ԷԿՈՒՄԵՆԻԶՄԸ ԵՎ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Ի՞նչ առնչություն ունի էկումենիզմի հետ Հայ Առաքելական Եկեղեցին:

Հայ Առաքելական Եկեղեցին էկումենիկ շարժման մեջ ներգրավվել է Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք` 1962 թվականից, երբ Ամենայն Հայոց Հայրապետն ապրիլի 26-ին ԵՀԽ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աշխատանքներին Հայ Առաքելական Եկեղեցին մասնակցել է 1962 թ. օգոստոսին փարիզյան նստաշրջանում:

Այս նույն ժամանակ ԵՀԽ-ին անդամակցելու դիմում էր ներկայացվել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից: Խորհրդային ժամանակաշրջանում լարված էին հարաբերությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջև, քանի որ դրսում կարծում էին, որ կումունիստական ռեժիմի ներքո Սուրբ Էջմիածինը պիտի ծնկի գա, և փորձում էին Էջմիածնին հակակշիռ ստեղծել Կիլիկիո կաթողիկոսության միջոցով:

Ցավոք, Եկեղեցու պառակտման և ժողովրդի ի հոգևորս մասնատման այս բացասական գործընթացին լծվել էր 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մեր ժողովրդի գոյության պայքարներում աչքի ընկած «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, որի ներկայացուցիչներն արտասահմանում այսօր էլ երբեմն, դժբախտաբար, փորձում են ազդեցության տակ պահել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկության, նրա թեմերի և եկեղեցականների գործունեությունը:

Էկումենիկ շարժման մեջ նույնպես Հայ Եկեղեցու պառակտման վտանգը կասեցնելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակները հայտարարություն են արել ԵՀԽ-ի Փարիզի նստաշրջանի դիվանին` Սուրբ Էջմիածնի գերագահության ներքո Հայ Եկեղեցու մեկ ամբողջություն լինելու և դրանով հանդերձ միաժամանակ Նվիրապետական Աթոռների առանձին իրավասություններ ունենալու վերաբերյալ, որպեսզի Հայ Եկեղեցուց ստացված երկու դիմումները տպավորություն չթողնեն երկու տարբեր և անջատ Եկեղեցիների:

Այս հայտարարության տակ ստորագրել էր նաև Անթիլիասի ներկայացուցիչը` Գարեգին վարդապետ Սարգիսյանը, ով հետագայում դարձավ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսը, այնուհետ` Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս: Այսուհանդերձ, հայտարարության ընթերցումից հետո ժողովը, այնուամենայնիվ, ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիմումը, իբրև առանձին եկեղեցու դիմում, և կարծում եմ` ոչ առանց Անթիլիասի ներկայացուցիչների երկակի քաղաքականության:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առանձնաբար հանդես գալն էկումենիզմի մեջ շարունակվեց տասնամյակներով: Սակայն հիմա, երբ վերահաստատված է Հայաստանի անկախությունը, խանգարող աթեիստական, եկեղեցամարտ քաղաքականություն չի տարվում պետության կողմից, որը պատճառ էր բերվել ժամանակին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հակակշիռ ուժ ստեղծելու համար, և եկեղեցական շրջանակներում աշխատանքներ են կատարվում մեր Սուրբ Եկեղեցու միությունը հաստատուն դարձնելու համար, նաև էկումենիկ շարժման մեջ կարտահայտվի Հայ Եկեղեցու միասնաբար հանդես գալը և համատեղ գործունեությունը:

Հայ Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցում են էկումենիկ բոլոր կարևոր համագումարներին, որոնց ընթացքում ընթերցվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը և հորդորները էկումենիկ ժողովների մասնակիցներին: Նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում են էկումենիկ բնույթի հանդիպումներ և ժողովներ կազմակերպվում:

Միջեկեղեցական համագումարների ընթացքներում մեր Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցություն են ունենում հարցերի քննարկմանը, տարբեր բնագավառներում Եկեղեցիների համագործակցության ամրապնդման գործում, աստվածաբանական քննարկումներում և երկխոսություններում: