ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԵԴԻԱ ԵՎ ՄԻՋԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մարդիկ միջին հաշվով օրական 3 ժամ հեռուստացույց են դիտում: Այսօր շատ ավելի տարբեր վիճակագրություն է ձևավորվում համակարգչի, բջջային հեռախոսի առջև օրական անցկացվող ժամերի վերաբերյալ: Դա նույնը չէ, ինչ թմրամոլ լինելը, թեև նմանություններ կան: Արդյո՞ք մարդիկ դրանից իսկապես անվնաս հաճույք կամ օգուտ են ստանում, թե՞ ուղղակի թմրամոլի պես չեն կարողանում հրաժարվել վատ սովորությունից:

Աշխատանքի, դասընթացների մեջ օրական լարվածությունը պահանջում է մտքի լիցքաթափում, հանգիստ, օրվա բերած մտավոր լարվածության թոթափում: Դրա համար մարդիկ հատկապես երեկոյան ժամերն անցկացնում են հեռուստացույցի կամ համակարգչի, ոմանք էլ` արդեն հեռուստացույցի և համակարգչի ֆունկցիաներն ունեցող բջջային հեռախոսների առջև:

Երբ զբաղմունքի այս ձևը կլանում է մարդու ողջ ուշադրությունն ու ժամանակը, կտրում է իրականությունից, հարազատների հետ շփումից, ընտանիքի հետ հաղորդակցվելուց, այն դառնում է մոլուցք: Դա չի նույնանում թմրամոլության հետ, բայց շատ նման է դրան այն իմաստով, որ մարդն անպայման իրեն հաճույք պատճառող, բայց և իր առողջությանն ու շրջապատին վնասող մի միջոցի համապատասխան քանակ պիտի ստանա, որ հանգստանա:

Ֆիլմեր դիտելը հոգեբանության բացատրությամբ կապված է նաև մարդու ինքնավստահության հաստատման, իրեն հերոսների հետ նույնացնելու, ճնշող կամ մտահոգիչ իրականությունն այլ կերպ ընկալելու, գործելու շարժառիթներ գտնելու ու ոգևորվելու և նման այլ իրողությունների հետ:

Բայց ֆիլմերը, համակարգչային խաղերը, գովազդները ցուցադրում են նաև բռնության տեսարաններ, անբարոյականություններ, սեռական սանձարձակություններ, որոնք վնասում են մարդու հոգևոր վիճակը: Մեղավոր տեսարանը կարող է բերել մեղսալի մտածում, դառնալ չարի գայթակղության միջոց կամ պատճառ: Մտքով շնությունն իրականում կատարվածի հետ հավասարեցնելու ավետարանական հաստատումը (Մատթ. 5.27-28) վերաբերում է նաև շնության ու սպանության տեսարանների դիտմանը` հոգևոր վիճակին վնասելու, մեղքին հակվածություն առաջացնելու առկա վտանգի նկատառումով:

Եկեղեցական հեղինակներից մեկի խոսքերով՝ հաճույքի զգացումով սպանության տեսարան դիտած անձն ինչպե՞ս կարող է հաջորդ օրը եկեղեցում աղոթել Աստծուն, որի անունն է Սեր: Ուրեմն, շնության հակվելու վտանգից պետք է զգուշանալ և աչքերը զսպել ոչ միայն անձնական հարաբերություններում, որի մասին խոսում է Քրիստոս, ինչպես նաև՝ Հոբ Երանելին (31.1), Սիրաք իմաստունը (25.28), այլև ֆիլմեր դիտելիս: Այն միտքը կա, որ սիրողները նրանք են, ովքեր ոչ թե նայում են իրար, այլ նայում են միևնույն ուղղությամբ: Բայց դա ամենևին էլ չի նշանակում հեռուստացույցի կամ համակարգչի առջև իրար կողքի նստած, նույն ուղղությամբ նայելով ժամեր շարունակ ֆիլմեր դիտել: Այլ խոսքը վերաբերում է անձանց զգացումների, մտածումների, հարաբերությունների մեջ ներդաշնակությանը:

Երբ մարդն իր ողջ ազատ ժամանակը կամ ժամանակի մեծ մասն անցկացնում է անշունչ առարկաների հետ, անշունչ ու անկենդան է դառնում նաև նրա կապը ընտանիքի անդամների հետ, մարդն ավելի քիչ է զբաղվում երեխաներով: Ֆիլմը կամ սերիալն այդ պահին համարվում է առավել կարևոր, որի հետևանքով ծնողներն անտեսում են երեխաներին: Դա կարող է հանգեցնել և փոքրիկ երեխաներին առնչվող ողբերգական դեպքերի, ինչպիսիք որ, դժբախտաբար, եղել են մեր իրականության մեջ:

Երեխաներին նույնպես չպետք է քաջալերել ժամեր շարունակ համակարգչի, հեռուստացույցի կամ հեռախոսի առջև անցկացնելը, այլ ծնողները երեխաների հետ պետք է պահպանեն կենդանի շփումն ընտանիքում` միասին Սուրբ Գիրք ընթերցելով, խաղեր խաղալով, ինչքան էլ որ տարիքի բերումով ծնողներին պարզունակ թվա մանկական զբաղմունքներին մասնակցելը: Բայց այդ ամենը պետք է անել հանուն երեխաների առողջ հոգեվիճակի ձևավորման, ճիշտ դաստիարակության մատուցման, հեռուստացույցի ու համացանցի բերած վտանգներից հեռու պահելու, ինչպես և դրանով երեխաների տեսողությանն ու առողջությանը պատճառվող վնասները կանխելու:

Տարիներ շարունակ հեռուստացույցին կամ համակարգչին կպած մարդու համար դժվար է պոկվել այդ ամենից, բայց նա պետք է գիտակցի նման վատ սովորության վտանգն ու սպառնալիքը, և գիտակցումը այդ մոլությունից ազատվելու առաջին քայլն է:

Կարդալ նաև`