ԷԿՈԼՈԳԻԱ. ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում օգտվում է բնության բարիքներից` բուսական, կենդանական աշխարհից, իր կենսական կարիքներն ապահովելու համար: Սակայն բնության օգտագործումը հանգեցնում է նաև բնական ռեսուրսների սպառման, բնության աղտոտման ու վնասման: Ինչպիսի՞ն է քրիստոնեական տեսակետը բնության հանդեպ վերաբերմունքի մասին:

Բնությանն ու դրան առնչվող խնդիրների վերաբերյալ գիտությունն անվանում են էկոլոգիա: Էկոլոգիան կենդանի օրգանիզմների, նրանց համակեցության և նրանց շրջապատող միջավայրի միջև փոխհարաբերությունն ուսումնասիրող գիտություն է: «Էկոլոգիա» բառը ծագում է հունարեն «οἶκος»` կացարան, բնակավայր նշանակող բառից և «λόγος» բառից, որը թարգմանվում է խոսք, նաև` կապակցությունների մեջ գիտության իմաստն ունի: Այս եզրն սկսել է օգտագործվել 19-րդ դարի կեսերից, սակայն հետագայում դրա իմաստն ընդլայնվել է և այսօր ներառում է նաև բնապահպանության, շրջակա միջավայրի պահպանության հարցերը:

Բնապահպանության խնդիրների լուծման համար կարևոր է բնության մասին քրիստոնեական տեսակետի իմացությունը: Աստված առաջին մարդկանց իշխանություն տվեց բուսական և կենդանական աշխարհի վրա. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»,- ասվում է առաջին մարդկանց (Ծննդ. 1.28): Այս նույն իշխանությունը տրվում է նաև ջրհեղեղից հետո Նոյին և նրա ընտանիքին (Ծննդ. 9.13):

Քրիստոնեական տեսակետի համաձայն` «իշխանություն» հասկացությունը բացատրվում է կարող մեկի կողմից հոգատարության, հոգածության ցուցաբերման նշանակությամբ: Այդպիսին է «իշխանություն» հասկացությունը բացատրվում քրիստոնեության շրջանակներում գտնվող թե՛ տիրոջ ու ծառայի, թե՛ ամուսնու և կնոջ և թե՛ Քրիստոսի ու Եկեղեցու միջև հարաբերություններում (Մատթ. 20.28, Մարկ. 9.34, 10.45, Եփ. 5.22-25, 32):

Հետևաբար, բնության հանդեպ իշխանությունը, որը Սուրբ Գրքի հավաստմամբ մարդուն տրվեց Աստծո կողմից, նույնպես պետք է հասկանալ ոչ թե տիրելու, տիրապետելու, վնասելու, այլ հոգածության ու խնամքի դրսևորման իմաստով: Բնության բարիքներից պետք է օգտվել և ոչ թե բնությունն անխնա օգտագործել, և կամ` բնության պարգևած բարիքները խնայողությամբ ու հոգատարությամբ օգտագործել և ոչ թե բնությունը շահագործել:

Քրիստոնեական վարդապետության համաձայն` Ծննդոց գրքի վերոնշյալ խոսքերը մեկնաբանվում և ընկալվում են որպես արարչագործության վրա մարդու` իբրև տնտես ու խնամակալ հաստատումը:

Քրիստոսի պատմած անիրավ տնտեսի մասին առակը (Ղուկ. 16.1-8), երբ տերն իր կողմից տնտես կարգված մարդուց հաշիվ է պահանջում, կարող ենք հասկանալ ոչ միայն մարդու անձնական, աստվածաշնորհ կյանքի տնօրինմանը վերաբերող հաշվետվության առնչությամբ, այլև ընդհանուր իմաստով` աշխարհի տնտես հաստատված մարդուց հաշվետվության պահանջի նկատառումով, քանզի Աստված մարդուց պահանջում է նաև խնամք ու հոգատարություն ցուցաբերել բնության հանդեպ:

Կարդալ նաև`