ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Միջնադարում աստղագուշակությունը համարվում էր հարգարժան արվեստ, իսկ աստղաբանը կամ աստղագուշակը հասարակական մեծ պատիվ էր վայելում: Որքանո՞վ է քրիստոնեությունը հանդուրժելի համարում աստղագուշակությունը, ինչպիսի՞ն է Եկեղեցու վերաբերմունքը:

Նախ` քրիստոնեության հանդուրժողականության մասին: Քրիստոնեությունը հանդուրժում է միայն այն, ինչը կարելի է ներել, ուղղել և ճշմարտության բերել: Սակայն այն ամենը, ինչ մեղք է և մարդու կամ նրա հոգու կործանման պատճառ, անհանդուրժելի է քրիստոնեության կողմից:

Այս իմաստով մենք կարող ենք անգամ խոսել սկզբունքային հարցերում քրիստոնեության անհանդուրժողականության մասին: Այսպիսին է վերաբերմունքը նաև աստղագուշակության պարագայում:

Սուրբ Գրքում Աստված Ինքն է մարդկանց զգուշացնում հեռու մնալ տարբեր գուշակություններից և հատկապես` աստղագուշակությունից ու աստղագուշակներից, քանզի այդպիսի բաները գարշելի են Աստծո համար, և գուշակությամբ զբաղվողները պիղծ են Աստծո համար (Բ Օր. 4.19, 18.10-12, Երեմ. 10.2, 14.14, 27.9-10, Եսայի 47.12-14):

Սա նաև հանդիմանություն է բոլոր նրանց, ովքեր այսօր էլ անմտաբար թաղված են գուշակությունների, աստղագուշակության մոլորության մեջ: Մեզ ոչ թե անշունչ աստղերն են կառավարում, այլ մարդկությունը ստեղծած և կյանքի շնորհը մարդուն տված Աստված է նախախնամում, ուղղորդում մեր կյանքը բարի ճանապարհով (Սաղմ. 36.23), առաջնորդում Սուրբ Հոգով (Հովհ. 16.13)` բայց միևնույն ժամանակ չբռնանալով մարդու ազատ կամքի վրա այս կամ այն ճանապարհի, արարքների ընտրության հարցում: