ԷԿՈՒՄԵՆԻԶՄԸ ԵՎ ՇԵՂՈՒՄԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ

Այսօր բողոքական տարբեր եկեղեցիների հեռանալը քրիստոնեական հիմնարար սկզբունքներից հարցականի տակ է դնում նման եկեղեցիների հետ առնչվելու և նրանց ստեղծած էկումենիկ շարժմանը մասնակցության հարցը:

Կցանկանամ մի քանի փաստ նշել: 2007 թ. նոյեմբերի 16-ին Նորվեգիայի եկեղեցու գլխավոր սինոդի անդամները մեծամասնությամբ կողմ քվեարկեցին միասեռականներին կամ միասեռական ամուսնության մեջ գտնվող անձերին քահանայության արժանացնելուն: 2003-2013 թթ. կատարված տարբեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկրի բնակչության գերակշռող մեծամասնությունը կողմ է միասեռական ամուսնություններին:

2007 թ. Նորվեգիայի եկեղեցու սինոդի կողմից միասեռականների նաև քահանայագործության հնարավորությունն ընդունելու որոշումից մի քանի օր հետո Ռուս Ուղղափառ Եկեղեցու Միջեկեղեցական բաժնի ներկայացուցիչը, դատապարտելով սույն որոշումը, անգամ ակնարկեց Նորվեգիայի եկեղեցու հետ հարաբերությունների խզման մասին, ինչպես որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին խզել է հարաբերությունները ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցու հետ միասեռական Ջին Ռոբինսոնի եպիսկոպոսացումից հետո և նմանապես հարաբերությունները խզել է Շվեդիայի եկեղեցու հետ` այդ եկեղեցու կողմից միասեռական զույգերին պսակելու որոշումից հետո:

Այս տեղեկությունները ներկայացված են Մոսկվայի Պատրիարքարանի պաշտոնական www.patriarchia.ru կայքէջում (Ռուս Ուղղափառ Եկեղեցու Միջեկեղեցական բաժնի ներկայացուցչի հայտարարությունը կարելի է տեսնել հետևյալ հղումով` http://www.patriarchia.ru/db/text/327607.html, Նորվեգիայի եկեղեցու վերոնշյալ որոշման վերաբերյալ տարբեր հրապարակումներ տե՛ս նաև Մոսկվայի Պատրիարքարանի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումներով` http://www.patriarchia.ru/db/text/327109.html,  http://www.patriarchia.ru/db/text/338167.html):

Շվեդիայի եկեղեցու եպիսկոպոսական կարևոր աթոռը զբաղեցնող Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի եպիսկոպոսը բացահայտորեն իգամոլ կին է, որն ամուսնացել է մի ուրիշ կին «քահանայի» հետ։ Շվեդիայի ներկայիս համասեռամոլ կին եպիսկոպոսի և նրա կին «ձեռնադրված քահանայի» ամուսնությունը նույնպես կատարվել է Շվեդիայի եկեղեցում: Այս ընթացքի մեջ գտնվող Շվեդիայի եկեղեցին, որ անդամ է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Եվրոպայի Եկեղեցիների համագումարի, Համաշխարհային լյութերական ֆեդերացիայի, համարվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հիմնադիր անդամ:

2009 թ., երբ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար ընտրվեց Նորվեգիայի եկեղեցու հովիվ Օլաֆ Թվեյթը, Ռուս Եկեղեցու կողմից ամենաբարձր մակարդակով նրան շնորհավորագիր հղվեց, որն սկսվում էր «թանկագին եղբայր ի Քրիստոս» բառերով: Էկումենիզմի հակառակորդները քննադատեցին այս շնորհավորանքը` նշելով, որ եթե սոդոմականների ու միասեռականների եկեղեցու հովիվն ինչ-որ մեկի և նրա շրջապատի համար ի Քրիստոս թանկագին եղբայր է, ապա կարո՞ղ է արդյոք այդ մեկը մեզ համար լինել ի Քրիստոս եղբայր կամ հայր:

Այո՛, էկումենիզմը ջանում էր Եկեղեցիների միության: Բայց այսօր, ամենևին էլ չնսեմացնելով այս շարժման բոլոր դրական իրագործումները, այնուամենայնիվ, պետք է հստակեցնենք` ցանկանո՞ւմ ենք արդյոք միանալ այդպիսի եկեղեցիների հետ և քրիստոնեական արժեքները աղճատողների կամ միասեռականների հետ միություն կազմել: Ժամանակն է մի պահ կանգ առնելու և լրջորեն մտածելու: