բարձրացնելու նաև տվյալ Եկեղեցու ժողովրդին հուզող այլ հարցեր, այդ ճանապարհով ևս նպաստելու ազգային խնդիրների լուծմանը:

ԵՀԽ-ի միջոցով այսօր հսկայական գումարներ են տրամադրվում տարբեր երկրների, այդ թվում և Հայաստանի տնտեսական բնագավառի գործունեությունը խթանելու, գյուղատնտեսությունը զարգացնելու համար, ինչպես« օրինակ« ԷԿԼՕՖ վարկային կազմակերպությունը, ԵՀԽ-ի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամը, որոնք իրագործում են բազմաթիվ բարերարական ծրագրեր, օգնում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

Սակայն էկումենիկ շարժումը նաև կարող է վերածվել քաղաքական ազդեցություններ տարածելու գործիքի: Հետևյալ կարծիքը կա Անգլիկան եկեղեցուն առնչված Մեծ Բրիտանիայի քաղաքական հավակնությունների վերաբերյալ: Անգլիկան եկեղեցին, անցյալ դարից սկսյալ, մեծ աշխատանքներ էր իրականացնում ուղղափառության հետ մերձենալու և միանալու համար: Անգլիկան եկեղեցին երբեք չի թաքցրել իր համակրանքը հույն ուղղափառության հանդեպ, որը մեծ դեր է խաղացել բրիտանական քաղաքականության մեջ, և Անգլիան չէր կարող նրան չքաջալերել սերտ հարաբերություններով, քանի որ Հույն Եկեղեցին ծառայում է իր արևելյան քաղաքականությանը և պաշտպանում է իր հայացքներն Արևելքի հետ կապված հարցերում:

Բրիտանական քաղաքականությանը մեծապես հետաքրքրում էր ուղղափառ Կոստանդնուպոլիսը, որը, որպես ուղղափառության Աթոռ, անգլիկանիզմի հետ դաշնակցությամբ կարող էր կրկին հանդես գալ Հռոմի դեմ, ինչն օգուտ կբերեր Բրիտանական քաղաքականությանը Թուրքիայի հետ կապված հարցերում, որի վերջնական կործանմանը ձգտում էր Անգլիան հույն-թուրքական պատերազմի ընթացքում: Եվ Անգլիան այսօր շարունակում է այդ քաղաքականությունը Անգլիկան եկեղեցու միջոցով, այս անգամ` էկումենիկ շարժման քողի տակ: Անկասկած, այդ քաղաքականությունը բավականին նուրբ է, սակայն միևնույն ժամանակ` զորեղ և համառ:

Այսօր, կարծում եմ, աշխարհի քրիստոնյաներով համախմբվելու գեղեցիկ գաղափարը և հատկապես այն բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որ իրականացնում են բողոքական եկեղեցիները հսկայական նյութական միջոցներով, դեռ իրենց հետ կապված են պահում տարբեր Եկեղեցիների, որոնք, սակայն, այդ նույն բողոքական եկեղեցիների չափազանցված ազատականությունը հավատքի, բարոյականության ընկալման մեջ տեսնելով, արդեն կարող են նվազեցնել իրենց խանդավառությունը, գուցե և մասնակցությունը էկումենիկ շարժմանը: